Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ դպրոցների 1400 հաշվապահներին աշխատանքից ազատել են, նրանց գործառույթները արտապատվիրակել են մրցույթով ընտրված ԱՁ-ների, որոնց մեծ մասը նորաստեղծ է եւ հիմնականում՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի շրջապատից:
Թեմայի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը հետեւյալը պարզաբանեց. «Այս պահին դպրոցներն անցել են կառավարման համակարգի նոր եղանակի, որը ենթադրում է, որ կրթության բովանդակային առումով կառավարում է տնօրենը, իսկ վարչատնտեսական գործառույթների առումով՝ վարչատնտեսական համակարգողը: Մեր ընթացակարգային բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարչատնտեսական բլոկի տարբեր գործառույթներ արդյունավետության տեսանկյունից բարձր չեն:
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունն այս պահին իրականացնում է ուսումնասիրություն այն ուղղությամբ, որ տարբեր գործառույթները, օրինակ՝ հաշվապահության գործառույթը, գնումների գործառույթը (հետագայում նաեւ վարչատնտեսական բլոկի մյուս բաների մասին կխոսենք) արտապատվիրակվեն, այսպես ասած՝ աութսորս արվի:
Լինեն կազմակերպություններ, որոնք կմասնակցեն մրցույթին, հնարավոր է դա լինի մեկ մարզի բոլոր դպրոցների համար կամ մի քիչ այլ մոտեցում ցուցաբերվի (այս պահին այդ հարցերը քննարկվում են), եւ այդ կազմակերպություններն իրականացնեն տվյալ մարզի բոլոր դպրոցների հաշվապահությունը»:
Կարդացեք նաև
Հարցրինք՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվելու այդ կազմակերպությունները: Տիկին Սարգսյանն ի պատասխան նշեց, որ լինելու է մրցույթ. «Հաշվապահության համար պայմանների քննարկման փուլում ենք, օրինակ՝ պարտադիր պայման պետք է լինի, որ գրասենյակ ունեն, աշխատակիցների թիվն է, համապատասխանությունն է, այսինքն՝ հավաստիացումն է, որ ունեն մասնագիտական եւ այլ ռեսուրսներ, որ կարողանան գործընթացն իրականացնեն»:
ԿԳՄՍՆ վարչության պետին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ դրանք լինեն նորաստեղծ ԱՁ-ներ: «Չեմ բացառում, բայց հաշվի առնելով, որ դա շատ սպեցիֆիկ գործառույթ է եւ ծավալուն է լինելու, ենթադրում եմ, որ պետք է լինի բավական խոշոր կազմակերպություն, որը կկարողանա օրինակ 100-150 դպրոցի հաշվապահություն անել, ի թիվս իր այլ գործերի: Այստեղ մի քանի կարեւոր բան կա, որ ուզում եմ ընդգծել՝ հատկապես դպրոցի հաշվապահների հետ կապված:
Բնականաբար, որեւէ կազմակերպություն այս պահին այդ ռեսուրսը չունի նման աշխատանք հանձն առնելու համար, եւ երբ մրցույթին մասնակցեն եւ շահող կազմակերպություններ լինեն, իրենք այլ հավասար պայմանների դեպքում կդիտարկեն գործող հաշվապահների միջոցով իրենց աշխատանքային ռեսուրսը լրացնելու տարբերակը, քանի որ այդ մարդիկ փորձառու են եւ շատ օգտակար կարող են լինել»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետից հարցրինք՝ իսկ ի՞նչ է լինելու դպրոցների 1400 հաշվապահների հետ, ի վերջո բոլորը չեն տեղավորվելու այդ ԱՁ-երում: «Այդ խնդիրը հաշվի առնելով՝ որոշ փոփոխություններ արեցինք Հանրակրթության մասին օրենքում, որը շուտով կհաստատվի: Այն հաշվապահները, որոնք կցանկանան, հնարավորություն կունենան մասնակցել վարչատնտեսական համակարգողի մրցույթին եւ կաշխատեն որպես վարչատնտեսական համակարգող: Այսինքն առնվազն երկու հնարավորություն իրենք կարող են դիտարկել: Նաեւ ուզում եմ ֆիքսենք, որ դա կլինի այն բանից հետո, երբ այս գործընթացները տեղի կունենան»,-ասաց Թամարա Սարգսյանը :
Հարցին՝ հնարավո՞ր է մրցույթում հաղթող ճանաչեն իշխանամերձ շրջանակի կազմակերպությունները, ասենք՝ Աննա Հակոբյանի շրջապատի այն անհատները, որոնք համապատասխան ԱՁ ունեն, հատկապես որ նման մտավախություն կա հաշվապահների շրջանում, նաեւ մամուլում շատ է գրվել պաշտոնյաների հարազատների՝ տենդերներ շահելու մասին, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետն այսպես արձագանքեց. «Ես վստահ եմ, որ նմանատիպ գործընթացներում չի կարող նման տարբերակում լինել, որովհետեւ այս գործընթացին կարող են մասնակցել ու շահել միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն բավարար պրոֆեսիոնալ ու մարդկային ռեսուրս: Ես տեղյակ չեմ, թե ովքեր են պատրաստվում մասնակցել, ու այս խոսակցությունը աբսուրդից էլ մի բան այն կողմ է: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ կարող է լինել նոր կազմակերպություն, որը միանգամից կսկսի ու կհամակարգի մի ամբողջ մարզի դպրոցական հաշվապահություն: Մեզ համար շատ կարեւոր է, որ այդ աշխատանքն արվի պրոֆեսիոնալ ու թափանցիկ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