Սկիզբը՝ այստեղ:
«Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլեւս այդքան կարեւոր չլինել»
Հունիսի 12-ին Երեւանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ ամփոփիչ նիստը: ԱՄՆ-ը ունի մեծ ներուժ՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն եւ արժանապատիվ խաղաղության հաստատմանը, հունիսի կեսերին սա արձանագրեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ ամփոփիչ նիստի մեկնարկին։
ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենն իր հերթին Երեւանում շեշտեց, որ Վաշինգտոնն աջակցում է տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման ջանքերին։ «Մենք աշխատում ենք նաեւ տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով, եւ եթե տեւական խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Եվ մենք ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել ջանքերին»։
Կարդացեք նաև
Այնուհետեւ Օ՛Բրայենը «Ազատությանը» տված հարցազրույցում ընդգծեց` ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, եւ որ պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, ինչից հետո, սակայն, Բաքուն շարունակել է նոր պահանջներ դնել Երեւանի առջեւ։ «Ինչո՞ւ է ժամանակը: Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առեւտուրը, այլեւ նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով», – ասաց նա։ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը շարունակեց. – «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլեւս այդքան կարեւոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաեւ կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը»:
ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի մյուս ուշագրավ արձանագրումը վերոնշյալի հետ միասին հետեւյալն էր` «Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն կամ միջամտող»: Հարցին՝ եթե կողմերը պայմանավորվեն, ԱՄՆ-ը կհամաձայնի՞ դառնալ պայմանավորվածությունների երաշխավորը, փոխպետքարտուղարն արձագանքեց՝ կողմերից որեւէ մեկն իրենց այդ հարցով չի դիմել. «Թե կոնկրետ ինչ դեր մենք կարող ենք ունենալ կամ չունենալ, իրականում պետք է որոշեն երկու կողմերը: Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն կամ միջամտող։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների օրինական ցանկությանը՝ կնքել խաղաղության համաձայնագիր, որը տեւական կլինի: Այս պահին կողմերը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ»:
Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը մեծապես կարեւոր է ԱՄՆ-ի համար. ԱՄՆ պետքարտուղարի արձանագրումը Երեւանում
Հունիսի 17-ին Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Նա լուսանկար հրապարակեց սոցցանցում՝ կից գրելով. «Բարեւ, Երեւան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու եւ մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու»։
Ամերիկացի պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր երկօրյա պաշտոնական այցով, նա մասնակցեց Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Այս այցը վկայում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի հետագա ամրապնդման մեր մտադրության մասին», – նշել էր ԱՄՆ դեսպանատունը։
Նիկոլ Փաշինյանի եւ Ռիչարդ Վերմանի հանդիպմանը կարեւորվել էր Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետեւողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Ռիչարդ Վերման շեշտել էր ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների եւ համայնքների միջեւ, ինչպես նաեւ տնտեսության, կրթության եւ այլ ոլորտներում:
ԱՄՆ-ը ցանկանում է ունենալ ճանապարհային քարտեզ առանցքային ոլորտներում առաջընթացի համար, նշել էր Վերման՝ Միրզոյանի հետ հանդիպմանը: Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը մեծապես կարեւոր է Միացյալ Նահանգների համար, Երեւանում, արտգործնախարար Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալը։ Վերման ընդգծել էր, որ երեւանյան քննարկումների արդյունքում Վաշինգտոնը ցանկանում է ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության եւ բարգավաճման, տնտեսության, առեւտրի, մարդկանց միջեւ շփումների ոլորտներում, եւ շարունակել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը դեպի նոր մակարդակ։ Արարատ Միրզոյանը եւ Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել էին նաեւ ՀՀ դիմակայության ամրապնդման համատեքստում:
Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ու նրանց ուշագրավ ուղերձները
Հուլիսի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունն էր Հայաստանում: Վիքերը հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողով։ Նա նաեւ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։
Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունը բաղկացած էր 7 հոգուց, այդ թվում՝ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը, համանախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը։ Պատվիրակության հայաստանյան հանդիպումների նպատակը` ԱՄՆ-ի եւ Հայաստանի կապերի ամրապնդումն էր: Պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ փախստականների հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ԱՄՆ կառավարության անկախ հանձնաժողով է, որ ձգտում է առաջ տանել ԱՄՆ ազգային անվտանգությունն ու ազգային շահերը՝ խթանելով մարդու իրավունքները, ռազմական անվտանգությունը եւ տնտեսական համագործակցությունը ԵԱՀԿ 57 երկրներում։
Սենատոր Ռոջեր Վիքերը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը անկեղծ էր. «Մենք միջնորդ ենք ուզում լինել, օգնում ենք հարթել, ձեւավորել այն սկզբունքները, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնագիրը։ Դրանից հետո կլինեն նաեւ այլ հարցեր, որոնցով պետք է զբաղվել»: Նա շեշտեց ԱՄՆ-ի դիրքորոշումը. «Մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որոնք դրսեւորվում են Հայաստանի կողմից համաձայնություն ձեռք բերելու եւ տեւական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Մեր վերջնական նպատակն է, որ ողջ տարածաշրջանում լինի խաղաղություն եւ անվտանգություն ու հարեւանների իրավունքների նկատմամբ հարգանք»։
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Վիլսոնն իր հերթին շեշտել էր, որ պաշտպանելու են Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի սահմանների անխախտելիությունը. «Մենք փորձելու ենք աջակցել հայ ռազմագերիների վերադարձի հարցում։ Դուք հարյուրավոր տարիներ նման իրավիճակների բախվել եք եւ հաջողված դուրս եկել այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ ի վերջո կլինի կայունություն Հարավային Կովկասում»։ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բին Քարդենն էլ նկատել էր՝ խաղաղության համաձայնագրով պետք է ապահովվի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ սահմանների նկատմամբ ոտնձգություններ չեն լինելու։
Հայաստանի Ազգային ժողովից սենատոր Ռոջեր Վիքերն ուշագրավ մի քանի ուղերձներ էլ Ադրբեջանին հղեց: «Ուզում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին եւ ԵԱՀԿ մյուս անդամներին ասել՝ զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ։ Մեր բարեկամներին Ադրբեջանում ուզում եմ խորհուրդ տալ, որ փորձեն հասկանալ ազատության գինը, եւ մենք քանիցս դա տեսել ենք։ Այս զգուշացումն ուզում եմ փոխանցել բոլոր նրանց, որոնք Ադրբեջանում են, զգուշացեք, որ ռուսական մեծ արջը եւս մեկ անգամ չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին ԽՍՀՄ երկրի նկատմամբ»։
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Վիլսոնի գնահատականներն էլ ուղղված էին տարածաշրջանի երկրներին. «Տեսել ենք տարածաշրջանային մարտահրավերները Հարավային Կովկասում, նաեւ Հայաստանի վերջին քայլերը, որ փորձել է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից ու ավելի մոտենալ Արեւմուտքին։ Տեսել ենք նաեւ Հայաստանի անկախ արտաքին քաղաքականություն վարելու ցանկությունը եւ Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ը վերականգնելու նկրտումներին հակազդելու առումով քայլերը։ Անվտանգային համագործակցությունը խորացնելով՝ կարող ենք ապահովել, որ ՀՀ-ն լինի դիմակայուն արտաքին ճնշումների նկատմամբ։ Սա երկուստեք շատ լավ կլինի ՀՀ-ի ժողովրդի եւ տարածաշրջանի համար»։ Ջո Վիլսոնը հորդորեց Ադրբեջանին հնարավորինս արագ ամփոփել խաղաղության գործընթացը, իսկ Թուրքիայի՝ իրենց գործընկերներին հորդորեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն։
Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնյաների ու պատվիրակությունների անդամների կողմից հղված ուղերձների առատությունը ակնհայտ ի ցույց են դնում Վաշինգտոնի ներկայիս առաջնահերթություններն ու հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ: Հարկ է նկատել, որ այս քաղաքական ուղերձները զուգորդվեցին «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացմամբ:
Դեռ հունիսին ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարեց, որ Վաշինգտոնը նաեւ պաշտպանության անվտանգության հարցերում է շարունակելու աշխատել Երեւանի հետ։ «Անցած տարի տեղի ունեցավ մեր առաջին համատեղ զորավարժությունը՝ «Արծիվ գործընկեր»-ը։ Մենք նաեւ կիբերանվտանգության, սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, պարենային անվտանգության ասպարեզում ենք ակնկալում աշխատել։ Այստեղ Հայաստանը հնարավորություն ունի սեփական կարիքների ապահովման ուղղությամբ եւ այդ ջանքերում մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին», – ասաց Օ՛Բրայենը, միեւնույն ժամանակ շեշտելով, թե ինչու են ցանկանում ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, որը հնարավորություն կտա առավել խորը փոխգործակցության։
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 24.07.2024