Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գրողը հանրայնացրել է իրենից գողացված մանկության պատմությունը

Հուլիս 25,2024 12:30

«ԷՋ» հրատարակչությամբ լույս է տեսել Լիլյա Գեւորգյանի «Գողացված մանկություն» պատմվածքների ժողովածուն։

– Լիլյա, «Գողացված մանկություն» ժողովածուում ներառված պատմվածքները չափազանց զգացմունքային են, հուզիչ, թախծոտ…

Ինչպե՞ս կարողացավ 16 տարեկան աղջնակը պատերազմն անցկացնել դեռահասի պրիզմայով ու թղթին հանձնել այդ զգացմունքները։

–  Չգիտեմ ինչպես կարողացա, ստացվե՞ց արդյոք ինձ մոտ, թե՞ ոչ, բայց փորձեցի ապրել այդ ժամանակաշրջանը, ընդունել բոլոր մարտահրավերներն ու ստանալ իմ պայքարի բանաձեւը: Ես անընդհատ նշում եմ, որ տարիքը կապ չունի, կյանքում մեզ դաստիարակում, կոփում ու մեծացնում են հոգեկան կործանումները, անսպասելի հյուրերը, որն իմ դեպքում հանդիսացավ պատերազմն իր բոլոր կողմերով: Առ այսօր չեմ կարողանում գտնել այն պատասխանը, թե քանի՞ տարով ինձ մեծացրեց պատերազմը, կամ պարզապես չեմ ցանկանում ինձ բավականչափ ծեր համարել ու հարցի պատասխան չգտնելն արդարացում է ինձ համար:

Շատ դժվար է եղել գրելու ընթացքը նրա համար, որ մտքեր էին կուտակվում, որոնց հանդեպ անհնար էր հաշտ լինել: Ինչ-որ վատ վերջաբաններ էին ծնվում, որոնց չլինելու համար էի աղոթում: Ես այդ օրերին սովորել էի ինքնուրույն լինել, կառավարել իմ զգացմունքներն ու շռայլ չլինել դրանց ցույց տալու մեջ: Ես թաքցնում էի հույզերս ինձ համար ամենաթանկ մարդկանցից, ու երբ գիտակցում էի, որ նրանք պետք է կարդան գրածս, ծանոթանան ապրումներիս, ցանկանում էի ջնջել ամբողջը, բայց այդ դժվարությունն էլ հաղթահարեցի: Թույլ տվեցի ավելի մոտ լինեն ինձ. երեւի ճիշտ էի:

– Կմտաբերե՞ք ձեր կյանքի ինչ-որ դրվագ, կամ գուցե որեւէ անձ, ով ոգեշնչել է ձեզ գրել այս կամ այն պատմվածքը։

– Իր մեծ ներդրումն ունեցել է եղբայրս, ով պատերազմի ժամանակ ծառայության մեջ է եղել: Միշտ իր օգնությունը զգացել եմ: «Գողացված մանկություն» պատմվածքն ամբողջությամբ այն է, ինչ պատահեց իմ ընտանիքի հետ, ու դա թերեւս ամենապարզ, միեւնույն ժամանակ շատ խեղդող ապրումներից է ծնված: Կյանքումս այն դրվագը, որն ինձ ոգեշնչեց գրել այս պատմվածքը, ծննդյանս օրն էր պատերազմի ժամանակ: Ամենից ազդեցիկ պահն ինձ համար այն էր, որ գրելու ընթացքում հասկացա, թե ինչպես փոխվեց իմ կյանքը, երբ նախկինում ամբողջ տարվա ընթացքում սպասում էի, թե երբ կգա ծննդյանս օրը, իսկ պատերազմից հետո սկսեցի սիրել բոլոր օրերը, բացի այդ օրվանից:

– Ո՞րն է ձեր ուղերձն ընթերցողին։

– Հավատքով ապրել մեզ տրված կարճ թիթեռի կյանքը, սիրել ու բարին տալ աշխարհին եւ չկորցնել բնականը տեսնելու, նկատելու կարողությունը:

–  Եղե՞լ է պահ, երբ ձեզ թվացել է, որ այլեւս չեք կարողանում շարունակել գրել։ Եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել այդ խոչընդոտը։

– Իհարկե, եղել է: Ես սկզբում գրել սկսել եմ նրա համար, որ կարոտս ու կյանքի հանդեպ ունեցած անհամաձայնություններս չսպանեն ու չքայքայեն ինձ: Համարել եմ ու հիմա էլ է այդպես, որ գրելն ինձ օգնում է բացասականը դուրս հանել ու ապրել միայն լուսավորի ակնկալիքով: Բայց հաճախ զգում եմ, որ ընթացքում, ավելի խորանալով նուրբ հարցերի մեջ, հարցեր տալով ու պատասխաններ չգտնելով, օգնելու փոխարեն խանգարում եմ ու այլեւս չեմ կարողանում գրել: Այդ պահին համարում եմ, որ գրիչս ինձ չի սիրում, թողնում եմ ու հաղթահարում խնդիրները բնության գրկում: Սիրում եմ մարդկանց բացակայությունն ու զսպված լռությունն այդ ժամանակ:

– Ո՞րն է հաջողված պատմվածքի գրավականն ըստ ձեզ։

– Անկեղծությունը միշտ համարում եմ առաջնային, իհարկե, սիրում եմ ամեն ինչ չափավոր, բայց դա միակ ճանապարհն եմ համարում, որն ինձ մոտեցնում ու ընկեր է դարձնում ընթերցողին:

– Նախատեսո՞ւմ եք նոր գիրք գրել, գուցե վեպ…

– Հույս ունեմ, որ կյանքումս չի լինի մի շրջան, որ չգրեմ, ու հենց այս շարժառիթով առաջնորդվելով եմ նոր գրքի մասին ցանկանում մտածել: Ու վերջերս զգում եմ, որ այն տեսնում եմ հենց վեպի տեսքով, իսկ թեման նորից կռիվն եմ ընտրելու, որովհետեւ հույզերս, ապրումներս դեռ շատ են ու թարմ, իսկ ցանկացած գործ, ըստ իս, ստեղծվում է առաջին հերթին այն ժամանակ, երբ գործի ենք դնում մեր ներսի ամենաանկեղծ զգացումները:

Զրույցը՝

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031