Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանին բարդ ընտրությունների եւ ծանր փոխզիջումների մասին ակնարկ անելու փոխարեն պաշտոնական Վաշինգտոնը պետք է հետեւի իր հանձնառությունների եւ հայտարարությունների կատարմանը»․ Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 24,2024 19:50

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերջին շրջանի հայտարարություններին, օկուպացված Արցախի Հանրապետության եւ մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերի սպասարկմանը։

«Հուլիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ մասնավորաբար հայտարարել է․ «Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին՝ կատարել բարդ ընտրություններ եւ գնալ ծանր փոխզիջումների»։ Մեթյու Միլլերը չի պարզաբանել, թե խոսքն ինչ բարդ ընտրությունների կամ ծանր փոխզիջումների մասին է։ Այս առումով հարց է առաջանում․ կարո՞ղ է Միացյալ Նահանգները կամ մի որեւէ այլ պետություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համատեքստում վկայակոչել մեկ զիջում, որ կատարել է Ադրբեջանը։ Աներկբա է, որ նման զիջում գոյություն չունի։ 2020 թվականի ադրբեջանա-արցախյան պատերազմից հետո մինչ օրս զիջել է եւ շարունակում է զիջել միայն Հայաստանը։ Ըստ որում, դրանք բոլորը եղել են ծանր զիջումներ։

Հայաստանի համար նախընթաց ծանր, անհաջող  փորձը հաշվի առնելով, նկատի ունեմ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելը, Տավուշի մարզի 6,5 քկմ տարածքը Ադրբեջանի Հանրապետության լիազորությանը հանձնելը եւ այլն, կարող ենք ենթադրել, որ բարդ ընտրություններ կամ ծանր փոխզիջումներ ասելով, պաշտոնական Վաշինգտոնը ակնարկում է Հայաստանին, որ Հայաստանը պիտի կրկին ծանր զիջումների գնա հօգուտ Ադրբեջանի։ Իսկ նման զիջումներ կարող են լինել, օրինակ, Հայաստանի պետական օրենսդրության մեջ Ադրբեջանի քաղաքական քիմքին հաճելի փոփոխությունների կատարումը, ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցքի տրամադրումը, որը օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի երազանքներից մեկն է, Տիգրանաշենը Ադրբեջանի իրավազորությանը հանձնելը, ավելի քան 200 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու համար տեղեր հատկացնելը եւ նման կարգի աղետալի զիջումներ։

Խուսափելու համար նշյալ աղետալի սցենարի իրականացումից, պետք է համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանին։

Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին Տակ ճանապարհահատվածը Ադրբեջանի, այսպես կոչված, էկոակտիվիստները 2022 թվականի դեկտեմբերի 10-ին արգելափակել էին։ Դրանից հետո Արցախի Հանրապետությունում սկիզբ առավ եւ սաստկացավ հումանիտար ճգնաժամը։ Այդ ճգնաժամի հարցով Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել էր լսումներ, որին մասնակցել է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի ժ/պ Յուրի Քիմը։ Մասնակցելով այդ լսումներին՝ նա ելույթ է ունեցել եւ ասել է․ «Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա։ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որեւէ գործողություն։ Լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»։

Այս խոսքերը Յուրի Քիմն ասել է 2023 թ․ սեպտեմբերի 14-ին։ Հինգ օր անց՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, 2-օրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը, ցեղասպանության ենթարկել Արցախի Հանրապետության բնակչության մի մասին, իսկ մեծ մասը, ավելի քան 100  հազար մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է երեք հազար տարիներ շարունակ։

Հիմա՝ հարց Յուրի Քիմի հայտարարության համատեքստում։ Ի՞նչ ձեռնարկեց Միացյալ Նահանգները՝ դադարեցնելու այդ հարձակումը։ Պատասխանն ավելի քան հստակ է։ Ոչինչ։ ԱՄՆ-ը ոչինչ չձեռնարկեց՝ դադարեցնելու այդ հարձակումը եւ ադրբեջանական զինված կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելու համար։

Այսպիսով, Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այն հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որեւէ գործողություն, լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ, եղել է կեղծ կամ սուտ։

Երեւանին բարդ ընտրությունների եւ ծանր փոխզիջումների մասին ակնարկ անելու փոխարեն պաշտոնական Վաշինգտոնը պետք է հետեւի իր հանձնառությունների եւ հայտարարությունների կատարմանը»․-ասաց Ստեփան Հասան-Ջալալյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031