Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ գիտեիք՝ աշնանը պատերազմ է լինելու, մեր ռազմավարական բարձունքներն ինչո՞ւ հանձնեցիք, թուրքին ինչո՞ւ բերեցիք մեր գյուղերում բնակեցրեցիք»․ Գառնիկ Դանիելյան

Հուլիս 24,2024 14:54

«Հայաստանի Հանրապետությունը ժամ առ ժամ անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ է կանգնում։ Ես մի քանի օր առաջ Կիրանցում էի եւ տեսնում էի, թե ադրբեջանցիներն ինչպես են ինժեներական աշխատանքներ կատարում արդեն Կիրանցի այն հատվածում, որը հանձնվել է իրենց վերահսկողությանը։ Դպրոցի հարակից տարածքում արդեն ադրբեջանական տեխնիկան է աշխատում։ Եվ այս տխմարները տարբեր վոյաժներ են կատարում տարբեր երկրներում, երջանիկ, ուրախ ու անհոգ իրենց ամառային արձակուրդն են վայելում Իսպանիայում ու Լոնդոնում»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա հավելեց․ «Ալիեւն ապտակեց Նիկոլ Փաշինյանին, մեկ անգամ եւս ի լուր աշխարհի հայտարարելով,  որ ոչ մի խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Ասաց, որ պահանջներ կան, որոնք պետք է կատարվեն Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդ պահանջների մասին բազմիցս խոսել ենք։ Տգետների մի հատված կա, որն անընդհատ պաշտպանում է գործող օկուպացիոն ռեժիմին։ Իրենց խամաճիկների մի խումբ կա, որն ասում է՝ խաղաղություն։ Ստացա՞ք այդ խաղաղությունը, ո՞ւր է այդ խաղաղությունը։ Գնացեք Տավուշ, տեսեք՝ կա՞ այդ խաղաղությունը։ Կամ գնացեք այլ մարզեր, տեսեք՝ այդ խաղաղությունը ստանալո՞ւ եք։ Ալիեւն ասաց, որ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու։

Սահմանադրության փոփոխության պահանջը մեկ անգամ եւս ներկայացրեց, ադրբեջանցիների վերադարձի հարցը բարձրացրեց, արդեն Ադրբեջանում հրապարակում են Հայաստան վերադարձող ադրբեջանցիների ցուցակները՝ Սիսիանում 11 հազար, մայրաքաղաքում հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է բնակեցվեն։ Ամբողջ ՀՀ տարածքում «Արեւմտյան Ադրբեջանի» կոնցեպտը պետք է կիրառվի, եւ ադրբեջանցիները պետք է տարբեր բնակավայրերում բնակվեն։ Եվ որեւէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Պահանջ է դրված, որ Մինսկի խումբը լուծարվի։ Այսօր իրենց շորերը պատռելով՝ այս խեղկատակներն ուզում են մեր ժողովրդին համոզել, թե Մինսկի խումբն ո՞ւմ է պետք եղել։ Մինսկի խումբը գործել է, եռանախագահները Ալիեւին փակ դռների հետեւում պարտադրել են, որ ճանաչի Արցախի անկախությունը, դա ասել է ինքը՝ Ալիեւը, հիմա ասում են՝ այս խունտային պետք չէ Մինսկի խումբը։ Ալիեւն ասում է, սրանք էլ մի երջանկացած, ուրախացած ԱԺ ամբիոնից ասում էինք՝ մեզ Մինսկի խումբը պետք չէ, բեռ է մեզ համար, լուծարենք, գնա»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ այսօր Ալիեւը գնում է այն ճանապարհով, որ իսպառ ոչնչացնի այն փոքր կառչելու տեղերը, որոնք պետք է լինեն Հայաստանի համար իշխանափոխությունից հետո։ «Արցախցիներին ցեղասպանության, էթնիկ զտումների են ենթարկել։ Հիմա այդ մարդիկ տնավեր են դարձել, տարբեր երկրներում, աշխարհաքաղաքական կենտրոններում Ադրբեջանի առաջ պահանջներ են դնում։ Հիմա Ալիեւը սրանով ուզում է ասել՝ անգամ Հայաստանի իշխանությունները չեն ուզում Մինսկի խումբը լինի, Հայաստանի իշխանություններն անգամ մեր առաջ չեն դնում այդ պահանջները, որ էթնիկ զտումների են ենթարկվել, ցեղասպանություն ու հայրենազրկում է տեղի ունեցել, դուք ինչի՞ համար եք դա ասում։ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսել տարբեր երկրներում, որոնք ինձ ասել են՝ դուք մեզանից ի՞նչ եք ուզում, եթե ձեր երկրի ղեկավարությունը պահանջատեր չէ: Որեւէ բան չկա, որ Ալիեւն ասի, Հայաստանի իշխանությունները չանեն»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ Ալիեւը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ «Իսկ ՀՀ իշխանությունները՝ այս տխմարները գնացել ճանաչել են 86 600 քկմ, հիմա էլ Ադրբեջանը դա էլ է իրենց դեմ օգտագործում։ Ասում է՝ ճանաչել ես, ուրեմն փոխհատուցումները կգաս խելոք կփակվես, 100 մլրդ դոլարի վնաս ես տվել, փոխհատուցումը կտաս… Ադրբեջանում արդեն ակտիվ քննարկվում է միջանցքի հարցը, դա օրակարգում դրված է, իրենք պարզ ասում են, որ մոտակա ժամանակաշրջանում այս հարցը լուծվելու է։ Դրված է Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի հարցը։ Այսինքն՝ խնդիրների մի մեծ խումբ կա դրված, որը սրանք առաջիկայում փորձում են իրագործել»,- ասաց պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանը նաեւ հավելեց, որ ցավոք իրականացվեցին այն կանխատեսումները, որ Տավուշում տեղի ունեցած գործընթացը ոչ թե սահմանազատում էր, այդ միակողմանի զիջում։ «Տավուշի առաջնագիծը հանձնեցին Ադրբեջանին, հայկական կողմը փոխարենն ի՞նչ ստացավ, ոչ մի բան։ Այս հոգնած խելապակասները հայկական տարածքները տալու դիմաց ստանում են իրենց ասած անվտանգային ռիսկերի նվազեցում։ Դա իրականում իրենց անձնական անվտանգային ռիսկերի նվազեցման մասին են խոսում, իրենք մնացին իշխանության։ Այսինքն՝ այդ տարածքները տվեցին, տեղը ոչ մի բան չստացան, հիմա էլ ադրբեջանցիները Տավուշի մարզում ամրաշինական աշխատանքներ են կատարում, իսկ ձեր նման տականքներն էլ ասում են՝ աշնանը պատերազմ է լինելու։

Գնացեք նայեք Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե ինչ է ասում, տարածքները տվեցիք, սպասեք պատերազմի։ Բա որ գիտեիք պատերազմ է լինելու, մեր ստրատեգիական բարձունքներն ինչո՞ւ հանձնեցիք, թուրքին ինչո՞ւ բերեցիք մեր գյուղերում բնակեցրեցիք… Հիմա բերել եք ադրբեջանցուն դրել եք Կիրանցի դպրոցի մոտ, որ ի՞նչ անեք, որ սեպտեմբերին հարձակվի՞։ Հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն ադրբեջանցիները հնձում են, դուք դրա պատասխանն ունե՞ք։ Իհարկե, չունեք, դուք վաղուց էիք պայմանավորվել, որ այդ տարածքները պետք է հանձնվեին եւ գյուղացիներին խաբում էիք»,- հավելեց նա։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ խաղաղություն չկա ու չի լինելու, այս իշխանություններն իրենց պաշտոնները պահելուն ուղղված գործողություններ են անում, իսկ վերջում մեզ կանգնեցնելու են փաստի առաջ։ Նա ասաց, որ իրավիճակը շատ մտահոգիչ է, մենք դժվար օրեր ենք ապրելու նորից։ Նա հավելեց․ «Այս իշխանության օրոք որեւէ լավ բանի ակնկալիք չունենաք։ Այս իշխանությունները փոխանակ զբաղվեն մեր երկրի անվտանգային հարցերով, զբաղվում են իրենց քաղաքական օպոնենտների նկատմամբ հալածանքներով»։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ Սրբազան շարժման անդամներն առաջիկայում բակային հանդիպումներ են անցկացնելու տարբեր վարչական շրջաններում․ «Բակային հանդիպումներին զուգահեռ՝ մարզային այցեր ենք կատարելու, առաջիկա շաբաթվա ընթացքում այցելելու ենք Վայոց Ձորի մարզ։ Նպատակը մեկն է՝ շփվել մեր հայրենակիցների հետ, մեր տեսակետներն ու ծրագրերը ներկայացնել, իրենցից էլ լսել առաջարկները։ Առանց միասնական աշխատանքի եւ իրար հետ համագործակցության, հաջողության հասնելն անհնար է։ Մենք միայն միասին գործելով՝ կարող ենք այս օկուպացիոն, ազգադավ ռեժիմից ազատագրվել։ Սա մաքուր ազգային ազատագրական պայքար է, արդյունքի կարող ենք հասնել միայն միասնական ջանքերով։ Արդեն սեպտեմբեր ամսից սկսած՝ մեր ավելի ակտիվ գործողությունների փուլն է սկսվելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031