«Արհեստականորեն երկու տարի ձգվող այս քրեական գործը, այսպես ասած, դեպքի վայրի, այսպես կոչված տուժողի տան առգրավված տեսաձայնագրող սարքը գոյություն չունի: Գոյություն չունի մեկ պարզ պատճառով, որովհետեւ դրա հրապարակման պարագայում այս շինծու գործը կփոշիանար: Ես գիտեմ, թե ինչու են այսպիսի մտացածին մեղադրանք առաջադրել իմ նկատմամբ: Դուք էլ գիտեք, որովհետեւ ստանձնել եք բարոյականության ու խղճի դեմ մեղանչելու ամենաոչ մարդկային պարտավորությունները»,- այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով:
«Համոզված եմ, որ մեծ տարակուսանքի մեջ եք՝ հասկանալով, որ չեղած բանի համար մարդուն կալանքի տակ պահելու համար գալու է պատասխան տալու ժամանակը: Ինչ -որ տեղ հասկանալի կլիներ, եթե ձեր արարքը լիներ չիմացության կամ անգրագիտության արդյունքում: Բայց դուք անգրագետ չեք, ուղղակի զուրկ եք վտանգի զգացողությունից: Ես ձեզ համարում եմ լավագույն իրավաբաններն ու լավագույն մասնագետները, գիտակցաբար կատարում եք քրեորեն պատժելի արարք: Քանի որ օրենքի համաձայն՝ քրեական վարույթ չի կարելի նախաձեռնել, եթե հանցանքի մասին տեղեկությունները ստացվել են անհայտ կամ չբացահայտված աղբյուրից:
Այս պատվիրված շղթան եկել, հասել է դատարան ու դատարանն էլ, չգիտես ինչու, ուզում է դառնալ այդ շղթայի մաս:
Կարդացեք նաև
Ասում եմ՝ չգիտես ինչու, բայց շատ լավ էլ գիտեմ՝ ինչու ու ում պատվերով»,- շարունակեց Մանուկյանը:
Ըստ նրա՝ եթե գործում չկա տուժողի տնից առգրավված տեսաձայնագրող սարքը, նշանակում է՝ ինքը երկու տարի անազատության մեջ է անցկացրել դատարանի ապօրինի որոշումների արդյունքում. «Քոքոբելյանների տունը գտնվում է 6000 բնակիչ ունեցող Աչաջուր գյուղի սկզբնամասում: Ով գալիս է Աչաջուր, անցնում է նրանց տան մոտով, նրանց տան մոտից, նույնիսկ ոչխար առեւանգելու դեպքում, կհայտնվեն բազմաթիվ ականատեսներ. այդ տարածքը բազմամարդ է: Ինչպե՞ս ստացվեց, որ առեւանգվեց Գրիշա Քոքոբելյանն, ու չգտնվեց գոնե մեկ ականատես: Այն դեպքում, երբ իրենց աշխատակիցները աշխատանքի են գալիս առավոտան ժամը վեցին: Հիմա հասկանալի է՝ ինչու է անհետացել դեպքի վայրի տեսաձայնագրող սարքն ու ինչու չեն հարցաքննվել այն աշխատակիցները, որոնք առաջինն են ներկայացել աշխատանքի ու չեն ներգրավվել որպես վկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