Արցախյան 44-օրյա պատերազմից, նաեւ՝ 2022 թ. սեպտեմբերյան տեղահանությունից հետո Հայաստան են տեղափոխվել նաեւ Արցախում այս կամ այն հանցագործության կատարման համար դատապարտված անձինք:
Շատ չեն նրանք:
Արցախում դատապարտվածների մասին առաջին անգամ պաշտոնապես հնչեց ՀՀ Ազգային ժողովում` 2023 թվականի հոկտեմբերին, երբ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստում, քննարկման ժամանակ զեկուցող Վահե Ղազարյանից ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց. Արցախում դատապարտված անձանց գտնվելու վայրի մասին կա՞ն տեղեկություններ, որտեղ են նրանք հիմա, քանիսն են:
Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ նրանք 11-ն են, նրանց տվյալները կան ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում: «Այդ քաղաքացիների վրա Հայաստանից դուրս գալու արգելք է դրված»,- հավելեց նախարարը:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2022 թվականի մարտին 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել բարձրագույն կրթությամբ անձը: Նրա պատժի սկիզբը համարվում է 2021 թվականի հունիսը:
Անձի, որի մասին տեղեկացնում եմ, անուն-ազգանունը, որոշ անձնական տվյալներ չեմ հայտնում՝ նրա ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Բաղդասարյանի խնդրանքով:
Ըստ տեղաբաշխման հանձնաժողովի, նրա պատժի տեսակը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկն է:
Արցախցի դատապարտյալը իր պատիժն է կրել «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սեւան»… քրեակատարողական հիմնարկներում:
«Դատապարտյալների հիվանդանոցում» եղել է կարճ ժամանակով, երկու անգամ: Նա քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում չի խրախուսվել, կարգապահական տույժ էլ չի ունեցել:
Ներգրավված է եղել քրեակատարողական հիմնարկների բարեկարգման աշխատանքներին, առանց վարձատրության: ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի կողմից տրված զեկույցը դրական էր:
Դատապարտյալի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննվում էր առաջին անգամ:
Նրա գործով քաղաքացիական հայց առկա չի եղել:
«Հնարավոր կախվածություններ» չունի, միակ կախվածությունը… գրադարանից օգտվելն է: 65-ամյա դատապարտյալի խնամքին որեւէ մեկը չկա, նրա որդին ու դուստրը, մայրը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, կապը պահպանում է հեռախոսազանգերի միջոցով:
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը գրավոր հայտնել էր փաստաբան-ներկայացուցչին, որ եթե նա ազատվի պատժի հետագա կրումից, բնակվելու է հարազատներից մեկի տանը, բայց եւ արձանագրել. «Պատժի կրման ընթացքում դրսեւորել է պատշաճ վարքագիծ, սակայն դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձր է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ» ու մերժել է դատապարտյալին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2024