Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։
Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներն ուխտավորաբար այցելել են Սուրբ Էջմիածին Մայր Եկեղեցուն իրենց հավատարմության ուխտը նորոգելու և ազգային ու հոգևոր արժեքների նկատմամբ իրենց սերը զորացնելու։ Տիար Յակուբյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցում են Սիրիայի, Իրանի, Իրաքի և Հայաստանի ՀԲԸՄ ՀԵԸ մասնաճյուղերի սկաուտները։
Նորին Սրբությունը իր հայրական օրհնությունը բերելով սկաուտներին կարևորեց սփյուռքահայ հայորդիների համախմբումը հայրենիքում, ինչն իր անջնջելի հետքը կթողնի երիտասարդների կյանքում` առիթ ընձեռելով զորանալու իրենց ինքնությամբ, զգալու հայրենիքի շունչն ու ոգին և հաղորդակցվելու ազգային ու հոգևոր արժեքներին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ կենտրոնական վարչությանը ազգային կյանքում հայրենանվեր առաքելության իրագործման, Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաև կրթադաստիարակչական, մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար։
Կարդացեք նաև
Հայոց Հայրապետը պատգամեց երիտասարդ սկաուտներին ՀԲԸՄ ոգուն հավատարիմ՝ լինել ազգային ինքնության կրողը, առաջնորդվել ազգային շահերով և իբրև հայ ժողովրդի ու Եկեղեցու արժանի զավակներ՝ հանձնառությամբ շարունակել իրենց առաքելությունը հանուն հայոց կյանքի շենացման։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