ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստին այսօր տուժողի լիազոր ներկայացուցիչը չցանկացավ դիրքորոշում հայտնել մեղադրյալների պաշտպանների հայտարարությունների մասին: Նա միայն հայտնեց, որ միանում է մեղադրող դատախազի միջնորդությանը՝ մեղադրյալների կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով:
Դատախազը իր միջնորդությունը հիմնավորելիս հիշեցրեց, որ մեղադրյալներից Թաթուլ Պողոսյանը մինչեւ այս պահը պատիժ է կրում Սեւանի քրեակատարողական հիմնարկում մեկ այլ մեղադրանքով: Ըստ նրա՝ հիմքեր կան ենթադրելու, որ ազատության մեջ մնալու դեպքում նա կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելու հիմքերին՝ դատախազը հիշեցրեց, որ Պողոսյանը նախկինում ծանր հանցանք է կատարել՝ ավազակային հարձակման համար ՌԴ-ում դատապարտված է եղել, ՀՀ-ում էլ թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ օգտագործման մեղադրանքով. «Մեղադրող կողմի մոտ նման դիրքորոշում է ձեւավորվել, որ ազատության մեջ մնալու դեպքում նա նոր հանցանք կարող է կատարել»:
Ինչ վերաբերում է պաշտպանների փաստարկներին, թե մեղադրանքն ապացուցող ոչինչ չկա, դատախազն ասաց, որ ցանկացած մեղադրանքի հիմքում դրված է ապացույցների համակցություն, ապա Պողոսյանին երեք ամսով կալանավորելու միջնորդություն ներկայացրեց:
Քոքոբելյանի լիազոր ներկայացուցիչը Թաթուլ Պողոսյանի մասով միացավ մեղադրող դատախազի միջնորդությանը. «Չմոռանանք այն փաստը, որ ենթադրյալ հանցանքը կատարել է այն ժամանակ, երբ իր նկատմամբ այլ մեղադրանք է եղել: Դա հիմք է տալիս ենթադրելու որ խափանման այլ միջոցի դեպքում հնարավոր է նոր հանցանք կատարի:
Սուրեն Մանուկյանի մասով նույնպես կալանքի ժամկետը պետք երեք ամիս ժամկետով երկարաձգվի, որովհետեւ կալանքի հիմքերը պահպանվել են, ոչինչ չի փոխվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