Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ցավալի է, բայց Հայաստանում, մենք կարծես արցախցիների պաշտպանության խնդիրներ պետք է դնենք»․ Նժդեհ Իսկանդարյան

Հուլիս 24,2024 16:49

«Եթե գլխավոր բանակցողը չի խոսում արցախցիների՝ Արցախ վերադառնալու մասին, մեր խոսելն անիմաստ է դառնում։ Որպեսզի այդ հարցը կրկին իմաստ ստանա, բանակցողը պետք է փոխվի։ Հարցը միջազգային հարթակներում թեժ պահելուց հետո, միգուցե հնարավոր լինի՝ միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության ներքո եւ անվտանգային շատ հստակ երաշխիքների ներքո՝ կազմակերպել վերադարձն Արցախ։ Բայց, որպեսզի այս ամենը հնարավոր դառնա, պարզապես սկզբունքային է բանակցողի փոփոխությունը»,- Aravot.am հետ զրույցում նման կարծիք հայտնեց մասնագիտությամբ շինարար, ծննդով Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից Նժդեհ Իսկանդարյանը։

Մեր զրուցակիցը վստահ է՝ հստակ երաշխիքների պարագայում, որոնք նաեւ վստահություն կառաջացնեն, շատերը կվերադառնան․ «Որ բոլորն են ուզում վերադառնալ, դա անխոս, բայց կարեւորը նա է, թե ի՞նչ երաշխիքներ են լինելու»։

Թե ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների հարցերը փակել, Նժդեհ Իսկանդարյանն իր բացատրությունն ունի․ «2023 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետի ստանձնած պարտավորությունը եւ արած հայտարարությունը՝ «Արցախն Ադրբեջան է», կատարումն է ապահովվում այդպիսով։ Եվ այն քաղաքականությունը, որը վարվում է արցախցիների նկատմամբ, այդ խոստման ապահովման շրջանակում է»։

Իսկ քանի դեռ արցախցիները Հայաստանում են ապրում, մեր զրուցակիցը ցավալի արձանագրում է անում․ «Շատ ցավալի է, բայց այսօր, Հայաստանում, մենք կարծես արցախցիների պաշտպանության խնդիրներ պետք է դնենք»։

Մանրամասնում է․ «Եթե արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, ապա ունեն բոլոր իրավունքները, այդ թվում նաեւ ցույցեր կազմակերպելու, ցույցերի մասնակցելու, դժգոհելու, ինչ-որ հարցերի լուծումներ ստանալու, բայց այս ամենը, փաստորեն միայն հեռուստացույցով ասելու եւ ականջ շոյելու համար է, քանի որ հաճախ շատ հակառակն ենք տեսնում․ Հաթերքի ղեկավարին երեխաների ներկայությամբ, ձեռքերը ոլորելով տարան, Մարտակերտի քաղաքապետը, Ստեփանակերտի քաղաքապետը․․․տղաների հանդեպ հետեւողական․․․ փորձել են խեղճացնել։ Այն, ինչ հունիսի 12-ին տեղի ունեցավ, շատ բանի ցուցիչ է»։

«Եթե ՀՀ քաղաքացի եմ, իմ հարեւանից ինչո՞վ եմ տարբերվում, որ ես այս կերպ վերաբերմունքի եմ արժանանում»,- հարցնում է մեր զրուցակիցը եւ օրինակ բերում ՀՀ-ի՝ արցախցիների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրից․ «Բնակարանային աջակցության ծրագրից կարող ենք օգտվել մեկ պարագայում, երբ դառնանք ՀՀ քաղաքացիներ։ Ծրագրի պարտադիր պայման է՝ տաս տարի այդ տանն ապրել, որպեսզի այն դառնա քո սեփականությունը։ Եթե ընտանիքի, ասենք 5 անդամներից մեկը, Հայաստանից դուրս է գալիս՝ արտագնա աշխատանքի կամ այլ նպատակով, պետք է ետ վերադառնալուն պես բաց թողնված ժամանակաշրջանը լրացնի․ այսինքն, այդքան օր ավել ապրի տվյալ տանը, որպեսզի այն դառնա ընտանիքի սեփականություն, այն էլ սահմանափակումներով, քանի որ անգամ սեփականություն դառնալուց հետո, մարդը իրավունք չի ստանում այդ տունը կամ բնակարանը վաճառել, ասենք, Հայաստանի մեկ այլ բնակավայրում այլ տուն կամ բնակարան ձեռք բերելու համար։ Եթե ցանկանում ես վաճառել, ապա միայն պետությանը»։

Նժդեհն ու իր ընկերները հիմնադրել են «Արցախի երիտասարդական թեւ» հասարակական կազմակերպությունը․ «Փորձելու ենք արցախցիներին համախմբման օղակ դառնալ, քանի որ յուրաքանչյուրն ինչ- որ մի տեղում, ինչ-որ մի ձեւով, փորձում է իր գլուխը պահել»։

Նաեւ ցանկանում են քննարկումների հարթակ դառնալ՝ լսել միմյանց, հասկանալ խնդիրները, այն հնարավորությունները, որոնք կան՝ դրանք լուծելու կամ մեղմելու համար։ Օրինակ, փաստաբաններ կան, ովքեր պատրաստ են, թե փաստաբանական, թե ամենատարբեր իրավաբանական հարցերում աջակցել իրենց հայրենակիցներին․ կազմակերպությունը կապող օղակ է դառնալու։

Նպատակը մեկն է՝ փորձել անել ամեն ինչ, որպեսզի արցախցիները չլքեն Հայաստանը․ պաշտոնական տվյալներով, արդեն մոտ 25 հազար արցախցիներ լքել են Հայաստանը, որը որ լուրջ խնդիր է։

Ընթացքում, կախված կազմակերպության բյուջեից, որը որ բավական սուղ է, քանի որ գոյանում է հիմնադիրների նվիրատվություններից, նաեւ սոցիալական աջակցության ծրագրեր կարվեն։ Առաջիկայում, օգոստոս ամսին, արդեն իսկ նախատեսված է կարիքավոր ընտանիքների երեխաների մեկօրյա այց՝ մոտական տեսարժան վայրերից մեկը՝ Գառնի կամ Գեղարդ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031