Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողումն ընդունած ղեկավարը հրաժարական տվեց. Թրամփին պաշտպանող Գաղտնի ծառայության գործակալները տեղյակ են եղել կասկածելի անձի մասին

Հուլիս 24,2024 09:00

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել` Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ժամանակ իր ղեկավարած գերատեսչության ձախողման պատճառով

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգները ցնցած մահափորձից օրեր անց էլ պատասխանները սակավ են, թե ինչպես են կարողացել մահափորձ իրականացնել ԱՄՆ-ում ամենից պաշտպանված անձանցից մեկի նկատմամբ, որը կարող է դառնալ երկրի նախագահ։

Միացյալ Նահանգներում գործող ու նախկին պաշտոնյաների անվտանգության համար պատասխանատու Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլին հրավիրել էին Կոնգրես՝ պատասխանելու տեղի ունեցածի մասին հարցերին:

«Մենք ձախողվեցինք»,- ասել է Չիթլը։ Չիթլի խոսքով, ԱՄՆ նախկին նախագահին պաշտպանելու գործում գործակալության ձախողման մասին ամբողջական զեկույց կներկայացվի առաջիկա 90 օրվա ընթացքում:

Օրենսդիրներն արձագանքեցին, թե տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է հատկապես նախընտրական փուլում, իսկ ոմանք կոչ արեցին Քիմբերլի Չիթլին հրաժարական տալ։ «Գաղտնի ծառայությունը [իրավունք չունի] ձախողվել, սակայն այն ձախողվեց հուլիսի 13-ին և հանրահավաքին նախորդող օրերին: Գաղտնի ծառայությունն ունի հազարավոր աշխատակիցներ և զգալի բյուջե, սակայն դարձել է ոչ կոմպետենտ աշխատանքի խորհրդանիշ»,- ասել է հանրապետական կոնգրեսական Ջեյմս Քոմերը:

Չիթլն օրենսդիրներին տեղեկացրել է, որ Թրամփին պաշտպանող Գաղտնի ծառայության գործակալները տեղյակ են եղել կասկածելի անձի մասին՝ մինչև նախկին նախագահի ելույթը այդ հանրահավաքում:

«Եթե տեղեկություն փոխանցվեր, որ սպառնալիք կա, նախկին նախագահը բեմ դուրս չէր գա»,- ասել է Չիթլին։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում դիտորդներից մեկը նկատել է՝ այն հանգամանքը, որ Գաղտնի ծառայությունում նախօրոք իմացել են կասկածյալի մասին, հարցեր է առաջացնում:

«Միանշանակ է, որ սպառնալիքը չեզոքացնելու գործում ձախողում է եղել, երբ այն՝ [սպառնալիքը] անմիջապես նկատվել է։ Այդ երիտասարդի վրա կրակելը օրինական կլիներ, երբ նա [արդեն] տանիքում էր: Չգիտեմ, թե ինչու են տատանվել [Գաղտնի ծառայության աշխատակիցները]»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ներկայացուցիչ Սքոթ Ուայթը:

Այս ամենի ֆոնին՝ Կոնգրեսի դեմոկրատները վերստին կոչ են արել փոփոխություններ իրականացնել ԱՄՆ-ում զենքի մասին օրենսդրության մեջ՝ խստացնելով այն:

«Օրերս քիչ էր մնում կորցնեինք [ԱՄՆ] նախագահի թեկնածուին։ 20-ամյա մի երիտասարդ վերցրել է իր հոր AR-15 տեսակի հրազենը, բարձրացել տանիք՝ ամբիոնից 500 յարդ կամ ոտնաչափ հեռավորության վրա: Ձեզ հարցնում եմ՝ այդ AR-15-ի առկայությունը դժվարացրե՞լ է ձեր գործը, թե՞ հեշտացրել։ Դուք պատրաստ չեք պատասխանել այս հարցին»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Ջերի Քոնոլին:

Նշենք, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն տակավին չի հրապարակել ենթադրյալ հրձիգի՝ Թոմաս Մեթյու Քրուքսի նման քայլի դրդապատճառը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031