Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների ավագ խմբի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի:
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Հակոբը ներկայացրեց Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ երիտասարդները Հայաստան են այցելել կամավորական ծրագրերին մասնակցելու համար, ինչպես նաև հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային և հոգևոր ժառանգությանը։
Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ սփյուռքահայ հայորդիների մասնակցությունը տարբեր կամավորական աշխատանքներին ամրապնդում է նաև նրանց կապը հայրենիքի հետ և նպաստում հայրենասիրական ոգու զորացմանը։
Կարդացեք նաև
Այս առիթով Վեհափառ Հայրապետը գնահատեց երիտասարդների ծառայանվիրումը` հորդորելով մշտապես իրենց կարողություններն ու հմտություններն ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամավորական ծրագրերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց անխաթար պահել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