Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:
Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար:
Բավական ընդգրկուն կազմով Հայաստան այցելության շրջանակում պատվիրակությունը քննարկումներ է ունենալու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների, Ադրբեջանի կողմից ԼՂ-ում կրոնական հուշարձանների ոչնչացմանն առնչվող հարցերի շուրջ:
Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նման հանդիպումները լավ առիթ են միմյանց ճանաչելու և ամրապնդելու երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերը:
Կարդացեք նաև
Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է համապարփակ բարեփոխումների միջոցով ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները, խթանել տնտեսության զարգացումը և նորարար գաղափարների կյանքի կոչումը։
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ դրանք ունեն զարգացման շատ հստակ ու դրական դինամիկա և վստահություն է հայտնել, որ այդ միտումը շարունակական կլինի:
Նախագահը, խոսելով տարածաշրջանային իրադրության մասին, նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման ջանքերին:
Հանրապետության նախագահի խոսքով՝ մեր երկրի համար խաղաղության հաստատումը և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է և հայկական կողմը հետևողական է խաղաղության հաստատման իր տեսլականում ու գործադրվող ջանքերում:
ՀՀ նախագահի աշխատակազմ