«Ես չեմ ուզում մտնել գնահատականների դաշտ՝ ցույցը խաղաղ էր, թե խաղաղ չէր։ Իմ տպավորությունները միգուցե տարբերվում են Ձեր տպավորություններից։ Իմ տպավորությունն այն չէր, որ այդ ցույցը խաղաղ էր»,-լրագրողի դիտարկմանը՝ ժողովրդավարության կամ դրա բացակայության ցուցիչ է նաև այն, թե ինչպես են 40-ից ավելի կարմիր բերետավորներ քաղաքի կենտրոնում ծեծում պատգամավորի, լուսաձայնային նռնակներ նետում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների վրա, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, թե հաճախ խոսքի ազատությունն ընկալվում է, որ բացարձակ անարխիա պիտի տիրի․ ամեն ինչ կարելի է ասել, բայց պատասխանատվության հատվածում կաղում ենք․ «Կարևոր է, որ ժողովրդավարական արժեքները չխառնենք անարխիայի հետ։ Ով ինչ ուզում, անում է, ով ինչ ուզում, խոսում է։ Կանոններ կան, որոնք նույնպես ամրագրված են ժողովրդավարական արժեքներով։ Ժողովրդավարական պետություն չի նշանակում թույլ պետություն, այլ հակառակը, օրենքի և իրավունքի երկիր։ Եթե լեգիտիմ ուժի կիրառման հարց կա, որի իրավունքն ունի պետությունը, ստիպված կիրառում է պետությունը»։
Մյուս հարցին՝ Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք «Ֆլայ առնայի» ձախողման համար մսխված տասնյակ միլիոնավոր դոլարների համար, Տիգրան Ավինյանն այսպես պատասխանեց․ «Այն ծրագրերը և այն մասշտաբը, այն խնդիրները, որոնք դրված էին ԱՆԻՖ-ի առաջ, որևէ այլ պետական կամ կվազի պետական կառույցի առաջ նման խնդիր դրված չի եղել։ Դրանք բիզնեսն այլ մակարդակի հասցնելու խնդիրներ էին։ «Մազդարի» հետ արևային կայանների կառուցում, ազգային ավիափոխադրող։ Ով օգտվել է այդ ավիափոխադրողի ծառայություններից, հասկանում է՝ ինչ որակ է։ Սամալյոտի մարշրուտկա չէր։ Պատվով կարող էիր քո ազգային ավիափոխադրողով մի կետից մյուսը թռչել։ Այն բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեին, պետք է իրականացվեին ժամանակին, բայց դրանք ժամանակին չեն իրականացվել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