Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են վերջնական համաձայնությանը, բայց բանակցողներն են վերջնական որոշում կայացնողները
Վաշինգտոն-Բաքու օրակարգում է` արցախահայության կամավոր, արժանապատիվ եւ կայուն վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Վերջին մեկ ամիսը նշանավորվեց Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերած մասշտաբային ուշադրությամբ: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան կատարած այցերի ինտենսիվությունը մեկ ամսվա ընթացքում ուղղակի աննախադեպ էր:
Խիստ կարեւոր էին այն ուղերձները, որոնցով ամերիկացի պաշտոնյաները հնչեցրեցին Երեւանում: Դրանք վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից է եւ Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության համատեքստում առանձնացնում է պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունները` դրանք դիտարկելով նոր խորության մեջ ու մակարդակում:
Կարդացեք նաև
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ու նրանց ուղերձները դիտարկենք ըստ ժամանակագրության:
Վերջին այցը` Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի այցն էր: Նա Երեւանում բանակցություններ անցկացրեց ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի հետ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նա իր այցի մեկնարկը «ողջունեց» Հայաստանից, X-ի իր էջում գրելով հայերեն, հայտնելով, որ ակնկալում է ամրապնդել համագործակցությունը կառավարության եւ քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ժողովրդավարական օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատական բարեփոխումների խթանման ուղղությամբ։
Հուլիսի 13-16-ը Հայաստանում գտնվող Ուզրա Զեյայի հետ հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին զրուցել էր «Հետքը»: Ամերիկացի պաշտոնյան ընդգծեց երեք հիմնական ուղերձ. «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, մենք սատարում ենք խաղաղության, անվտանգության եւ տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ հայ ժողովրդի տեսլականին։ Ես տեղեկացա թափանցիկության, հաշվետվողականության եւ մարդու իրավունքների համընդհանուր ապահովման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ծավալուն ներգրավվածության մասին։ Մենք ողջունում ենք այն նշանակալի առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է եւ շարունակում է գրանցել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, անկախ դատական համակարգի ձեւավորման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ասպարեզում։ Սակայն ընդունում ենք նաեւ, որ դեռ անելիքներ կան։ Երկրորդ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը եւ արժանապատիվ ու տեւական խաղաղության հաստատմանը, որին վաղուց ի վեր ձգտում է Հայաստանի ժողովուրդը։ Մասնավորապես, ցանկանում եմ գովեստով արտահայտվել վարչապետ Փաշինյանի եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով խաղաղության գործընթացն առաջ տանելու ու տարածաշրջանային կապուղիների ձեւավորման նրա ջանքերի վերաբերյալ, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի հսկայածավալ սոցիալ-տնտեսական ներուժը։ Այս նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվում է ուսումնասիրություն տրանսպորտային ուղիների ինտեգրման վերաբերյալ՝ խրախուսելու եւ ամրապնդելու տարածաշրջանային առեւտուրն ու կապուղիները՝ արդարացի եւ տեւական խաղաղության միջոցով։ Եվ վերջինը՝ Հայաստանը հսկայական ջանքեր է գործադրել Հայաստանում ընդունելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ փախստականներին, որոնք, անցնելով զրկանքների ու ծայրահեղ դժվարությունների միջով, այժմ հանգրվան են գտել Հայաստանում։ Այդ ջանքերն արժանի են գովեստի եւ այդ հարցում Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին։ Անցյալ տարվա սեպտեմբերից ԱՄՆ պետքարտուղարությունը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն 11,5 միլիոն ԱՄՆ դոլար են տրամադրել՝ մեղմելու հանրային ծառայությունների ու ենթակառուցվածքների բեռը եւ արձագանքելու անհետաձգելի կարիքներին, ինչպիսիք են կացարանի, զբաղվածության, կրթության ապահովումը։ Սրանով՝ 2020թ. սեպտեմբերից մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակին արձագանքելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից տրամադրված մարդասիրական աջակցության ընդհանուր գումարը հասել է մոտ 31 միլիոն ԱՄՆ դոլարի»։
