Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով սահմանված տարիքային խտրականությունը բարձրացնում է պացիենտների դժգոհության ալիքը․ գինեկոլոգ

Հուլիս 24,2024 16:16

«Սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը թույլ է տալիս զույգին ընտրել իրենց նախընտրած սեռի էմբրիոն և այն տեղադրել արգանդի խոռոչում: Սա բացառապես կատարվում է արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այս մոտեցումը ևս կարելի է համարել սեռով պայմանավորված խտրական մոտեցում, բայց դրական կողմն այն է, որ կինը չի կատարում սեռով պայմանավորված աբորտներ։ Թեպետ այդ տարբերակով էմբրիոնների վերացումը, իմ դիտարկմամբ, ևս աբորտի տեսակ է»,-այս կարծիքին է «Ավանգարդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Լիլիթ Քալաշյանը։ Նա ընդգծում է, որ առաջին օրից էմբրիոնը անհատականություն է և ոչ մեկը չունի իրավունք մեկ այլ մարդու համար որոշել, թե նա որքան պետք է ապրի, կամ պետք է ապրի, թե ոչ։

Լիլիթ Քալաշյան

Գինեկոլոգն անդրադարձել է նաև «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով սահմանված տարիքային շեմին, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատումը սահմանափակող օրենքի վերանայման հարցին։ 

Պետության կողմից ծնելությունը խթանելու համար արդեն տևական ժամանակ է՝ իրականացվում է «Անպտղության հաղթահարման» ծրագիրը։ Ձեր դիտարկմամբ այն ծառայու՞մ է իր նպատակին։ 

-«Անպտղության հաղթահարման» ծրագրի շրջանակում պետությունը ֆինանսավորում է 20-35 տարեկան կանանց, տալով նրանց արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից առաջինը անվճար, երկրորդը՝ պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ և ներարգանդային սերմնավորման առավելագույնը 6 փորձի հնարավորություն, իսկ 36-42 տարեկան կանայք կարող են օգտվել միայն ներարգանդային սերմնավորման 6 փորձից։ Վերոնշյալ տարիքային խտրականությունը բարձրացնում է պացիենտների դժգոհության ալիք, և որոշ դեպքերում նաև առաջ է բերում բժիշկների անհամաձայնություն, որովհետև 20-35 տարեկան կանանց թեորիապես ավելի իրատեսական է հղիություն ստանալ ներարգանդային սերմնավորման միջոցով` ի տարբերություն 36-42 տարեկան կանանց, ովքեր ավելի շատ ունեն արտամարմնային բեղմնավորման կարիք, սակայն ԱՄԲ ծրագրի շահառու, ցավոք, չեն հանդիսանում։

Պետք է նշեմ նաև, որ զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է արտամարմնային բեղմնավորման ծառայությունների ամբողջական փաթեթ:

-Պետպատվերի շրջանակից դուրս կա՞ տարիքային սահմանափակում վերարտադրողական ծառայություներից օգտվելու համար։ 

-Պետպատվեր ծրագրերի շրջանակից դուրս խոսելիս տարիքային սահմանափակում չի գործում, թե ներարգանդային սերմնավորման, թե արտամարմնային բեղմնավորման համար, պարզապես կինը պետք է անցնի համապատասխան հետազոտություններ, որպեսզի որոշում կայացնի, թե որ օժանդակ ռեպրոդուկտոլոգիական ծառայություններից է նպատակահարմար օգտվել տվյալ կլինիկական դեպքում: Հետազոտությունների մեջ առանցքային դեր ունի անտիմյուլլերյան հորմոնի մակարդակը, որը տալիս է պատկեր ներկայումս ձվարաններում առկա պաշարի մասին: Ցավոք, երբ այն լինում է կրիտիկական ցածր՝ կնոջ ինքնուրույն հղիանալու հավանականությունը իջնում է և նման դեպքերում առաջարկվում է դոնորական ձվաբջջով հղիություն ստանալու հնարավորությունը:

-ՀՀ օրենսդրությամբ արգելվում է սեռով պայմանավորված աբորտը, բայց իրական կյանքում արդյոք այդ մոտեցումը պահպանվում է։ 

-Ներկայումս արյան հետազոտության միջոցով հղիության արդեն իսկ ութ շաբաթական ժամկետից սկսած հնարավոր է պարզել պտղի սեռը, և շատ կանայք անցնում են այդ հետազոտությունը` որոշելու պտղի ճակատագիրը պայմանավորված սեռով, մինչդեռ մեր օրենսդրությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը մինչև տասներկու շաբաթական ժամկետը` դրանով իսկ արգելք հանդիսանալով սեռով պայմանավորված աբորտների համար: Այստեղ հակասություն է առաջանում և այս առումով օրենքը պետք է վերանայվի, եթե ուզում ենք մեր երկրում բարձրացնենք ժողովրդագրական մակարդակը և կանխենք սեռով պայմանավորված աբորտները, ապա պետք է օրենքով թույլատրվող արհեստական ընդհատումների հղիության ժամկետը իջեցնել մինչև 7 շաբաթական ժամկետը: Այդ դեպքում սեռով պայմանավորված աբորտների մասին չի կարող անգամ խոսք գնալ:

