Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպիսին է Ամերիկան, Աստծո ողորմածությամբ, նորից լինելու շուտով»

Հուլիս 24,2024 14:00

ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը խորհրդանշանական ֆիգուր է

Այսօր մեր քաղաքական մտքի (եթե այդպիսին կա) առաջ խնդիր կա դրված հասկանալ մեզ համար կարեւոր տարածաշրջանային ու միջազգային հիմնական դերակատարների՝ Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության շարժառիթները: Հասկանալ՝ առանց էմոցիոնալ գնահատականների եւ, առավել եւս, պիտակների:

Իսկ դրա համար պետք է պատկերացում կազմել այդ երկրների ներքին քաղաքական պրոցեսների, դրանք պայմանավորող ավանդույթների մասին: Ամենաակտիվ գործընթացները հիմա տեղի են ունենում Միացյալ Նահանգներում: Թրամփի մասին, որի շանսերն այս պահին ավելի գերադասելի են թվում, արդեն շատ է խոսվել: Կարեւոր է, իհարկե, թե ում է նա առաջադրել որպես փոխնախագահի թեկնածու:

40-ամյա Ջեյմս Դեյվիդ Վենսը խորհրդանշանական ֆիգուր է՝ ենթադրելու համար, թե որ կողմ է թեքվելու Ամերիկան՝ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում: Անցած շաբաթ նա փոխնախագահի թեկնածուի կարգավիճակով իր առաջին ելույթն ունեցավ, եւ իր ճառը սկսեց հետեւյալ բառերով. «Այս օրը հույսի օր է: Մենք ոգեկոչում ենք այն, թե ինչպիսին էր Ամերիկան առաջ եւ ինչպիսին է, Աստծո ողորմածությամբ, նորից լինելու շուտով»:

Ուշագրավ հռետորաբանություն է, այնպես չէ՞: Դա տիպիկ հանրապետական, աջ, պահպանողական, աստվածավախ «միջին ամերիկացուն» ուղղված ուղերձ է, որը բաժանվում է երկու մասի՝ հղում «ոսկե դարին»՝ վերականգնենք  մեր նախկին փառքը եւ՝ Աստծո վկայակոչությունը:

Վենսը Օհայո նահանգից է, որը մարմնավորում է հենց այդ ավանդույթները` նահանգի պաշտոնական նշանաբանն է՝ «Աստծո համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19:26): Նահանգը գտնվում է, այսպես կոչված,  «ժանգոտ գոտում»՝ մի տարածք է, որտեղից  սկսվել էր ամերիկյան արդյունաբերության վերելքը, իսկ այնուհետեւ (1970-ականներից) անկումը՝ դրա արդյունքում ամեն ինչ «ժանգոտել» է: Այդ հանգամանքով է մասամբ բացատրվում պահպանողական, «կարոտախտային» տրամադրությունների առկայությունը նշված գոտում:  Ի դեպ, այդ նահանգից են ԱՄՆ 8 նախագահներ, բոլորը, բնականաբար, «աջ», հանրապետական հայացքների:

Օհայո նահանգից Վենսն ընտրվել է ԱՄՆ Սենատ: Բացի ամեն ինչից, նա նաեւ բեսթսելլեր գրքի հեղինակ է: Գիրքը կոչվում է «Գյուղական (կամ՝ գեղջկական) էլեգիա. Հիշողություններ ընտանիքի եւ մշակույթի մասին ճգնաժամի ժամանակ»: («Hillbilly Elegy: A Memoir of a Family and Culture in Crisis»):  Վերնագրում դարձյալ հատկանշական «կոդեր» են` ոչ թե վերնախավի ներկայացուցիչ, այլ հասարակ, գյուղացի մարդ, մի քիչ անտաշ (hillbilly), որը առաջ է գնացել իր արժանիքների շնորհիվ ու մտորում է հիմնարար արժեքների՝ ընտանիքի եւ մշակույթի մասին, որոնք պետք է հատկապես արժեւորել ճգնաժամի ժամանակ:

Ջ.Դ. Վենսն ուղղակի հայտարարում է, որ ազատական նախագիծը տապալվել է, եւ եկել է «ամերիկյան ազգայնականության» ժամանակը: Պարզ է, որ դա ենթադրում է, մասնավորապես, կոշտ միգրացիոն քաղաքականություն եւ հակազդում չինական տնտեսական էքսպանսիային՝ «Մենք չպիտի այստեղ աշխատավարձ կորցնենք, որպեսզի Չինաստանն այնտեղ միջին խավ ձեւավորի», – ասել է սենատորը հիշյալ ճառում:

