Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը քննարկում է նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի խափանման միջոցի երկարաձգման մասին միջնորդությունը

Հուլիս 24,2024 17:05

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը։

Դատարանը հայտնեց, որ հանրային մեղադրողը 3 մեղադրյալների խափանման միջոցի երկարաձգման վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել։

Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը մեղադրողի միջնորդության վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները.

«Օգոստոսի 11-ին լրանում է ուղիղ 2 տարին, ինչ Սուրեն Մանուկյանը գտնվում է անազատության մեջ։ Գաղտնիք չէ, որ նույնիսկ ՄԻԵԴ-ը մեղսագրվող ամենածանր հանցագործությունների դեպքում արձանագրել է՝ որքան երկար է տեւում գործի քննության ժամանակահատվածը, այնքան աստիճանաբար նվազում է անձի նկատմամբ ամենախիստ խափանման միջոց կալանավորումը  շարունակաբար կիրառելու անհրաժեշտությունը: Թվում է՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված այս իրավադրույթները պարտադիր են բոլոր երկրների համար, բացի Հայաստանից ու բացի այս դատարանից ու բացի այս գործով: Զարմանում եմ՝ ինչպես կարելի է յուրաքանչյուր անգամ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ մեղադրողն ասի, որ գտնում է՝ հիմքերը շարունակում են առկա լինել ու երկարացնել նույնական խափանման միջոցները: Արդյոք չպե՞տք է հանրային մեղադրողը ներկայացնի, թե այդ որ հիմքն է առկա: Լա՛վ, այդ հիմքերը երբ են վերանալու, մենք ամեն դատական նիստին ապացույցներ ենք քննարկում, այդ հիմքերը չե՞ն նվազում»:

Փաստաբանը նկատեց, որ արդարադատության իմիտացիա են անում, բայց ոչ արդարադատություն. «Ի՞նչ է նշանակում հիմքերն առկա են, պետք է մնա կալանքի տակ: Ինչո՞ւ չի քննարկվում տնային կալանքը: Բերեք մի օրինակ, ասեք՝ այ եթե լինի տնային կալանքի տակ, տանը նստած կազդի որեւէ մեկի վրա, էս մի ապացույցը կոչնչացնի, էստեղ կեղծիք կկատարի: Սա ծաղր է արդարադատության վրա: Հանրային մեղադրողն այնքան արխային է ընկել, որ չի բարեհաճում գոնե մի նախադասությամբ ներկայացնի՝ որ հիմքն է առկա ու ինչու»:

Փաստաբանն ասաց, որ Մանուկյանի խափանման միջոցի հերթական երկարաձգումը կլինի օրենքի կոպիտ խախտում:

Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031