Լրահոս
Օրվա լրահոսը

Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու: Հայաստանը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ առանց ամոթի զգացման ճկուն. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 24,2024 15:01

Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ պետությունների,  ժողովուրդների և հակամարտությունների ընթացքներ։ Նույնիսկ եթե հաղթի դեմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները լինելու են ավելի սրընթաց։

Ուկրաինան սա արագ հասկացավ, և Կիևի հռետորաբանությունն օրերի ընթացքում անճանաչելիորեն փոխվեց։ Կիևը հիմա ավելի է հակված բանակցությունների ու պատերազմի արագ դադարեցմանը։ Սա ճկուն քաղաքականություն է, ինչը միանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պետք էր հասկանալ շատ ավելի վաղ նախքան անմեղսունակ քաղաքականության հետևանքով երկիրն ավերելը։

Նույն խնդրի առաջ կանգնած ենք մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմն հեծանվորդ փչացրեց Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ և տեղավորվեց Արևմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արևմտյան միջնորդությունը, բայց այդ ընթացքում էապես բարելավեց իր հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, մեղմեց լարվածությունն Իրանի հետ։

Մինչ հայ հանրությունն աշխարհի ու քաղաքականության մասին իր գավառական պատկերացումներն էր խորացնում՝ իշխանությունների և Հ1-երի օգնությամբ գոռալով «սաղ ռուսներն են մեղավոր», հակառակորդն իր շահերի բալանսավորումը հասցրեց կատարել առավելագույն արդյունավետությամբ։

ԱՄՆ փոփոխվող վարչակարգի և միջնորդների անհատական կազմի փոփոխման պայմաններում, Հայաստանը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ առանց ամոթի զգացման ճկուն։ Հնարավո՞ր է դա անել այսօր գործող բանակցողի և գործող կառավարության պայմաններում։ Գուցե ինչ-որ մասով հնարավոր է, սակայն դժվար պատկերացնելի, եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների անկանխատեսելիությունն ու հնարավոր կուլիսային պայմանավորվածությունները։

Ճիշտ պահին նոր բանակցողի և նոր կառավարության ի հայտ գալը կարող էր ուղղակիորեն հնարավորությունների նոր էջ բացել Հայաստանի և անգամ Արցախի համար։ Շատ պետություններ են իրենց պատմության մեջ արել նման քայլեր և շահել պատմական կտրվածքում (ներառյալ` մեր բոլոր 4 հարևանները)։

Կա կարծիք, որ ճիշտ կլիներ, որ դա արվեր պալատական պրոցեսների արդյունքում։ Գուցե ճիշտ է, բայց պալատական պրոցեսների համար նախ և առաջ պալատ է պետք ունենալ։ Մեզ մոտ այն վերածվել է պատահականությունների գավառական կայարանի։

Նոր և ճկուն պաշտոնական Երևանի պատմական անհրաժեշտությունը սուր խնդիր է, որը պետք է դառնա առաջիկա պրոցեսների առանցքը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031