«Ազատություն». Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև, չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիևը, այսինքն՝ «կամ-կամ»»,- մեկնաբանելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման ԵՄ որոշումն՝ ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է։
Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են լարված մնալ. դրանք սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։