-Օրենսդրության փոփոխությունից զատ բժշկությունն ի՞նչ մոտեցում է առաջարկում կանխելու սեռով պայմանավորված աբորտները։ 

-Սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը թույլ է տալիս զույգին ընտրել իրենց նախընտրած սեռի էմբրիոն և այն տեղադրել արգանդի խոռոչում: Սա բացառապես կատարվում է արտամարմնային բեղմնավորման միջոցով: Այս մոտեցումը ևս կարելի է համարել սեռով պայմանավորված խտրական մոտեցում, բայց դրական կողմն այն է, որ կինը չի կատարում սեռով պայմանավորված աբորտներ, այլ միանգամից դիմում է վերարտադրողաբանի, անցնում է ԱՄԲ ցիկլը, որի արդյունքում ստացված էմբրիոններից ընտրվում է զույգի կողմից նախընտրած սեռի էմբրիոնը, որն էլ հենց տեղադրվում է արգանդի խոռոչում: Արտամարմնային բեղմնավորման ժամանակ, որպես կանոն ստանում ենք մի քանի էմբրիոններ, սակայն երկուսից ավելի էմբրիոն չենք տեղադրում կնոջ արգանդում հետագայում մանկաբարձական բարդությունները կանխելով, երբեմն ելնելով կնոջ մոտ առկա կոնկրետ պաթոլոգիայից արգանդում տեղադրվում է մեկ էմբրիոն SET-single embryo transfer, և երբ կինը հղիանում է, մնացած էմբրիոնները հիմնականում զույգերի ցանկությամբ սառեցնում ենք ու պահում՝ էմբրիոնների կրիոկոնսերվացիա: Եզակի դեպքերում զույգը որոշում է կայացնում մնացած էմբրիոնների ոչնչացնելու վերաբերյալ: Այդ տարբերակով էմբրիոնների վերացումը, իմ դիտարկմամբ, ևս աբորտի տեսակ է:

Ես արդեն չորս տարի է` աշխատում եմ, որպես գինեկոլոգ, բացի այս չորս տարիները ևս չորս տարի էլ կլինիկական օրդինատուրա եմ անցել, որի ընթացքում ինչ խոսք կար հնարավորություն կատարելու հղիության արհեստական ընդհատում, որպես ուսումնական պլանի մի մաս, սակայն երբեք, մասնակից չեմ եղել հղիության արհեստական ընդհատման գործողություններին:

Ես դեմ եմ հղիության արհեստական ընդհատմանը և փորձել եմ բազմաթիվ զույգերի հետ պահել այդ քայլից: Կարծում եմ գինեկոլոգը առաջին հերթին նման հարցով դիմող զույգերին պետք է տեղեկացնի հղիության արհեստական ընդհատումներից հետո շատ հաճախ առաջացող բարդությունների մասին, ոչ թե պարզապես ընդունի զույգին կամ կնոջը, լսի նրա ցանկությունն ու արհեստական ընդհատման համար օր նշանակի դարձնելով այն աշխատանքային օրվա սովորական բաղկացուցիչ մաս:

-Դուք նշեցիք, որ չեք կատարում աբորտներ, քանի որ դեմ եք հղիության արհեստական ընդհատումներին։ Լինելով բժիշկ՝ ինչու՞ եք դեմ բժշկական այդ գործողությանը, և խնդրում եմ նաև նշեք, թե ի՞նչ բարդություններ է առաջացնում աբորտը։ 

-Ամենաառաջին խնդիրը, որն առաջանում է աբորտից հետո` անպտղությունն է: Օրինակ` դեղորայքային աբորտից հետո արգանդի խոռոչում երբեմն մնում են պտղաձվի մնացորդներ, որոնք իրենք իրենցով հետագա հղիության համար հանդիսանում են խոչընդոտ: Այն հեռացնելու, ինչպես ժողովուրդն է ասում «մաքրելու» համար կանայք ստիպված են լինում դիմել գործիքային միջամտության: Գործիքային աբորտը կատարվում է կամ վակուում ասպիրացիայի միջոցով, որը չարյաց փոքրագույնն է տվյալ պարագայում, կամ արգանդի խոռոչի կույր քերումների ճանապարհով: Այս դեպքերում կարող ենք ունենալ էնդոմետրիումի բազալ շերտի վնասում:

