Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում Նիկոլ Փաշինյանը 2021-ին ոչ թե իշխանություն է ստացել, այլ ինդուլգենցիա, որն այս դեպքում ոչ թե մեղքերը քավելու վկայություն է, այլ նորանոր մեղքեր, հանցանքներ գործելու ու անպատիժ մնալու հավաստիք. «168 ժամ»

Հուլիս 25,2024 09:00

44-օրյա պատերազմից, դրան հաջորդած աղետներից հետո 2021թ․ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու նրա «ՔՊ»-ին իշխանություն վստահելը գրեթե նույնքան ամոթալի ու խայտառակ իրողություն էր, որքան պատերազմում կրած պարտությունը։ Խնդիրն անգամ այն չէ, թե նրանց ստացած 680.000 ձայնից որքանն էր իրական, որքանը՝ կեղծված։ Նորմալ հասարակությունում պատերազմից հետո այդ պատերազմում իշխանություն զբաղեցրածը չէր կարող ստանալ անգամ 6.800 ձայն։ Իրերն իրենց անուններով կոչելու փոխարեն՝ մինչև հիմա հասարակության այդ վարքագիծը բացատրվում է ամենատարբեր պատճառաբանություններով՝ մարդիկ խաբվեցին իշխանության քարոզչությանը, վախեցան նախկինների վերադարձից, ահաբեկվեցին պատերազմի կրկնությամբ, և այդպես շարունակ։

Բայց իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։

Նիկոլ Փաշինյանին կրկին իշխանություն վստահելն իրականում ոչ թե տիեզերական մակարդակի իմաստնության կամ քաղաքական հոտառության, այլ սովորական մեղսունակության բացակայության վկայություն էր, որի մասին, սակայն, գրեթե բոլորը գերադասում են չխոսել։ Բացառությամբ նույն Նիկոլ Փաշինյանի, ով մի քանի անգամ գրեթե հանդիմանական կերպով հայտարարել է, որ այն, ինչ անում է, անում է «ժողովրդի տված իշխանությամբ», այսինքն՝ իր պատասխանատվությունը բարդում է հասարակության վրա։

Իրականում Նիկոլ Փաշինյանը 2021-ին ոչ թե իշխանություն է ստացել, այլ ինդուլգենցիա, որն այս դեպքում ոչ թե մեղքերը քավելու վկայություն է, այլ նորանոր մեղքեր, հանցանքներ գործելու ու անպատիժ մնալու հավաստիք։ Դրա համար էլ արդեն երեք տարի Արցախի հարցն ըստ իրեն վերջնականապես լուծելուց հետո, շարունակում է Հայաստանի հետ անել այն, ինչ ցանկանում է, կամ ցանկանում են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, ովքեր շահագրգիռ են իր իշխանությամբ։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031