Նրանք, ովքեր կարծում են, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակն արդեն Դոնալդ Թրամփի գրպանում է, թերեւս, շտապում են:
ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ցանկացած այլ ժողովրդավարական երկրի առանձնահատկությունն այն է, որ ընտրությունների արդյունքն անկանխատեսելի է: Իսկ այն, թե ինչ տեղի է ունենալու ընտրություններից հետո՝ քիչ թե շատ կանխատեսելի:
Մեր նման երկրներում ճիշտ հակառակն է՝ ի սկզբանե պարզ է, թե ով է հաղթելու ընտրություններում, իսկ թե ինչ հետեւանքներ է դա ունենալու՝ այ, դա դժվար է կանխատեսել: Առաջին մոդելն ապահովում է այս կամ այն աստիճանի կայունությունը, երկրորդ դեպքում միշտ առկա է ապակայունացման վտանգը:
Ո՞վ է դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ Բայդենը, թե Հարիսը, իհարկե, կարեւոր է, բայց այնքան կարեւոր չէ, որ դեմոկրատների «միջուկային» ընտրազանգվածը (իսկ խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է) որոշի մի քանի ամսում մտքափոխ լինել: Անկախ թեկնածուների անձից՝ հանրապետականները դժվար թե հաջողության հասնեն, օրինակ, Կալիֆոռնիայում: Ճիշտ նույն ձեւով, քչերի մտքով կանցնի, որ Օհայոյում կհաղթեն դեմոկրատները: Եվ պայքարն ընթանում է «տատանվող նահանգների» (swing states) համար:
Կարդացեք նաև
Դա համակարգ է՝ բնական, թե շինծու, արդար, թե անարդար (ինչ էլ հասկացվի այդ, բավականին պայմանական, եզրերի տակ), բայց համակարգ է, որն ապահովում է իշխանության փոփոխելիությունը (removability): Եվրոպական խոշորագույն երկրներում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում, սոցիալիստները եւ կենտրոնամետ աջերը (տարբեր անուններով) իրար փոխարինում են՝ թույլ չտալով, որ իշխանության գան ծայրահեղ աջերը՝ այս պարագայում «լը-պենականները» եւ «այլընտրանքայինները»: Ի դեպ, բացառված չէ, որ մոտակա տարիներին ծայրահեղ աջ պոպուլիստներն ավելի զգալի հաջողությունների հասնեն:
Նման համակարգ չկա Հայաստանում՝ ընտրություններում մշտապես հաղթում է գործող իշխանությունը: Նույնիսկ այն դեպքում, երբ տեղի է ունենում «իշխանափոխություն», ընտրությունները միայն արձանագրում են de-facto գոյություն ունեցող վիճակը: 1998- ին հաղթեց փաստացի նախագահ Քոչարյանը, 2018- ին՝ փաստացի վարչապետ Փաշինյանը:
Եթե մենք ուզում ենք իսկապես ինտեգրվենք Արեւմուտքին, ոչ թե այդ թեմաներով օդ ցնցենք, ապա պետք է ստեղծենք քաղաքական համակարգ, որը երաշխավորում է իշխանության փոփոխելիությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե մեր հեռուստացույց նայող (տեղեկատվական թմրանյութ սրսկվող) շատ սիրելի քաղաքացիները ընտրություններում ընտրեն նրանց, ում կառաջարկեն հեռուստացույց չնայող նրանց շատ սիրելի երեխաներն ու թոռները, մենք փրկված ենք: