Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատացեք, մյուս բնակավայրերում ջրամատակարարման հարցերը շատ ավելի սուր են, քան Երևանում. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի եւ Երեւանի քաղաքապետի խորհրդականի հեռակա երկխոսությունը՝ քաղաքի ջրամատակարարման խնդիրների շուրջ

Հուլիս 25,2024 10:32

Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը վերանայելու «առաջարկներ է ներկայացրել կառավարություն». այս մասին  հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ազատության» հետ զրույցում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը փակագծեր է բացել՝ ուզում են վերանայվող պայմանագրում այնպիսի դրույթներ ավելացնել, որ «Վեոլիա ջուր»-ն ընդլայնման ու ներդրումներ կատարելու պարտավորություններ ունենա։ Գործող կարգավորումներով ընկերությունը ստանձնել է միայն եղածի պահպանումն ու շահագործումը։

Ինչ էր ասել Կամո Արեյանը

«Ծառացել է խնդիր մայրաքաղաքի առջև, որ ջուրը չի հերիքում», – «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Չնայած առատ պաշարներին ու մեծաթիվ աղբյուրներին՝ Երևանում խմելու ջրի սուր խնդիր է հասունանում, այն պարզապես չի հերիքում. տևական ջրանջատումները երևանցիների գլխավոր հոգսերից են դարձել։

Միայն վերջին շաբաթվա ընթացքում ջրանջատման ավելի քան 30 դեպք է եղել։ Գրաֆիկից շեղումների մասին ահազանգերը նույնպես հաճախակիացել են, տարբեր թաղամասերում երեկոյան ջուրը կտրում են մինչ հաջորդ առավոտ։

Քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյա Կամո Արեյանը խոստովանում է՝ այս տեմպերով Երևանը լուրջ փաստի առաջ է կանգնելու։

«Մեծագույն մտահոգությունը ֆիզիկական կորուստն է ջրի՝ 65 տոկոս: Այդպիսի քաղցրահամ ջուր ունեցող քաղաքի ու երկրի համար շատ դառը շռայլություն է», – ընդգծում է Արեյանը:

Երևանը սնող աղբյուրներից դուրս եկող ջրի կեսից ավելին քաղաքացիների տներ հասնելու ճանապարհին կորչում է. – «Կորուստը վկայում է, որ ցանցը քայքայված է, խնդիր ունեն մագիստրալ ջրագծերը, որոնք աղբյուրից ջուրը բերում են քաղաք, հաճախակի են վթարները, խնդիր կա քաղաքի ներսում։ Հետևապես՝ ցանցի բարելավման խնդիր կա»:

2016 թվականին Կառավարության հետ կնքած պայմանագրով ջրամատակարարը՝ «Վեոլիա» ընկերությունն այս կորուստները զգալիորեն նվազեցնելու պարտավորություն է ստանձնել, բայց մասնագետների կարծիքով՝ կորստի ծավալը 7 տարի անց շարունակում է ահռելի մնալ։

Ի՞նչ անել հիմա, որ երևանցիները ծարավ ու անլվա չմնան. քաղաքապետի խորհրդականն ասում է՝ «Վեոլիա»-ն առաջարկում է ջրի սրված խնդիրը լուծել այժմ չօգտագործվող այլ աղբյուրների հաշվին ու այդպես քանակ ապահովել։ Քաղաքային իշխանությունները դեմ են. – «Որ կգա լրացուցիչ քանակ, կսկսեն յոլա գնալ դրանով, կապավինեն, որ ջուրը կա, հետո այդ ջուրն է հանգելու կորուստների փաստի առաջ: «Վեոլիա»-ի առաջարկն է եղել, հիմա նրանք էլ էդ առաջարկն են ներկայացրել, բայց մենք սկզբունքորեն կողմ չենք»:

Քաղաքային իշխանությունները պնդում են՝ տասնյակ տարիներ ծառայած, բայց արդեն վաղուց մաշված սովետական ջրագծերն ու մյուս համակարգերը պետք է փոխվեն, թարմացվեն։ Մինչ օրս արված գործը պարզապես կարկատան է եղել, մինչ մի տեղ խնդիրը կարգավորել են, այլ վայրում է վթար եղել, ասում է պաշտոնյան։ Այս աշխատանքների համար հսկայական գումար է պետք, բայց դեռ նույնիսկ մոտավոր թվեր նշել չեն կարողանում:

