«Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետև չգիտեմ՝ նման գործընթաց կա՞, թե՝ ոչ»,- լրագրողների դիտարկմանը՝ ասում են, որ թիմում կան մարդիկ, որոնք իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում անցանկալի են համարում և նույնիսկ նշվում է, որ արշավ է իր դեմ իրականացվում քաղաքապետարանում․ Արմեն Փամբուխչյանը «ռեվիզորի» կարգավիճակում է և վերահսկում է իրեն ու հարցին՝ արդյոք ներթիմային պայքար չկա՞ իր դեմ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա վստահեցրեց՝ իր քաղաքական գործունեության ընթացքում կուլիսային, ներթիմային ինտրիգների մեջ փորձել է հնարավորինս չմտնել և չարձագանքել․ «Փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք ի սկզբանե որդեգրել ենք։ Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետև չգիտեմ՝ նման գործընթաց կա՞, թե՝ ոչ։ Եթե կա, ես կարող եմ ասել, որ ցավակցում եմ այդ մարդկանց, քանի որ իրենք չեն հաջողելու ինտրիգների և մուտիտների՝ իրենց դաշտում։ Չեմ բացառում, որ առհասարակ չկա նմանատիպ գործընթացը։ Ինչ վերաբերում է Արմեն Փամբուխչյանին, ես նրան ինքս իմ չափ վստահում եմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