Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում և Տավուշում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիս 24,2024 16:28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ             և «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» ընկերության նախաձեռնությամբ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում և Տավուշի մարզում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։

Կինոփառատոնի անցկացման մանրամասներն ու ծրագիրն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ  միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանն ու Երևանի քաղաքապետարանի  մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սահակյանը:

Սվետլանա Սահակյանի խոսքով՝ փառատոնը սպասված է, իսկ Հայաստանում կարճամետրաժ ֆիլմերի փառատոն անցկացնելու գաղափարը պատահական չի ծնվել:

«Փառատոնի անցկացումը համահունչ է ԿԳՄՍ նախարարության ռազմավարական նպատակներին, որոնցից ամենակարևորը կինոոլորտի զարգացումն է և այդ համատեքստում նաև երիտասարդ կինոգործիչների աշխատանքի հանրահռչակումը, ինչպես նաև նրանց միջև անմիջական կապերի ստեղծումը: 2018 թվականին նախարարությունը որոշել է դառնալ այս գեղեցիկ նախաձեռնության աջակիցը, քանի որ կարծում ենք՝ կինոարտադրության և կինոոլորտի զարգացման գործում կարճամետրաժ ֆիլմերը ևս շատ կարևոր են: Տարեցտարի փառատոնն ընդլայնում է իր մասշտաբները՝ ավելի մեծ թվով օտարերկրացի մասնագետների ընդգրկելով»,- ասել է Սվետլանա Սահակյանը և շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին կատարած աշխատանքի համար:

Սվետլանա Սահակյանը տեղեկացրել է՝ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմեր: Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Բեռլինի, Կաննի, Լոկառնոյի, Կլերմոն-Ֆերանի, Վենետիկի,  Բուսանի փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Իտալիայից, Ֆիլիպիններից, Չեխիայից, Սինգապուրից, Չինաստանից։ Ընդ որում՝ փառատոնի բացման ֆիլմը հենց Բեռլինի միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերից է:

Բանախոսները տեղեկացրել են՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 700-ից ավել հայտ՝ 85 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 46 ֆիլմ՝ 20 երկրից (Հայաստան, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Իտալիա, Չեխիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Ինդոնեզիա, Հունաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Թուրքիա, Լեհաստան, Սինգապուր, ԻԻՀ, Պորտուգալիա, Ալգերիա, Իսպանիա, Բելգիա), որից 18-ը՝ ազգային ծրագրում, իսկ 28-ը՝ միջազգային ծրագրում:  Փառատոնի ընթացքում տեղի կունենան կինոցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է  Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, իսկ անդամները՝ ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը և արձակագիր Գրիշ Սարդարյանը:

Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է 3 մրցութային անվանակարգ՝

  • «Միջազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր,
  • «Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր,
  • «Ուսանողական ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։

Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոնների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։ Փառատոնի ցուցադրությունները հուլիսի 30-ին  կշարունակվեն ՀԲԸՄ-ում, իսկ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին փառատոնային ծրագիրը կներկայացվի Տավուշի մարզում։ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի գնահատմամբ՝ փառատոնն ի սկզբանե ուղղված է եղել ոչ միայն երևանյան հանդիսատեսին, այլև ՀՀ մարզերի:

Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան օգոստոսի 2-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը։

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Փառատոնի ծրագրի և միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ պաշտոնական կայքից, ինչպես նաև ֆեյսբուքյան և Instagram-յան էջերից:

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031