Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի լավագույն բեմանկարիչներից մեկն ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում

Հուլիս 24,2024 12:30

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային ներկայացմամբ (խորեոգրաֆ՝ Վիլեն Գալստյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) նշվեց ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի ծննդյան 75 եւ նույն թատրոնում արվեստագետի ստեղծագործական գործունեության 45-ամյակները: Ի դեպ, այս ներկայացման բեմանկարիչն ու զգեստների նկարիչն Ավետիս Բարսեղյանն է: Ներկայացման ավարտին թատրոնի նվիրյալին շնորհավորեցին օպերային թատրոնի տնօրեն մաեստրո Կարեն Դուրգարյանը, արտիստական կազմը: Հոբելյարը շնորհավորանքներ ստացավ նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հոբելյանական հուշամեդալի եւ դիպլոմի տեսքով:

Ավետիս Բարսեղյանը՝ շնորհավորանքներ ընդունելիս

Վստահ ենք, որ այս հոդվածի վերնագիրը ոմանց մոտ կառաջացնի հարց, թե ինչ է նշանակում աշխարհի լավագույն բեմանկարիչ: Իսկապես, ով է այն որոշում եւ ինչպես է դա որոշվում, եթե այդ ոլորտում որեւէ կարգի մրցում կամ մրցույթ որեւէ տեղ չի իրականանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն մարդ իր սիրելի նկարչին կարող է այդ «կոչումը» շնորհել, քանի որ այդ բարձր կարգավիճակի համար որեւէ չափանիշ չկա: Արդյունքում այդ ասպարեզում, ինչպես ստեղծագործական բազմաթիվ ոլորտներում, գործում է «եթե ինձ համար լավ է, ուրեմն դա ամենալավն է» չափազանց պարզունակ սկզբունքը, որը հիմնականում օգտագործում են բոլոր ժամանակների «պսեւդոարվեստագետները» եւ կառավարիչները, որոնք սովորություն ունեն տարբեր հանգամանքները, մարդկանց, նրանց նվաճումները, շնորհը հարմարեցնելու իրենց սուբյեկտիվ քմահաճույքներին:

Բացարձակապես այլ է նեղ մասնագիտական եւ շատ բարդ աշխատանքային ասպարեզում, երբ պետք է մեծ բեմ ձեւավորվի, ապա զուտ նկարչական ձեւավորումից հետո այդ բեմը պետք է պատրաստվի այս անգամ արդեն զուտ որպես բարդագույն տեխնիկական բնույթի արտադրական աշխատանք, հետո պետք է ձեւավորել տվյալ ներկայացման տվյալ ժամանակին բնորոշ զգեստները,   դրանից հետո ստանալ, ձեւել, կարել ու պատրաստել դեռեւս «թղթի վրա» նկարված այդ նույն զգեստները եւ, ապա` ոչ միայն զգեստը, այլեւ կոշիկը, գլխարկը, սանրվածքը, սովորույթը, քայլվածքը, պահվածքը, նիստուկացը եւ բազմաթիվ այլ որակներ, որոնց մինչեւ «նկարելը» պետք է կարդալ, իմանալ, հետազոտել, գտնել, ուսումնասիրել, քո տեսակետը ձեւավորել, իր ժամանակն ու քո ժամանակը հասկանալ, համադրել եւ այն օրգանապես միահյուսել ռեժիսորի տեսլականին կամ իր ինքնատիպ հայեցակարգին: Դեռեւս մեծ բեմի հետ կապված նման դեպքերում հազարավոր նկարիչների մեջ չես կարողանում գտնել մեկին, որ կարողանա միայնակ իրականացնել վերը նշված աշխատանքները եւ որպես կանոն՝ ձեւավորումից մինչեւ պատրաստում գործն արվում է մի քանի տարբեր բնույթի աստիճաններով, տարբեր կարողությունների մարդկանցով ու արտադրամասերով: Հենց այս դեպքում է երեւում, որ բացառիկ շնորհ է պետք բեմանկարիչ լինելու համար եւ դա ամեն նկարիչ չի կարող անել: Դրամատիկ բեմերում դեռ մի կերպ հնարավոր է գտնել բեմի եւ զգեստների նկարիչ` այն էլ առանձին` բեմի եւ առանձին զգեստների, իսկ ավելի բարձր մակարդակներում` օպերային եւ բալետային ներկայացումների ստեղծման պարագայում եւ այն էլ ձեւավորումից սկսած, արտադրությունով շարունակված եւ արդյունքում բեմում իրականացված ներկայացման ձեւով, պարզվում է՝ ոչ միայն ամբողջ Հայաստանում չկան նկարիչներ, այլեւ արդեն 45 տարի է, որ կա միայն մեկ նկարիչ, ով կարողանում է իրականացնել օպերային եւ բալետային ներկայացումների ձեւավորումը եւ դրանց արտադրական պատրաստումը` էսքիզից մինչեւ «բեմն ու արտիստին հագցնելը»: Դա ամենեւին էլ գործի մենաշնորհ չէ, այլ բացառիկ կարողություն է, որ շատ քիչ նկարիչներ ունեն եւ այդ բացառիկ որակները բացառիկ են ոչ միայն Հայաստանի համար, այլեւ   երեւույթ   աշխարհի բոլոր թատրոնների համար:

