Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ լավություն կլինի Գյումրիի հյուրանոցների ու ռեստորանների տերերին, եթե միջոցառումներ կազմակերպվեն նաև ձմռանը»․ Վարդան Սրտաշյան

Հուլիս 24,2024 21:40

Վերջերս Գյումրիում բավականաչափ շատ են մշակութային միջոցառումները, դրանք հատկապես կազմակերպվում են շաբաթ-կիրակի օրերին։ Օրինակ՝  երկու շաբաթ առաջ «Սև Բերդ» ամրոցում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ էր, անցած շաբաթ Գյումրու Աբովյան ճեմափողոցում՝ պանրխաշի փառատոն, որը տնից դուրս են հանել  շատ գյումրեցիների, այս քաղաք բերել զբոսաշրջիկների։

Իսկ այս շաբաթ՝ հունիսի 27-ին, Վարդանաց հրապարակում տեղի է ունենալու Ֆեստիվառ՝ Թաթա Սիմոնյանի մենահամերգով։ Հաջորդ օրն էլ Գյումրու տոնն է՝ բազմաթիվ մշակութային միջոցառումներով։

Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանից հետաքրքրվեց, թե այս միջոցառումները աշխուժացրե՞լ են զբոսաշրջիկների հոսքը, թե՞ անցած տարվա նման խեղճացած վիճակում է այս ոլորտում։

Մեր զրուցակիցն ասաց․ «Նմանատիպ միջոցառումներն, անշուշտ, շատ կարևոր են  զբոսաշրջային պոտենցիալը զարգացնելու առումով, բայց պետք է ի նկատի ունենալ, որ հուլիս-օգոստոս ամիսներին ինչքան էլ զբոսաշրջության ոլորտը թուլացած լինի Շիրակի մարզում, Գյումրիում, այնուամենայնիվ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունները շատ խնդիրներ չունեն, որովհետև ինչպես ասում են՝ high season է ոլորտում։

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները խնդիրների հանդիպում են ձմեռային շրջանում։ Գյումրին կուրորտային քաղաք չէ, ձմռան ու վաղ գարնանային շրջանում ունենում են լրջագույն խնդիրներ։

Զբոսաշրջության մեջ դրանք մեղմելու լավագույն տարբերակներից մեկն այդ շրջանում, երբ հյուրանոցներում, ռեստորաններում ծանրաբեռնվածությունը շատ քիչ է, այն է, որ միջոցառումները կազմակերպվեն այդ ժամանակ, որպեսզի գործարարները կարողանան որոշակի առումով իրենց ծախսերը հոգալ։

Օրինակ՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որն այս պահին Գյումրիում է ընթանում, և մասնակիցների մեծ մասին  հյուրընկալել ենք մեր հյուրանոցում, կարելի էր ձմռանը կազմակերպել։ Եթե անգամ մենք մասնակիցներին չհուրընկալեինք, այս սեզոնին հյուրանոցային համարներ վաճառելու և ռեստորանում ծառայություններ մատուցելու առանձնապես մեծ խնդիր չէինք ունենա։

Բայց եթե նույնը տեղի ունենար ձմռան ամիսներին, դա շատ մեծ լավություն կլիներ ողջ քաղաքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար։

Թող չթվա, թե փորձում ենք թերություններ գտնել այս ամենում, իհարկե, շատ գովելի են միջոցառումները, մենք էլ բազմիցս նշել ենք, որ զբոսաշրջային բացերը լրացնելու համար քաղաքային, պետական կառույցները պետք է նմանատիպ միջոցառումներով՝ փառատոներով, սպորտային միջոցառումներով, փորձեն մեղմել այդ բացերը, բայց պետք է հասկանալ, որ այդ ամենը պետք է անել տարվա կտրվածքով՝ նաև որոշակի ամիսների ընթացքում, որպեսզի արդյունավետությունը շատ ավելի բարձր լինի։

Ի տարբերություն Ծաղկաձորի, որի համար ձմեռային ամիսները համարվում են high season, մարդիկ գնում, ճոպանուղուց են օգտվում, դահուկներով են սահում, բնությունն են վայելում, Գյումրիում ձմեռային ամիսներին որևէ հետաքրքրություն կարծես թե չկա։

Օրինակ՝ եթե հյուրանոցը ջեռուցման վրա ծախսում է X գումար, հյուրանոցը դատարկ էլ  լինի, լիքն էլ լինի, ինքը պիտի ծախսի այդ գումարը, հետևաբար կարելի է լավ ճկուն, զեղչային պայմաններ առաջարկելով՝ ներգրավել տարբեր խմբեր։