Մի խոսքով, արժեքային համակարգը, որով առաջնորվելու է ԱՄՆ նոր վարչակազմը Թրամփի հաղթանակի դեպքում, հստակ է: Դրանք պահպանողական, ինչպես կասեին մեր իշխանությունները, «կղերա-ֆեոդալական» արժեքներն են:

Այդ առիթով հիշեցի մեկ այլ ճառ, որն արտասանվել է ավելի քան 40 տարի առաջ: Իհարկե, Վենսը Ռեյգան չի, ու դժվար թե երբեւէ Ռեյգան դառնա, բայց կարեւորը տվյալ դեպքում միտումներն են, ուղղվածությունը:

Այդ ելույթը ԱՄՆ 40-րդ նախագահը ունեցավ 1983 թվականի մարտի 8-ին Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում՝ Եվանգելիստական (լյութերական) եկեղեցու 41-րդ տարեկան ժողովին: Ճառը հիշարժան  է նրանով, որ Ռեյգանն այդ ժամանակ առաջին անգամն օգտագործեց «չարիքի կայսրություն» բառակապակցությունը (խոսքը, բնականաբար, Խորհրդային Միության մասին էր), որի դեմ պետք է ԱՄՆ-ն պայքար մղեր:

Բայց կարեւոր է, թե ինչ գաղափարական հենքի վրա էր նա պատրաստվում կառուցել այդ պայքարը: Ռեյգանը ելույթը սկսել էր ԱՄՆ «հիմնադիր հայրերից» մեջբերումներով: Ուիլյամ Փեն. «Եթե մենք չենք ղեկավարվում Աստծո կողմից, մեզ կսկսեն ղեկավարել բռնապետերը»: Թոմաս Ջեֆերսոն. «Աստված, որը մեզ տվել է կյանք, տվել է նաեւ ազատություն»: Ջորջ Վաշինգթոն. «Մեր բոլոր հակումների եւ սովորությունների մեջ, որոնք բերում են բարգավաճման, անփոխարինելի են կրոնը եւ բարոյականությունը»: Այսպիսի հիմքերով եւ այսպիսի առաքելությամբ էր Ռեյգանը «չարիքի կայսրության» դեմ «մարտի տանում» իր երկիրն ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը:

Եթե ավելի հետ գնանք, ապա կարող ենք հիշել, որ պուրիտանական համայնքների կողմից Մասաչուսեթսի գաղութի նահանգապետ ընտրված Ջոն Ուինթրոփը 1630 թվականին, ելույթ ունենալով իր համայնքի առջեւ, խոսել է այն մասին, որ վերաբնակիչները բացառիկ են, որովհետեւ Աստծո հետ պայմանագիր են կնքել՝ իրենց առաքելությունը կատարելու համար: Իր քարոզում նա դիմել է աստվածաշնչյան փոխաբերության, անվանելով գաղութը «Քաղաք բլրի վրա»: Դա Լեռան քարոզից է. «Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ դնում են աշտանակի վրա, եւ այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են» (Մատթ 14:15):

…Ահա այս ավանդական ուղղությամբ կարող է զարգանալ ԱՄՆ-ը, եթե նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը: Դա պետք է հաշվի առնենք բոլորս, այդ թվում՝ մեր «արեւմտամետները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ՀՀի «արեւմտամետներ»ը պէտք է որ հաշուի առնէին որ Օպամայի ուլթրա-ազատական սայթաքումներուն պատճառով է, որ գոյացաւ MAGA շարժումը, եւ Թրամփը դարձաւ ԱՄՆ նախագահ: Եւ քանի որ Պայտընն ալ խամաճիկն էր իր կուսակցութեան ծայրայեղ ձախակողմեան, woke թեւի, եւ չգիտցաւ չափաւոր գաղափարաբանութեամբ ղեկավարել երկիրը, այժմ Թրամթը կարող է դարձեալ դառնալ ԱՄՆ ի նախագահ: Իսկ եթէ Քամալան ընտրուի, ապա յաջորդ backlashը՝ թրամփիզմէն դեռ շատ աւելի արմատական հոսանք մը պիտի հանդիսանայ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031