Պայմանագրով «Վեոլիա»-ն ցանցն ընդլայնելու ու մեծ ներդրումներ անելու պարտավորություններ չի ստանձնել, քաղաքապետարանն առաջարկում է փաստաթղթում փոփոխություններ անել ու լրացնել այս բացը։ Կառավարությունից տեղեկացնում են՝ հիմա քննարկումներ են ընթանում:

Թե ով ու ինչ համամասնությամբ պետք է ֆինանսավորի այս ամենը, նույնպես հստակություն չկա։ Կառավարություն- քաղաքապետարան-«Վեոլիա» եռակողմ քննարկումներ կանցկացվեն, բայց քաղաքային իշխանությունն արդեն հայտարարում է, որ միայն համայնքն այդ բեռը վերցնել չի կարող:

«Պետք է «Վեոլիա»-ի հետ և Կառավարության հետ քննարկենք՝ ըստ թաղամասերի, գոտիականության որտե՞ղ է խնդիրը սրված, կորուստները՝ ակնհայտ շատ, և որպեսզի կազմվի արդեն գրագետ, հիմնավոր ծրագիր ամբողջ քաղաքի ջրամատակարարման ցանցի արդիականացման համար», – ասում է Կամո Արեյանը:

Խմելու ջրի պակասը խնդիրների միայն մի մասն է. պետք է նաև կոյուղատար համակարգը հիմնովին փոխել, որտեղ էլ չկա՝ կառուցել։

Երևանի 82 հասցեներում բնակվող ավելի քան 12 հազար բաժանորդ կոյուղի ընդհանրապես չունի, սրանք հիմնականում Շենգավիթի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի սեփական տներն են, անգամ Կենտրոնում նման հատվածներ կան։ Միայն այս հասցեներում նման համակարգ կառուցելու համար մոտ 10 միլիարդ դրամ է պետք:

«Առաջին խնդիրը ներկայացրել ենք այս փաթեթում այս խնդիրը, որպեսզի հետագայում արդեն կարողանա Կառավարությունը համայնք-մասնավոր համագործակցությամբ կոնկրետացնեն, հստակեցնեն ֆինանսավորման աղբյուրները», – նշում է Արեյանը:

Քաղաքապետարանն առաջարկում է նաև «Վեոլիա ջրի» պատասխանատվության գոտու հարցը կարգավորել, հաճախ տարբեր խնդիրների դեպքում ընկերությունից պարզապես ասում են՝ սա իրենց սպասարկման տիրույթում չէ։

Կամո Արեյանը պարզաբանում է՝ վերջին տարիների կառուցապատումից, նոր փողոցների շինարարությունից հետո ընդլայնված ցանցը շատ դանդաղ տեմպերով է ընկերության սպասարկման գոտի մտնում։ Այս նոր գույքի 95 տոկոսն առայժմ փաստացի անտեր է. գուցե վթար լինի, զանգեք, ասեն՝ «մենք գործ չունենք»:

«Այստեղ ո՛չ բյուջե է պետք, ո՛չ գումարների ծախս. հետևողական մոտեցում, համալիր մոտեցում և կամք, որպեսզի այս նորաստեղծ ամբողջ գույքը հանձնվի Երևանում ջրամատակարարման-ջրահեռացման և հեղեղատար ջրերի սպասարկման միակ օպերատորին», – ընդգծում է քաղաքապետի խորհրդականը:

Ինչ էր ի պատասխան պարզաբանել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տրված Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հարցազրույցին՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մի շարք հնչեցրած, ըստ մամուլի հաղորդագրության՝ « միակողմանի մտքերի վերաբերյալ ներկայացնում է Վարձակալության պայմանագրով իր առջև դրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակը, որոնք այնուամենայնիվ, շատ ավելի սահմանափակ են, քան ներկայացնում է պարոն Արեյանը:

Եվ այսպես, Պայմանագրի մեկնարկին՝ 2017 թվականին կորուստի բազիսային մեծությունը 81,6 % էր, որը վկայում էր համակարգի վատթար վիճակի մասին: Եթե նույնիսկ ենթադրենք, որ կորուստի մի մասը վերաբերվել է առևտրային բնույթի կորուստներին, ապա մեր գնահատականով դրա զգալի մասը համակարգի մաշվածության հետևանք է: Բացի այդ, տասնյակ տարիների ընթացքում գույքի բնականոն մաշվածությանն ավելացել են նաև թե բնական երևույթներով պայմանավորված (օրինակ՝ սողանքներ Գառնիի, Արզնի ջրատարների որոշ հատվածներում) և թե մարդկային միջամտության արդյունքում (օրինակ՝ Արզնի ձորում, Ապարանի ջրատարի վրա կատարվող ապօրինի հողալցում) առաջացող խնդիրները:

