Երկրում ինչ-որ բան փոխելու համար պետք է մարդկանց գիտակցությունը փոխել, որովհետև դա ավելի կարևոր է, քան դասական իշխանափոխությունը: Ուղղակի իշխանափոխության դեպքում հնարավոր է արդյունքում այդպես էլ ոչինչ չփոխվի, ինչպես 2018 թ.-ից հետո եղավ: Այս միտքը վերջին ամիսներին հատկապես առաջ քաշեց Բագրատ Սրբազանը: Նկարիչ Աշոտ Ավագյանն էլ է շեշտում, որ այս առաջարկը, թերևս, ամենակարևոր բաներից մեկն է յուրաքանչյուր ժողովրդի, համայնքի, ընտանիքի, մարդու համար:
…Նրա խոսքով, պետք է ձևավորվի մեկ ընդհանուր գաղափարախոսություն, որը կփոխանցվի հատկապես այն մարդկանց, որոնք սերունդներ են կրթում և դաստիարակում: «Պետք է մեկ երազանք կամ նպատակ ունենանք և վերջնական ձևակերպենք այն, այդ ձևակերպողների պոտենցիալն ունենք: Մնացյալ ամեն ինչն այդ նպատակի ածանցյալներն են, էպիզոդները: Օրինակ՝ խոսում ենք, որ «Հայոց պատմությունը» վերանվանվեց «Հայաստանի պատմություն», Հայ գրականության ծրագիրը փոփոխվում է, հայ հեղինակներին փոխարինում են արտասահմանյան գրողներ և այլն: Մեր պայքարն ու կռիվը ոչ թե սրա դեմ պետք է լինի, այլ հանուն մեկ գլխավոր նպատակի: Դա պետք է լինի մեր շոգեքարշը: Ընդ որում, ունեինք ազգային նպատակներ ու երազանքներ: Նախկին իշխանությունները, կարծես թե, ուշադրություն չէին դարձնում դրանց, այդ պատճառով էլ սրանք եկան ու կարողացան շատ արագ մեզ շեղել ճիշտ ուղուց, որով պետք է շարունակեինք ընթանալ:
Արդար լինելով՝ ասենք, որ միայն սրանցով չէր: Այս ուղղությամբ մոտ երեսուն տարի աշխատել են: Նաև արտաքին ուժերը, նաև մեր հարևանները: Բայց սա էլ է բնական, որովհետև եթե մենք, որպես պետություն ու հասարակություն, ուժեղանանք, նույն գործիքները վաղը կիրառելու ենք մեր հարևանների նկատմամբ: Սա արել ենք 1990-ական թվականներից սկսած, բայց, կարծես, հետևողական չեղանք: Սա մարդու բնազդի մեջ դրված մի բան է, որը հետո պետք է մեծացնել և դարձնել պետություն: 130 տարի առաջ Դաշնակցության հայրերը ձևակերպել են մեր երազանքը, բայց դա մենք մոռացել ենք: Իրենք խոսում են հարատև պայքարի մասին, որպես երազանք դրել էին միացյալ հայրենիքի գաղափարը և այլն: Այսօրվա համար այդ ձևակերպումները շարունակում են արդիական մնալ, գուցե մի փոքր անհրաժեշտություն կա դրանք փոփոխելու, որ համահունչ լինեն մեր ժամանակներին, բայց միայն այդքանը: Բայց մեզ անընդհատ շեղում են մեր կարևոր գաղափարից, նպատակից: Հեծանիվ է քշում, պեռաշկի է ուտում, հետո ի՞նչ: Բայց ամբողջ ընդդիմադիր մեդիան սկսում է դա քննարկել, ինչո՞ւ:
Մի փոքր այլ ուղղությամբ գնամ: Հիտլերը եկավ իշխանության, մի քանի տարվա մեջ պետություն կառուցեց, որը կարող էր ոտք գցել տարածքային առումով Խորհրդային Միության նման մեծ պետության հետ, Անգլիայի ու Ամերիկայի հետ: Այդ ընթացքում սխալներ էլ թույլ տվեց, դա ուրիշ պատմություն է: Համաշխարհային պատմությունը, մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչ է պետք անել, դրա մասին գրված գրքեր կան, այս թեզերը ես չեմ հորինել, բայց ինչո՞ւ մենք չենք կարողանում եզրահանգումներ անել և մեր նպատակը ձևակերպել: Մեզանում էլ կան գաղափարական մարդիկ, որոնք կարող են փոփոխություններ անել, նպատակի ձևակերպման ու իրագործման ճանապարհով գնալ, ուղղակի վերջին շրջանում, կարծես, շատ չէին խոսում: Չնայած հիմա «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման և Սրբազանի շնորհիվ հնարավոր է այդ մարդիկ առաջին պլանում հայտնվեն: Ժամանակ է պետք: Պատահական չէ, որ սրանց օրոք կրթությունը, մշակույթը հայտնվեցին թիրախում վատ առումով:
Կարդացեք նաև
Օրինակներ կան դեռ համաշխարհային պատմությունից եկող, թե ինչից պիտի սկսես դեգրադացնելը, երկիրը թուլացնելը, ժողովրդին ստրուկ դարձնելը: Մենք առաջինը չենք ու վերջինն էլ չենք լինելու: Եկեղեցին չկարողացան քանդել, քանի որ այն նախ ինստիտուցիոնալ, գաղափարական հիմք ունեցող կառույց է, արդեն որպես ավանդույթ է մեր մեջ, անգամ մեզանից անկախ: Բայց եկեղեցին էլ մի փոքր ուշ «արթնացավ», այն ժամանակ, երբ անկախացանք, ինչ-որ բան պետք է աներ, բայց չարեց, դա էլ իր մեղքն է»:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում