Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտակցում է, որ պաշտոնին իր հայտնվելը պատահականություն է, դրա համար ուրախանում է Բեռլինում ֆուտբոլի խաղ նայելով. ռեժիսորը՝ Փաշինյանին

Հուլիս 24,2024 13:47

«Ֆուտբոլի հետ կապված, Փաշինյանի ընտանիքի ուղեւորությունների հետ կապված՝ մեկնաբանություններ չունեմ, որովհետեւ բոլորին հասկանալի է, որ այդ մարդիկ գնացել էին այնտեղ, որ ինչ-որ բան անեին: Գերմանիայի հետ կապված՝ չգիտեմ, բայց Լոնդոնի հետ կապված՝ ինչ-որ բան պետք է ստորագրեին: Դա պարտադրանք էր, տեղում այդ պարտադրանքը փոխվեց այլ պարտադրանքի: Ստացվեց, որ իրենց մնաց այն, ինչ այս վեց տարիներին անում են՝ ման են գալիս, նկարներ են տեղադրում սոցցանցերում»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի գործողություններին եւ տարբեր երկրներ ուղեւորություններին:

«Երբ դեռահասները նոր են մտնում սոցիալական ցանցեր, նման նկարներ են սիրում տարածել, որ ցույց տան, թե ինչքան հաջող է իրենց կյանքը: Ես ապշում եմ սրանց վրա: Ինչքան պետք է քո անհաջողակությունը, լուզեռությունը, քո չստացված կյանքը քեզ հետապնդի, որ դու անընդհատ փորձես մարդկանց ցույց տալ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Երբ դու նշանակվում ես պետական բարձրագույն պաշտոնի, նշանակում է՝ առնվազն քո կյանքը ստացվել է: Բայց դու ներքուստ ինչքան վստահ ես, որ դա պատահականություն էր, որ անընդհատ ցույց ես տալիս ինչ-որ բաներ: Քո երկրի գլխավոր պաշտոններից մեկն ես զբաղեցնում, դրա հաջողության բաղադրիչներից նույնիսկ 0,1 տոկոսը չի այն, որ գնում ես Բեռլին ու նայում ֆուտբոլի խաղ: Դա ընդհանրապես հաջողության բաղադրիչ չէ:

Հաջողության բաղադրիչն այն է, որ այդպիսի կարիերային աճ ես ունեցել եւ ծառայում ես քո երկրին, քո պետությանը՝ բարձր պաշտոնում: Ինչքան պետք է ներքուստ համոզված լինես, որ այդ պաշտոնին հայտնվելը պատահականություն է, շուտով վերջանալու է այս ամեն ինչը, որ ուրախանաս նրանով, որ շանս ունես գնալու Բեռլինում ֆուտբոլի խաղ նայելու»,-ասում է ռեժիսորը:

«Ես չգիտեմ՝ որ ուժերը կասեցրին Սյունիքի միջանցքի հանձնումը, մեր հայրենիքի մի պատառի հանձնումը (որովհետեւ կարծես թե ամեն ինչ դրան էր գնում), որ ուժերը կանգնեցրին եւ ինչ նպատակով, կամ գուցե մեզ համար ավելի վատ նպատակներով, գուցե եւ մեր անհաջողությունների ալիքը շուռ է գալիս եւ հակառակ ուղղությամբ է գնալու, բայց իրենք գնացել էին մի բանի համար, ինչը չեղավ, հետ եկան: Հիմա ի՞նչ ասես դրանց…»,-հավելեց Հովհաննես Գալստյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031