Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքի ՔՊ-ական համայնքապետի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև երկամյա պատերազմը շարունակվում է. «Հրապարակ»

Հուլիս 24,2024 11:08

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Վայքի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի միջեւ երկամյա պատերազմը շարունակվում է։ Կողմերը միմյանց դեմ դատարան են դիմել եւ փոխադարձաբար հերքում-ներողություն են պահանջում՝ միմյանց զրպարտելու, բարի համբավն արատավորելու համար։

Դեռեւս երկու տարի առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչեւ 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթեւոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
Այս տարվա ապրիլին Հանձնաժողովը հայտարարեց, որ վարույթ է հարուցել համայնքապետի նկատմամբ՝ պաշտոնի անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման եւ վերջինիս գործողություններում շահերի բախման հիմքով։

Մխիթար Մաթեւոսյանն իր նկատմամբ հարուցված վարույթի վերաբերյալ «Հրապարակի» հետ զրույցում ապրիլի 2-ին հայտարարել էր, որ հանձնաժողովն իր դեմ պատվեր է կատարում։ «Հիմարություն է, ինչ-որ մեկի պատվերն են իրենք կատարում։ Ես չգիտեմ, թե դա ում պատվերն է, բայց ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ, համատեղելիության ոչ մի հարց էլ չկա։ Այդ գործը նույն այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է դատախազությանը, մի քանի ամիս ուսումնասիրել են, ինչ որ պետք է, հարցաքննել են, հանցակազմ չլինելու հիմքով գործը կարճվել է։ Այդքանից հետո իրենք ի՞նչ են ուզում՝ ես չեմ հասկանում»։

Համայնքապետը հարցազրույցում խոստացել էր դատի տալ Հանձնաժողովին՝ «առանց հիմքերի» նման հայտարարություն տարածելու եւ իր համբավն արատավորելու համար։ Երեկ էլ ասաց, որ խոստումը կատարել է, հայցը վարույթ են ընդունել, առաջիկայում դատական նիստ կնշանակվի, ինքը չի նահանջելու, մինչեւ Հանձնաժողովը չհերքի իր մասին «ապատեղեկատվությունը»։

Իր հերթին Հանձնաժողովն էլ է դատարան դիմել, Մաթեւոսյանից պահանջում է գրավոր հերքել «Հանձնաժողովն իմ դեմ պատվեր է կատարում» արտահայտությունը։ Միջնորդել են նաեւ, որ «Հրապարակ» օրաթերթը որպես երրորդ կողմ ներգրավվի, եւ հայցի ապահովման միջոց կիրառվի` այլեւս հրապարակումներ չարվեն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031