Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսսեի հիմնական նպատակը աշակերտի սեփական մտքերի վրա կենտրոնանալն է». Արամ Փախչանյան

Հուլիս 24,2024 15:18

Aravot.am-ը դպրոցներում էսսե գրելու թեմայով զրուցել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի հետ։

– Պարոն Փախչանյան, «Կրթության տապանի» նախորդ թողարկումներից մեկում ասում եք, որ Հայաստանի դպրոցներում շուտով կսկսեն էսսեներ գրել։ Իսկ մինչ սա Հայաստանում արդեն իսկ կայի՞ն ոչ պետական դպրոցներ, որոնք աշակերտներին էսսեներ հանձնարարում էին։

 

– Հայաստանում գործում են դպրոցներ, որոնք վաղուց աշխատում են տարբեր այլընտրանքային ծրագրերով, օրինակ՝ Արարատյան բակալավրիատով կամ Միջազգային բակալավրիատով։ Դրանցում էսսեները հանդիսանում են տարբեր առարկաների (ոչ միայն պատմության կամ լեզվի) պարտադիր բաղադրիչը։

Դրանք սովորեցնում են աշակերտներին ինքնուրույն գալ հիմնավոր եզրակացությունների, եւ ներկայացնել ոչ միայն իրենց եզրակացությունը, այլ նաեւ դրա հիմնավորումը, մտքի ընթացքը։

Էսսեները տարբեր տեսակի են լինում։ Եթե ընդհանրացնենք, էսսեն ընդամենը ձեւաչափ է, որը կարող է պարունակել տարատեսակ բովանդակություն։

– Ինչո՞ւ էսսե և ոչ շարադրություն։

– «Շարադրություն» հասկացությունը շատ ավելի ազատ ձեւաչափ է ենթադրում, եւ այդ ձեւաչափի սահմանումը հանձնվում է ուսուցչի հայեցողությանը։ Մեր դպրոցներում, դեռ խորհրդային տարիներից շարադրությունը սովորաբար ենթադրում է գրական նյութի վերարտադրություն վերլուծության հետ համատեղ։

Այն կարող է պարունակել մեջբերումներ աղբյուրից, եւ աշակերտի տեսակետը կամ պատկերացումը հեղինակի ասածի շուրջ։ Շարադրությունն, այդ առումով, նման է պարզեցված դասական գրաքննադատությանը։

Դրա համեմատ` էսսեի հիմնական նպատակը աշակերտի սեփական մտքերի վրա կենտրոնանալն է։ Սակայն դա պարտադիր չէ։ Էսսեն կարող է լինել նաեւ հակիրճ վերաշարադրում, կարող է նաեւ համադրել վերաշարադրումը վերլուծության հետ, ինչպես դա անում է շարադրությունը։

Ուսումնական նպատակներով, սակայն, աշակերտները սկզբից պետք է սովորեն գրել տարբեր «մաքուր» տեսակի էսսեներ, օրինակ՝ զուտ վերաշարադրում, համադրության եւ հակադրության էսսե, էսսե-պատմվածք, սինթեզի էսսե եւ այլն։

Փաստացի այդ տեսակները համապատասխանում են Բլումի աստիճանակարգման հայտնի մակարդակներին։ Օրինակ՝ պարզագույն տեսակը՝ վերաշարադրումը, ներկայացնում է աստիճանակարգման առաջին երկու մակարդակը։ Այն հնարավորություն է տալիս ուսուցչին համոզվել, որ աշակերտը կարողանում է ընկալել եւ արտաբերել սկզբնաղբյուրը՝ կենտրոնանալով հիմնական գաղափարների վրա եւ հակիրճ ներկայացնելով դրանք։

Հաջորդիվ գալիս է համադրության եւ հակադրության էսսեն, որը արդեն ամրապնդում է աշակերտի վերլուծական կարողությունները։

Սինթեզի էսսեն զարգացնում է նոր գիտելիք ստեղծելու կարողությունը, իսկ էսսե-պատմվածքը հնարավորություն է տալիս աշակերտին ստեղծել ամբողջապես ինքնուրույն գործ, որը արդեն Բլումի աստիճանակարգման առավել բարձր մակարդակին է համապատասխանում։

Քայլ առ քայլ գնալով այդ աստիճաններով, աշակերտը գալիս է ստեղծագործելու փուլին՝ զինված լինելով դրա համար անհրաժեշտ հմտություններով։ Տարբեր տեսակի ուսումնական էսսեների սահմանած խիստ ձեւաչափերը ձեւավորում են մտքի եւ խոսքի կարգապահություն, օգնում են աշակերտին ոչ միայն ստեղծագործել, այլ վերլուծել այլ հեղինակների աշխատանքը ե՛ւ բովանդակության, ե՛ւ ձեւաչափի տեսակետից։ Այն նաեւ օգնում է վերհանել այլ մարդկանց գրածում վրիպումները եւ հակասությունները, ինչը զարգացնում է քննական մտածողությունը, եւ ձեւավորում է ցանկացած տեղեկույթի նկատմամբ հավասարակշռված եւ գիտակից մոտեցում։

Միայն երբ աշակերտը արդեն վարժ տիրապետում է պարզ ձեւերին եւ հասկանում է դրանց կանոնները, նա կկարողանա ազատ համադրել եւ միավորել դրանք՝ ստեղծագործելով ավելի մեծ եւ ընդհանրական չափի մեջ, եւ օգտագործելով անհրաժեշտ արտահայտչամիջոցներ՝ ըստ ցանկալի նպատակի։

Բացի այդ ամենից, էսսեն ունի գործնական կիրառում՝ այն ցանկացած հաղորդագրության, տեղեկույթի եւ գիտելիքի փոխանցման հասկանալի եւ ընկալելի միավոր է դառնում։

– Արդյո՞ք մեր ուսուցիչները, որոնց մի զգալի հատված անցել է խորհրդային դպրոցով և ավելի շատ հմտացել շարադրություններում, ծանոթ են էսսե հասկացությանը, որպեսզի էսսեներ հանձնարարեն և պատշաճ գնահատեն։

 – Ցավոք, մեր ուսուցիչներից շատերը չեն առնչվել էսսեի հետ։ Մինչ աշակերտներին սովորեցնելը, իրենք պետք է ինքնուրույն ձեռք բերեն անհրաժեշտ հմտություններ։

Ես օգտագործեցի «պարզ ձեւեր» բառակապակցությունը, սակայն այդ ձեւերը պարզ են իրենց սահմանմանբ, սակայն ոչ բովանդակությամբ։

Օրինակ՝ սինթեզի էսսե գրելը բարդ է անգամ փորձառու հեղինակների համար, քանի որ այն պահանջում է ուշադիր եւ հետեւողական անդրադարձ աղբյուրներին, որոնց վրա հենվում է հեղինակը, եւ սեփական մտքերի նկատմամբ քննական եւ նուրբ վերաբերմունք։

Շատ հեշտ է ոգեւորվել եւ խզել մտքի թելը, եւ այդ դեպքում էսսեն դառնում է տարատեսակ պնդումների խառնաշփոթ, որից տուժում է մտքի ամբողջականությունը, արտահայտչականությունը եւ գեղեցկությունը։

 

Զրույցը՝ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԻ

Լուսանկարը՝ Արամ Փախչանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031