Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ՝ անձնական էմոցիաներ

Հուլիս 25,2024 10:00

1997 – 2015 թվականներին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր Արմեն Ամիրյանը, որն այդ ընթացքում որեւէ քաղաքական ուժի հանդեպ համակրանք ունենալու մեջ, ինչպես ասում են, «չէր կասկածվում»: Երբ 2000-ականների սկզբին «մոլեգնում էր» քոչարյանական «Հայլուրը», Հանրային ռադիոն, ընդհանուր առմամբ, պահպանում էր իր չեզոքությունը: 2017-18 թվականներին նույն պաշտոնը զբաղեցնում էր Մարկ Գրիգորյանը, որը նույնպես «ապաքաղաքական պրոֆեսիոնալ» է:

Այժմ այդ ավանդույթը, կարծես թե, խախտվում է, եւ «դեպի իշխանությունը չկողմնորոշված» մասնագետ Գարեգին Խումարյանին փոխարինելու են «կողմնորոշվածով»: Հանրային հեռարձակողի խորհուրդը, որն իրենով փոխարինել է անկախ մրցութային հանձնաժողովը, այստեղ զուտ «տեխնիկական» դեր է խաղում:

Պարզ է, որ այսօր մեդիադաշտի կառուցվածքն այլ է, եւ այն հարցերը, որոնք սուր էին դրված 10 կամ 20 տարի առաջ, այսօր որոշ չափով կորցրել են իրենց արդիականությունը: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ինչպես Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակ «Ա1+»-ին չէր թողնում եթեր, այդպես էլ հիմա: Բայց այժմ կան հարյուրավոր մեդիահարթակներ, որոնք, նույնիսկ ցանկության դեպքում, իշխանությունը չի կարող վերահսկել, եւ շատ դեպքերում այդ հարթակներն ավելի ազդեցիկ են, քան «պաշտոնապես» գործող լրատվամիջոցները: (Ինչո՞ւ է դա այդպես, լա՞վ է դա, թե՞ վատ՝ առանձին խոսակցության առարկա է):

Եթե Գարեգին Խումարյանը շարունակի ղեկավարել Հանրային ռադիոն, դա, մեծ հաշվով, որեւէ վտանգ չի ներկայացնի իշխանության համար: ՀՌ տնօրենին փոխելու նախաձեռնությունը, կարծում եմ, բխում է Փաշինյանի անձնական վրեժխնդրությունից:

Փետրվարի 1-ին վարչապետը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին, եւ Խումարյանը հրապարակավ դժգոհություն էր հայտնել իր լրագրողի աշխատանքից, որն, իր կարծիքով, չէր խորացել խնդիրների էության մեջ: (Խոսքը, հիշեցնեմ, մասնավորապես, Սահմանադրությունը փոխելու մասին էր՝ «ցուլերին կարմիր շորով չգրգռելու նպատակով»): Պատահում է՝ ես էլ եմ երբեմն «Առավոտի» աշխատակիցներից դժգոհում:

Բայց Փաշինյանը, հավանաբար, դա համարեց անձնական վիրավորանք եւ հրամայեց փոխել Խումարյանին մի անձով, որի նվիրվածությունը կասկածի տեղիք չի տալիս: Ահա ամբողջ պատմությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031