Ինչպես գիտենք արգանդն ունի երեք շերտ` սերոզ, մկանային և ներքին շերտ՝ էնդոմետրիում: Էնդոմետրիումը իր հերթին բաղկացած է երկու շերտերից` բազալ և ֆունկցիոնալ: Ֆունկցիոնալ շերտը ամեն ամիս դաշտանային ցիկլի արդյունքում աճում է, հասնում իր մաքսիմալ հաստությանը և վերջում շերտազատվում դուրս է գալիս, որն էլ կինը տեսնում է արյան տեսքով, իսկ բազալ շերտն այն շերտն է, որից աճում է այդ ֆունկցիոնալ շերտը: Ուստի բազալ շերտի վնասումը հետագայում բերում է ֆունկցիոնալ շերտի անբավարարությանը՝ բարակ էնդոմետրումի, իսկ պտղաձուն իմպլանտացիայի չի ենթարկվում՝ «չի կպնում» նման բարակ պատին:

Այս տարի Ապրիլին Հռոմում մասնակցել եմ H-ART-US միջազգային կոնգրեսին, որտեղ հղիության արհեստական ընդհատումները, այդ թվում չզարգացող հղիությունները, թերի վիժումներից հետո արգանդի խոռոչում առկա մնացորդները միաձայն առաջարկվում էր հեռացնել հիստերոսկոպիկ եղանակով, արգելելով վակուումները և կույր քերումները: Հիստերոսկոպը դա էնդոսկոպիկ գործիք է, որը թուլ է տալիս տեսախցիկի օգնությամբ խոռոչի պատկերը փոխանցել մոնիտորի վրա դիտել արգանդի խոռոչը, ախտորոշել ներարգանդային պաթոլոգիաները և հարկ եղած դեպքերում կատարել դրանց վիրաբուժական շտկում / օպերատիվ հիստերոսկոպիա/: Տվյալ պարագայում հիստերոսկոպը ներհեշտոցային մուտքով՝ արգանդի պարանոցով մուտք է գործում արգանդի խոռոչ՝ հայտնաբերվում է պտղաձուն կամ քերումից հետո պտղաձվի մնացորդը, պոլիպները, որից հետո հիստերոսկոպի միջով անցկացված միկրոէնդոսկոպիկ մկրատի և սեղմիչի օգնությամբ վիզուալ հսկողության տակ առանց վնասելու էնդոմետրիումի բազալ շերտը վերացվում է առկա այս կամ այն պաթոլոգիան:

Ես ընդհանրապես դեմ եմ արհեստական ընդհատումներին, իհարկե, այս հարցում բացառություն են չզարգացող հղիությունները և պտղի արատներով պայմանավորված ընդհատումները՝ որոնք բժշկական ցուցում ունեն: Կարծում եմ, խնդիրը պետք է բարձրացնել առաջնային օղակներում՝ տեղամասային պոլիկլինիկաներում, զույգերին տրամադրելով պատշաճ ինֆորմացիա հակաբեղմնավորիչ միջոցների տեսակների, դրանց կիրառելու տարբերակների մասին, որպեսզի անցանկալի հղիություն չգրանցվի և ընտանիքի պլանավորումը դառնա գրագետ: Ես կողմ եմ ծնելիության խթանմանն ու բազմազավակ ընտանիքներին, և չեմ վախենա ու կասեմ, որ աբորտը մեղք է, որովհետև առաջին օրից էմբրիոնը անհատականություն է և ոչ մեկը չունի իրավունք մեկ այլ մարդու համար որոշել, թե նա որքան պետք է ապրի, կամ պետք է ապրի, թե ոչ:

-Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների տարեց տարի մեծանում է կանանց ամուսնության տարիքային շեմը։ Կանանց համար ո՞ր տարիքն է համարվում մայրանալու լավագույն տարիք։

-Ուշ ամուսնությունները նվազեցնում են հղիանալու հավանականությունը, առաջին խնդիրն այն է, որ տարեցտարի կնոջ ձվարանների պաշարը նվազում է և դրա դեմ ոչ մի դեղորայք չկա: Այսինքն` կինը ծնվելուց ունի հստակ ձվարանային պաշար և հետագայում, ամեն անցնող դաշտանային ցիկլ այդ պաշարը միայն նվազում է: Իսկ տղամարդկանց մոտ տարիքին զուգահեռ սերմն է որակապես վատանում:

Երեխա ունենալու լավագույն տարիք դժվարանում եմ առանձնացնել, քանի որ ինքս ականատես եմ լինում, որ քառասուն տարեկան կինը շատ հաջող հղիություն ու ծննդաբերություն է ունենում, մինչդեռ 25 տարեկանում հղիությունը կարող է բարդանալ տարատեսակ պաթոլոգիաներով:

Մաղթում եմ, որ բոլոր կանայք իրենց կյանքում գեթ մեկ անգամ զգան մայրության բերկրանքը, չէ որ կին լինելը դա առաքելություն է, իսկ Մայր լինելը օրհնություն:

 Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031