Այսքանով հանդերձ սակայն, Վարձակալության պայմանագրի Հավելված 6 Կատարողական ցուցանիշների ՀԿՑ-ին՝ չհաշվառված ջրի ցուցանիշը (կորուստ) 2031 թվականին՝ պայմանագրային տարվա ավարտի  համար սահմանված է 55 տոկոս: Ինչը ընկերությունն արդեն իսկ ապահովել է:

Ընկերությունը փորձում է միաժամանակ կարգավորել իրարամերժ երկու իրողություն՝ մի կողմից Վարձակալության պայմանագրի կատարողականության՝ Չհաշվառված ջրի (կորուստի) ցուցանիշի ապահովում, որի չապահովման պարագայում կկիրառվի պայմանագրով նախատեսված տուժանքը, մյուս կողմից ցուցանիշի ապահովման նպատակով ցանցի վթարների վերացման համար կատարվող ջրազրկումները: Թեև Վարձատուն պարբերաբար դժգոհում է կորուստի մեծությունից, իսկ բաժանորդները՝ հաճախակի կատարվող անխուսափելի ջրազրկումներից, այնուամենայնիվ համակարգում շոշափելի և շարունակական կապիտալ ներդրումներն են խնդրի արմատական լուծումը: Քաղաքային (հատկապես Երևանը) և գյուղական շատ բնակավայրերի բաշխման ցանցերի անմխիթար վիճակը բնութագրող բազմաթիվ նյութեր փոխանցվել են Վարձատուին:

Ընկերության պարտավորությունը վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի և 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար:

Բնակչության ջրապահանջարկի բավարարման նպատակով համակարգում ներդրումների ծավալների և իրագործման ժամկետների արագացման անհրաժեշտության մասին շեշտադրել ենք Վարձատուին ուղղված մեր բազմաթիվ գրություններում, պաշտոնական և աշխատանքային քննարկումների ընթացքում: Սակայն ուզում ենք հիշեցնել, որ վարձակալության պայմանագիրը միտված չէ միայն Երևան քաղաքը սպասարկելուն:  Պարոն Արեյանի հարցազրույցից տպավորությունն այնպիսինն է, որ այս պայմանագիրը  բացառապես ուղղված է միայն Երևան քաղաքին: Հավատացեք, մյուս բնակավայրերում ջրամատակարարման հարցերը շատ ավելի սուր են, քան Երևանում: Եվ բացի այն, որ պայմանագրով սահմանված ընկերության ֆինանսական ներդրումների քանակը սահմանափակ է, ընկերությունը պայմանագրային տեսանկյունից պարտավոր է համաչափ զարգացնել համակարգը և չի կարող ներդրումները շեշտակի ուղղել միայն Երևանի ուղղությամբ:

Չնայած վերոնշյալ սահմանափակումների՝ Ընկերությունն իր իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորուստի կրճատում 14,6% (ջրառի բազիսային մեծությունը՝ 618 մլն/խմ, 2024 թ.-ին ջրառի մեծությունը՝ 528 մլն/խմ): Միաժամանակ առևտրային կորուստը նվազել է շուրջ  43% (իրացված ջրի բազիսային մեծությունը՝ 116 մլն/խմ, 2024 թ.-ին իրացված ջուրը՝ 166 մլն/խմ): Այսինքն կարող ենք փաստել, որ ընկերությունը վերականգնել է 140 մլն/խմ ջրի տեխնիկական և առևտրային կորուստ:

Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազումներին:

Ընկերության կողմից չօգտագործվող աղբյուրների հաշվին քանակի ապահովման վերաբերյալ պարոն Արեյանի կարծիքին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համակարգը սնող ջրաղբյուրների ջրածավալի նվազման միտում կա և միայն 2024 թվականի առաջին կիսամյակում ինքնահոս ջրաղբյուրներից ջրառը 2017 թվականի համեմատ նվազել է 700լ/վ-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 154լ/վ-ով:

Ինքնահոս ջրառին զուգահեռ՝ նվազել է նաև մեխանիկական (պոմպերի օգնությամբ) ջրառը: Մեխանիկական ջրաքանակի ծավալը նախորդ տարիների համեմատ նույնպես պակասել է: Նախորդ տարիներին ինքնահոս ջրառի պակասը լրացվում էր  մեխանիկական ջրառի ավելացումով, որն աստիճանաբար բարդանում է, քանի որ ինքնաբուխ հորերի ջրատվությունը և ստորերկրյա ջրերի դինամիկ մակարդակը նույնպես նվազում է:

Ըստ մասնագետների՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայկական հրաբխային բարձրավանդակում ձևավորվող ստորերկրյա ջրերի ծախսը 2013 թվականի նկատմամբ նվազել է շուրջ 30-33%-ով: Տարեցտարի ջրաղբյուրների ծախսի նվազման տեմպերի ավելացումը հանգեցնում է համակարգի ջրամատակարարման խաթարումների:

Բացի այդ, աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում կարող է առաջանալ ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ: Մեր հաշվարկներով 2017-2024 թվականների ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ավելի քան 2500լ/վ ջրաքանակի տեխնիկական պայման, որը կազմում է Երևան մատակարարվող ջրի շուրջ 33%-ը:

Գնահատելով քաղաքի զարգացման ներկայիս տենդենցը ընկերությունը ներկայացրել է իր մտահոգությունն առ այն, որ առկա ներդրումային քաղաքականության պայմաններում առաջիկայում խնդրահարույց կլինի լրացուցիչ ջրապահանջարկի ապահովումը: Հենց սա էլ հաշվի առնելով՝ ընկերությունը առաջարկել է որպեսզի քաղաքի համար ունենանք  ռազմավարական  պաշար,  այսինքն` ներգրավվեն նոր ջրաղբյուրներ, օրինակ՝ Մաքրավանի ջրաղբյուրից մոտ 350լ/վ, Արզաքան-Սոլակի ջրաղբյուրից՝ 700լ/վ և այլ, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից: Այլապես մենք պետք է սպասենք այնքան, որ ընկերությունը կարողանա միայն իր  ֆինանսական միջոցների հաշվին վերացնել կորուստները:

Այնուամենայնիվ, Ընկերությունը իր պայմանագրային  պարտավորություններից չի խուսափում և կորուստների բացահայտման իր ամենօրյա աշխատանքը շարունակում է նաև այլ միջոցառումների հաշվին:

Իսկ այն քննադատությանը, թե ընկերությունը չի ընդունում և չի սպասարկում ողջ գույքը, ևս մեկ անգամ շեշտում ենք, որ  ընկերությանը Պայմանագրով պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն  այն գույքի վրա, որը իրեն հանձնված է  Կառավարության որոշումով: Եվ որքան էլ Վեոլիան կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում են հսկայական ծախսեր, որոնք  Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են:

Բացի այդ  հիշեցնենք, որ Վարձակալության պայմանագրի կողմը  հանդիսանում է Ջրային կոմիտեն, որն էլ  գույքը ընդունողը և այնուհետև Վեոլիային շահագործմանը հանձնողն է:

Այո, պարոն Արեյանը ճիշտ է, որ քաղաքում կան հսկայական ծավալի անելիքներ  կոյուղատար և հեղեղետար համակարգերում, սակայն դրանց ներդրումների (կապիտալ ծախսերի) ոչ ծավալը, ոչ հաշվարկը,  ոչ սակագինը նախատեսված չէ գործող պայմանագրով: Ընկերությունը թե ջրագծերի, թե կոյուղատարների և թե հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով: Եվ կարծում ենք, որ Վեոլիայի աշխատանքը նման կերպով  քննադատելն ու դժգոհություն առաջացնելը  առնվազն արդարացի չէ:

Հենց Ընկերության կողմից կատարված աշխատանքների  և իր ենթակայության տակ ունեցած համակարգի գնահատականից ելնելով էլ՝  ընկերությունը առաջարկություն է  ներկայացրել Կառավարություն լավարկելու գործող պայմանագիրը այնպես, որ հնարավորություն լինի էլ ավելի արագացված տեմպերով կատարել ներդրումներ ջրային  համակարգում՝ դրանով իսկ  զսպելու կլիմայական փոփոխությունների հետևանքով  աղբյուրների նվազման տեմպը:

Ինչպես արդեն հայտնի է, այժմ քննարկումները ընթանում են ՀՀ կառավարության և շահագրգիռ այլ պետական մարմինների հետ, և «Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է համբերատար սպասել մինչև  քննարկվող փաթեթը ստանա վերջնական տեսք, որից  հետո, համոզված ենք, Վեոլիայի կատարողականությանը կտրվի օբյեկտիվ գնահատական: Հատկապես, որ դա պետք է տրվի պայմանագրի կողմի՝ Ջրային Կոմիտեի կողմից: Սպասենք արդյունքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031