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերջերս հայտարարեց, թե «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության»։ Ի՞նչ հիմքեր կան նման լավատեսության համար: Ամերիկացի պաշտոնյան պատասխանել է. «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են վերջնական համաձայնությանը։ Բայց, իհարկե, բանակցային սեղանի շուրջ նստածներն են վերջնական որոշում կայացնողները։ Մենք մեր կողմից խրախուսում ենք այս նպատակին հասնելու պահը բաց չթողնել։ Նույնը նաեւ վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասով։ Կարծում ենք, որ արժանապատիվ, տեւական խաղաղությունը խիստ էական է տարածաշրջանի հսկայական սոցիալ-տնտեսական ներուժը բացահայտելու, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկով» նախանշվող տարածաշրջանային կապուղիները զարգացնելու համար»։
«Հետքի» ճշգրտող հարցին` տնտեսական օգուտները կարող են խթանել կողմերին, մասնավորապես՝ Ադրբեջանին, ստորագրե՞լ խաղաղության համաձայնագիրը, եւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը, նույնպե՞ս դրան է ուղղված, նա պատասխանել է. «ԱՄՆ ՄԶԳ-ի իմ նշած ուսումնասիրությունը դիտարկում է տրանսպորտային ուղիների ինտեգրման շրջանակները եւ ներուժը։ Այս առումով չեմ կարող ասել, թե որ գործոնները կարող են վճռորոշ լինել Ադրբեջանի համար»։
Գալով 2023թ. սեպտեմբերին 100.000-ից ավելի արցախահայության էթնիկ զտմանը եւ ԱՄՆ դիրքորոշմանն այս հարցում, եւ մասնավորապես հարցին` ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ներառվա՞ծ է ԱՄՆ միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում, ամերիկացի պաշտոնյան պատասխանել է. «Միացյալ Նահանգները աջակցում է, որ տարածաշրջանում պայմաններ ձեւավորվեն տեւական եւ արժանապատիվ խաղաղության համար, որի պարագայում ապահովված կլինի հարգանքը բոլորի իրավունքների նկատմամբ՝ անկախ էթնիկ պատկանելությունից կամ ծագման երկրից։ Միաժամանակ, Միացյալ Նահանգների համար մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի մարդասիրական եւ մարդու իրավունքների ճգնաժամը եւ ավելի քան 100 000 տեղահանված անձինք, որոնց մասին ես սկզբում խոսեցի։ Մարդու իրավունքների հետ կապված առաջարկում եմ դիտարկել մեր 2023թ. զեկույցը մարդու իրավունքների մասին, որտեղ նշվում են մարդու իրավունքների ոտնահարումների ու վայրագությունների մասին հնչեցված հաղորդումները. օրինակ՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ առկա են արժանահավատ հաղորդումներ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում կատարված ոտնձգությունների մասին, նշվել է, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր զրկված է եղել անհրաժեշտ պարագաներ ստանալու հնարավորությունից, մերժվել է մարդասիրական միջանցքի տրամադրումը։ Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը եւ շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ եւ կայուն վերադարձի համար, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ Ես ավելի վաղ նշեցի եւ հիմա էլ ուզում եմ ընդգծել ու գովեստի խոսքեր ասել այս մարդկանց աջակցելու հարցում Հայաստանի կառավարության հսկայական ջանքերի վերաբերյալ եւ հավելել, որ Միացյալ Նահանգները նույնպես հանձնառու է աջակցել այս հարցում եւ այս նպատակի համար անցյալ տարվա սեպտեմբերից պետքարտուղարության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հատկացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն»։
Դիտարկմանը, որ հայերը դժվար թե վերադառնան առանց անվտանգության միջազգային երաշխիքների, նա հակադարձել է, թե վստահ չէ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն կամ… Լրագրողի հակադարձմանը, որ` միջազգային դիտորդների կամ խաղաղապահների, Ուզրա Զեյան պատասխանել է. «Իմ իմացությամբ, դա չի դիտարկվում այժմ… Իմ իմացությամբ, նման հարց չի դիտարկվում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանի կառավարությանն ապահովել այնտեղ մնացածների իրավունքները եւ շուտափույթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամավոր, արժանապատիվ եւ կայուն վերադարձի համար։ Վերադարձը պետք է կամավոր լինի»։
Այսպիսով, ուղերձը հստակ է` ԱՄՆ-ը առավել քան երբեւէ հանձնառու է գործակցել եւ աջակցել առավել ինքնիշխան, ժողովրդավար, բաց եւ ապահով Հայաստանին, որն իր դրական ներդրումն է ունենում իր քաղաքացիների, տարածաշրջանի ու աշխարհի համար։
ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել վերականգնել արցախցիների ապահով կերպով իրենց տներ վերադառնալու իրավունքը
