Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկապես ՌԴ քաղաքացիների պարագայում՝ ձերբակալումն այժմ կատարվում է զուտ իբրեւ իրավական գործընթաց՝ փաստաթղթավորումով եւ անմիջապես ազատ է արձակվում մարդը. ՀՔԱՎ-ն աջակցություն է ցուցաբերում 130 անձանց

Հուլիս 24,2024 14:34

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրավական պաշտպանություն է տրամադրում Ռուսաստանի դաշնության, Բելառուսի հանրապետության, Իրանի իսլամական հանրապետության 130 քաղաքացիների։ Նրանց մեծ մասը՝ 127-ը ՌԴ քաղաքացիներ են, ովքեր Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի դաշնության կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով. ովքեր համոզված են եղել, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող են ապահով զգալ իրենց պետության իշխանությունների հետապնդումներից, որտեղ երաշխավորված կլինի իրենց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները․ այս թեմայով զեկույցն այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Այդ անձանց տրամադրվում է իրավական խորհրդատվություն, դատական պաշտպանության ապահովում՝ ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կոնվենցիոն իրավունքների խախտման հիմքով գանգատների ներկայացմամբ, պետական և իրավապահ մարմինների հետ ունեցած հարաբերություններում ներկայացուցչություն։

Ըստ փաստաբանի, այդ անձինք իբրեւ անվտանգ երկիր ընտրում են ՀՀ-ն, քանի որ մեզ մոտ չկա արտահանձնման պրակտիկա, ավելին, կան սահմանափակող օրենքներ։ Թեեւ արտադատական արտահանձնման մեկ դեպք ՌԴ քաղաքացու հետ եղել է․ խոսքը ՌԴ-ում դասալիք համարվող Դմիտրի Սեդրակովի մասին է, որը մի քանի օր պահվեց Գյումրիում գտնվող ՌԴ 102 ռազմաբազայի տարածքում, ապա ռազմաբազայի վերնախավն արտահանձնեց ՌԴ-ին, թեեւ այդ ընթացքում ՀՀ-ն ՄԻԵԴ-ի հետ կոմունիկացիայի մեջ էր։ Նա հրաժարվել էր ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցել՝ ինչպես նրա կինն էր ասել՝ չի ցանկանում պատերազմել եւ մարդկանց սպանել։

«ՌԴ-ն հակված չէ բոլոր ձերբակալվածների դեպքերով ուղարկել արտահանձնման մասին միջնորդություններ, ի տարբերություն Բելառուսի, որը ցանկացած իրավիճակում է նման միջնորդություններ ներկայացնում»,- հայտարարեց փաստաբանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ սկզբում՝ 2022-ին, Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո, ՌԴ-ից մեկնում էին հիմնականում ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնու աջակիցները, մեծամասամբ՝ լրագրողներ, որ ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններ եղան՝ ագրեսիան դատապարտողների դեմ խստացումներ։ Ռուսական ժարգոնով ասած՝ «օտկազնիկների» դեմ քրեական հետապնդումներ սկսեցին։ Ըստ Արթուր Սաքունցի, իրենց դիմողներն ավելի շատ են, բայց փաստաթղթավորված գործընթաց 130-ի մասով կա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բանախոսներն անդրադարձան նաեւ այն մարտահրավերներին, որոնց բախվում են այդ մարդիկ՝ մեր երկիր մտնելիս․ հենց Հայաստան մտնելիս, սահմանին անմիջապես ձերբակալվում են։ Փաստաբան Անի Չատինյանի ներկայացմամբ, սկզբնական շրջանում, երկու տարի առաջ, այդ մարդկանց ազատ արձակելու տարբերակ հիմնականում չկար, քանի որ դա բավական երկար իրավական գործընթաց էր, բայց, «համառ պայքարի» արդյունքում հասել են նրան, որ հատկապես ՌԴ քաղաքացիների պարագայում, ձերբակալումը այժմ կատարվում է զուտ իբրեւ իրավական գործընթաց՝ փաստաթղթավորումով եւ անմիջապես ազատ է արձակվում մարդը։

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031