Օրինակ՝ մեր հյուրանոցում 2023 թվականի ձմռանը  հյուրընկալեցինք միջազգային հայտնի կրթական ծրագրի՝ «Էրազմուս +»-ի մասնակիցներին՝ շահավետ գներով, որը չէինք կարողանա անել ամառային սեզոնին։ Ձմեռային սեզոնին այդ մարդկանց ընդունելով՝ շահեցինք և՛ մենք, և՛ իրենք, ապահովեցինք լրացուցիչ գումարի մուտքեր քաղաք, պետական բյուջե, հետևաբար պետք է գրագետ մոտեցումը պետական մասշտաբի բարձրացնել և կազմակերպել այդ ամենն այնպես, որպեսզի ստանանք առավելագույն օգուտ»։

Ըստ մեր զրուցակցի, թեև գովելի է փառատոների կազմակերպումը, բայց քաղաքային իշխանությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինները, շահագրգռվածություն չունեն դրանք կազմակերպելու, քանի որ հարկային մուտքերից նրանք առանձնապես եկամուտ չեն ստանում։

«Հարկային շահութահարկի հիմնական մասը գնում է պետական բյուջե։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ տեղական ինքնակառավարման մարմիններն առանձնապես մեծ գումարներ չեն ծախսում այդ միջոցառումներ վրա։ ՏԻՄ-ը լրջագույնս կլծվի այդ գործին, եթե ներդրվի մեր կողմից բազմաթիվ անգամ առաջարկված city tax-ի գաղափարը, այսինքն  հարկերից որոշակի մուտքեր մտցվեն քաղաքային բյուջե։

Առանց այն էլ Գյումրիի քաղաքապետարանի՝ պետությունից ստացված իր սուբվենցիոն մուտքերը, եթե համեմատում ենք  մեկ բնակչի հաշվով, Երևանից մոտավորապես 10 անգամ ավելի քիչ գումար է ստացվում, և քաղաքային բյուջեն հազիվ կարողանում է լուծել քաղաքի հսկայական խնդիրները։

Այսինքն այդ առումով խնդիր կա, և մեղադրել այդ մարդկանց, որ ինչ-որ բան չենք կազմակերպում, իհարկե, կարելի է  բացեր գտնել, բայց մենք կապիտալիստական երկրում ենք ապրում և շահույթն անգամ այստեղ իր կարևոր դերն ու նշանակությունն ունի։ Հետևաբար խնդիրը լուծելու միակ ճանապարհը հարկային արտոնություններ տրամադրելն է տեղական ինքնակառավարման մարմնին։

Դուք նշեցիք պանրխաշի փառատոնը, այն կազմակերպել էր մի երիտասարդ աղջիկ՝ Անի անունով, որն ավարտել էր ինստիտուտը ու իր էնտուզիազմի, ցանկության, հայրենասիրության շնորհիվ բավական լուրջ աշխատանք կատարեց, այն ներկայացրեց քաղաքապետարան։  Քաղաքային իշխանությունն էլ, ի պատիվ իրեն,  ամեն ինչով աջակցեց ու այդ փառատոնը տեղի ունեցավ։ Այսինքն՝ եթե այդ աղջիկը չնախաձեռներ, կարող է և տեղի չունենար։

Շատ լուրջ պոտենցիալ կա, որ այդ փառատոնը կարող է դառնալ ամենաամյա ու այդ նախաձեռնությունը իր վրա պիտի վերցնի Գյումրու քաղաքապետարանը ՝ այդ միջոցառումն ավելի գրագետ, ավելի մասսայական, ավելի ճիշտ կազմակերպելու համար։

Միջոցառումները, միանշանակ, ակտիվացնում են, բայց պիտի մտածել դրանք կազմակերպելու օրվա մասին։ Օրինակ՝ Թաթայի համերգը դրված է շաբաթ օրը, զբոսաշրջային ոլորտի ցանկացած կազմակերպության եթե հարցնեք,կասեն, որ շաբաթ օրը ամենածանրաբեռնվածն է, այսինքն,  եթե շաբաթ օրը Թաթայի համերգն էլ չդրվեր, քաղաքը միևնույնն է՝ լիքն է լինելու։ Եթե այդ համերգը դրվեր կիրակի օրը, որն իր ծանրաբեռնվածությամբ զիջում է շաբաթ օրվան, դա լրացուցիչ արդյունք կստեղծեր քաղաքի գործարարների համար։ Սրա վրա ևս պետք է ուշադրություն դարձնել։

Մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ այս ամենը գովելի է, տպավորություն չստեղծվի, թե գոհ չենք,  և բացը, որ ստեղծվել է Շիրակի մարզի, Գյումրիի զբոսաշրջային ոլորտում, պետք է լրացվեն միջոցառումներով, որին պետք է լծվի նաև ՏԻՄ-ը»,- ասում է Վարդան Սրտաշյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031