Ուզրա Զեյայից առաջ Երեւան էր ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, որը հանդիպումներ ունեցավ ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների եւ գործարար ոլորտի առաջնորդների հետ: Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, նշվել էր գործակալության տարածած հաղորդագրությունում։ Փաուերի այցով հաստատվեց Հայաստանի հետ ԱՄՆ-ի խորացող գործընկերությունը, ընդգծվեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին եւ Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերին առաջ մղումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Փաուերը նշել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ եւ պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին։ ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակը հայտնել էր, որ 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։ Նկատենք, որ 1992-ից ի վեր՝ Միացյալ Նահանգները մոտ 3.3 միլիարդ դոլարի չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին եւ դիմակայունությանը աջակցելու, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չլուծված հարցերը բարդ են ու զգայուն, սակայն կա նաեւ լուրջ հնարավորություն խաղաղության համար, Վաշինգտոնը հույս ունի, որ կողմերը կունենան այդ գիտակցումը՝ բաց չթողնելու այս կարեւոր հնարավորությունը, Երեւանում նշեց Սամանթա Փաուերը։ «Եռակողմ հանդիպման ընթացքում պետքարտուղար Բլինքենի ուղերձը հետեւյալն է. կողմերը շատ մոտ են խաղաղությանը, անցել են զգալի ճանապարհ, եթե համեմատենք անգամ 1 տարի առաջվա հետ։ Թե խաղաղության համաձայնագիրը ինչ հնարավորություններ կտա երկու երկրների ժողովուրդներին, իսկապես ցնցող է, եթե հարցին նայենք հաղորդակցության ուղիների, տրանսպորտի եւ ի վերջո հենց առանձին ընտանիքների տեսանկյունից՝ ավելի լավ կենսապայմանների, աշխատանքային հնարավորությունների ու տնտեսական շարունակական աճի առումով։ Հայաստանի տնտեսությունն արդեն դրական հետագծով է ընթանում, բայց որպեսզի հայ ժողովուրդը կապանքներից ազատվի, պետք է կարողանա ավելի շատ առեւտուր անել տարածաշրջանում, սահմանները պետք է բաց լինեն մարդկանց ու ապրանքների համար, դա մեծ հնարավորություն ու մեկ քայլ առաջ կլինի», – նշեց Փաուերը։
Սպիտակ տան ազդեցիկ պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը կենտրոնացած է Արցախից տեղահանված մարդկանց բարեկեցության ապահովան վրա տարբեր սոցիալական, ինչպես նաեւ նրանց աշխատաշուկայում ներգրավելու ծրագրերի միջոցով։ Իր հերթին ԱՄՆ-ի ՄԶԳ-ն տարբեր ծրագրեր է իրականացնում արցախցիների համար, սակայն Փաուերի խոսքով՝ ԱՄՆ-ը միջազգային համայնքի շատ երկրների հետ, շարունակում է կոչ անել վերականգնել արցախցիների ապահով կերպով իրենց տներ վերադառնալու իրավունքը։ «Մինչեւ այս պահը մարդկանց վերադառնալու դեպքեր չեն եղել։ Մենք շարունակելու ենք այս հարցի լուծումն առաջ մղել, որպեսզի մարդիկ վերադառնան անվտանգ պայմաններում, ինչը պահանջում է, որ գետնի վրա իրողություններ փոխվեն», – նշեց նա։ Պաշտոնյան Երեւանում հանդիպել էր արցախցիների հետ։
Երեւանում կայացած մամլո ասուլիսում Փաուերը կիսվեց հանդիպումից իր տպավորություններով. «Հանդիպման ընթացքում գլխավոր շեշտադրումը Հայաստանի անկախությունն ու դիմակայությունն էր։ Մենք խոսեցինք սննդի անվտանգության, էներգետիկայի թեմաների մասին, ընդգծեցինք էներգետիկայի ոլորտում ռազմավարական խոցելիությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Երեկ ժամանակ անցկացրեցի նաեւ Պոլիտեխնիկում, կարողացա ավելին հասկանալ Հայաստանի կառավարության էներգետիկ ռազմավարությունից, որը ձգտում է ավելի շատ արտադրել վերականգնվող էներգիա, հենվել կայուն միջուկային էներգետիկայի վրա։ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել ինչպես տնտեսությունը, այնպես էլ էներգետիկայի ոլորտը։ Հայաստանում ձգտում են փոքրացնել երկրի խոցելիությունը ցնցումների դեպքում՝ լինի դա գործընկերոջ կամ որեւէ մատակարարման շղթայի փոփոխությունից»։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ավելի վաղ հայտարարել էր, որ Երեւանը Վաշինգտոնի հետ քննարկում է միջուկային էներգետիկայի ոլորտում իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցեր։ Փաուերը Երեւանում հարցերից մեկին պատասխանելիս անդրադարձավ միջուկային էներգետիկայի ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է նվազեցնել կախումը ներկրումներից ու ուժեղացնել միջուկային ու արեւային էներգետիկայի արտադրությունը, եւ այս հարցում Վաշինգտոնը սատարում է Երեւանին. «Տեխնիկական քննարկումները, թե ինչպես պետք է ստեղծվի միջուկային էներգիան, դեռ ընթացքի մեջ են, այդ պատճառով ես կխուսափեմ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց ինչպես հասկանում եմ, Հայաստանի կառավարության ծրագիրն է մինչեւ 2030-ը կրկնապատկել վերականգնվող էներգետիկայի արտադրությունը, ԱՄՆ ՄԶԳ-ն եւս աջակցում է այս հարցում»։
Միացյալ Նահանգների մեծացող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ակնհայտ է։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հեռանկարն այս համատեքստում, իհարկե, լուրջ տեղ է զբաղեցնում Վաշինգտոնի ծրագրերում: Պաշտոնական Երեւանին այս հարցում շահագրգռելու ԱՄՆ-ից հնչող ուղերձները հստակ են: Պարզ է նաեւ` Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային առեւտրային ուղիները հնարավոր դարձնելու մղումը:
Շարունակությունը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 23.07.2024