Եթե մի ինչ-որ հրաշքով հնարավոր լիներ հավաքել իրար կողքի, ապա այդ ժամանակ պարզ կերեւար, որ Երեւանի օպերային թատրոնի ներկայացումների բեմի, զգեստների, բեմական իրերի ու պարագաների (ռեկվիզիտի) նկարիչ-ձեւավորող եւ այդ ամենի արտադրությունն ապահովող գլխավոր նկարիչ Ավետիս Բասեղյանը (Վիտյա) իր դիրքով, կարողությամբ ու մասնագիտական կարգավիճակով կգտնվի աշխարհի բոլոր նկարիչների մեջ ամենաբարձր կարգավիճակում, քանի որ դժվար թե աշխարհում գտնվի մի այլ ամենաբարձրակարգ թատրոն, որտեղ երաժշտական թատրոնի նկարիչ-ձեւավորողը, որը նկարչության ոլորտում ամենաբարդ ու ամենաբարձր կարգավիճակն է, եւ աշխարհում ընդունված է, որ օպերան առանձին է ձեւավորվում, բալետը` առանձին ու, բացի դրանից էլ, բեմ ձեւավորելն առանձին է, զգեստ ձեւավորելը` առանձին:

Կարելի է ուղղակի համարձակ եւ առանց տատանվելու ասել, որ երեւի թե աշխարհում միայն Ավետիս Բարսեղյանն է, որ 45 տարի շարունակ միայնակ կրում է ամբողջ պատասխանատվությունը ոչ միայն օպերային ու բալետային ներկայացումների սկզբից մինչեւ վերջ ձեւավորումների, այլեւ օպերային թատրոնի բեմում իրականացվող տարբեր միջոցառումների՝ բազմաժանր երաժշտական ու համերգային կատարումների, ձեւավորումների ապահովան գեղարվեստական եւ արտադրական պատասխանատվությունը: Չիմացող աչքն այս ամենը չի տեսնում եւ չի էլ կարող տեսնել, իսկ իմացող աչքը միանգամից է նկատում ու հասկանում, որ Ավետիս Բարսեղյանը, ով իր բնույթով լուռ մարդ է, քանի որ պարզ է, որ «քիթ սրբելու ժամանակ չունի» եւ տասնամյակներ շարունակ «ինքն իր մեջ կենտրոնացած» աշխատում է եւ նույնիսկ ժամանակ էլ չունի տեսնելու կամ իրեն չի էլ հետաքրքրում, թե իրենից բացի, «էս աշխարհում» կա՞ արդյոք մեկ այլ նկարիչ, որ այսքան գերզբաղված, ծանրաբեռնված ու գերպատասխանատու աշխատանքներ իրականացնի: Չիմացողը չի իմանա, իսկ իմացողը գիտի, որ աշխարհի ամեն երկիր չէ, որ Ավետիս Բարսեղյան ունի եւ եթե իրական մի մրցույթ լինի, ապա հաստատ ու հանգիստ կարելի է ասել, որ իր ոլորտի «Օլիմիական մեդալը» հաստատ կնվաճի Ավետիս Բարսեղյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031