«Ապառաժ». 2020 թվականի սեպտեմբերի 18-ին մայոր Անդրանիկ Լալայանը վերջին անգամ եղավ հայրական տանը։ Մարտունու շրջանի Թաղավարդում էր նա անցկացրել մանկությունն ու պատանեկությունը, այնտեղից էր մեկնել զինվորական ծառայության։ Ու սեպտեմբերյան այդ օրը բակում նստած սուրճ էր խմում, գլուխը թեքել էր ու առանց աչքը թարթելու նայում էր հայրական տան շեմին, ինչ-որ բան էր զգում։ Սա 44-օրյա պատերազմի սկզբից 9 օր առաջ էր: Ցավոք, Անդրանիկի կանխազգացումը չխաբեց իրեն:
Հիմա էլ տիկին Վալիդան, երբ ինչ–որ գործ է նախաձեռնում, մտքում անպայման խորհուրդ է հարցնում որդուց։ Որդեկորույս մայրը շատերի պես ցավում է, որ երիտասարդ սերունդ ենք կորցրել 2020 թվականի աշնանային պատերազմի ժամանակ։ Անդրանիկի ընտանիքը Թաղավարդում էր, երբ սկսվեց պատերազմը։ Ցավոք, հանգամանքների բերումով թաղավարդցիները ստիպված լքեցին հազարամյակների պատմություն ունեցող գյուղը և փոքր–ինչ ավելի ապահով վայր տեղափոխվեցին։ 2020 թվականի պատերազմի ավարտին՝ գյուղի վերին հատվածը, որտեղ նաև Անդրանիկի հայրական տունն էր, մնաց թշնամու վերահսկողության տակ։
Տիկին Վալիդան հիշում է, որդու հետ վերջին հեռախոսազրույցը շատ կարճ էր տևել. «Երեխաներին լավ նայեք»,-պատգամել է Անդրանիկը։ Նրա այրին` Անին, ասում է` ինքն ու սկեսուրը ամեն ինչ անում են, որ վերջին այդ պատգամը կատարեն։
2020-ի պատերազմին Անդրանիկն իր դիվիզիոնով պաշտպանում էր Ակնայի (Աղդամ) Գուլիջ կոչվող տեղամասը։ Հոկտեմբերի 13-ին, որպես լավագույն ստորաբաժանում, Թալիշ-Մատաղիս-Մարտակերտ ուղղությունում աջակցելու համար, տեղափոխվում է Գետակ-Բրուն կոչվող բարձունք։
Անդրանիկը հավատում էր, որ կհաղթեն, որ արյամբ սրբագրված երկիրը կմնա ազատագրված։
Վեհանուշ Հովսեփյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հավերժ փառք հայ հերոսներին։