Լրագրող Անի Հակոբյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած բլոգեր Ռոման Բաղդասարյանը հերքում է, թե հարձակվել է լրագրողի վրա, փորձել խլել նրա հեռախոսը:
«Դա սուտ է տակից գլուխ, նկարահանումներ կան, դատավորն էլ, դատարանն էլ իմ կողմից են: Այնտեղ գրված է, որ նկարահանումները դատարանի դահլիճում ու միջանցքներում արգելված է: Մինչեւ դատական նիստն էլ Գարիկ Գալեյանը զանգեց, կանչեց, բայց իրենք ինձ չեն հետաքրքրում, իմ աշխատանքը շատ մեծ է: Շատ մարդիկ են ինձ նայում ու լսում, ես ազդում եմ հետեւորդներիս վրա: Իմ աշխատանքը շարունակելու եմ: Իմ ասածն է անցնում, ոչ թե իրենց ասածը: Ես ինձ ամեն ձեւի ճիշտ եմ համարում: Ժողովուրդն էլ ինձ հետ համաձայն է: Էս վերջին երկու ամսում ո՞ւմ ասածն է անցել՝ լրագրող Ռոման Բաղդասարյանի ասածնե՞րը, որ Բագրատի ցույցերի մասին ասել եմ, որ զրո են ու զրո են դառնալու, թե՞ իրենց ասածները»,- ասաց բլոգերը:
Ինչ վերաբերում է իր՝ իշխանական բլոգեր լինելու մասին տեղեկություններին, Ռոման Բաղդասարյանը շարունակեց. «Չի կարելի Հայաստանի հանրապետության տարածքում բամբասանքներով զբաղվել: Էն որ ասում են, թե կառավարությունն է ինձ պաշտպանում, եթե կառավարությունն ինձ պաշտպաներ, ես ամեն օր մեկի չանը կկոտրեի էլի: Քանի որ ինձ ոչ մեկ չի պաշտպանում, ես ոչ մի կռվի մեջ չեմ ուզում մտնել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի հետ ունեցած միջադեպին՝ Ռոման Բաղդասարյանն ասաց. «Չգիտեմ՝ ով է Արթուր Չախոյանը: Ինքն ուզում է իմ անունով իր անունը սարքի: Ես ոչ մի զուգարան չեմ մտել: Սկզբում կանգնած էի փողոցում, երբ Արթուր Չախոյանը եկավ, ինձ ասացին, որ ոչ մեկի հետ չպետք է ո’չ կռվել, ո’չ խոսակցություն տանել: Դա ինձ ասացին այն մարդիկ, ում հրամանները կատարում էի ու ես մտա շենք: Մարտին ինձ վրա մահափորձ էր իրականացվել, քրեական վարույթ էր նախաձեռնվել, իմ անվտանգությունը ապահովում էին այդ մարդիկ: Իսկ Արթուր Չախոյանը շատ քիչ է, որ հեռախոսը միացնի ու ես իրեն պատասխանեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