Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին ասում էին՝ այդ գնումները փակ են պահում, որպեսզի թշնամի պետությունների հետախուզական ծառայությունները կապ չհաստատեն»․ Վարուժան Հոկտանյան

Հուլիս 23,2024 20:20

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի  հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ կառավարական առանձնատների կենցաղային սպասարկման համար կատարվող գնումները օրենքով համարվում են պետական գաղտնիք։

Նշենք, որ «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը բարձրաձայնել է հարցը, որ «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից պարտավորագրի բլանկ են ստացանք՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն չհրապարակելու մասին: Պարտավորագիրը նաեւ առաջարկում է «գաղտնիք» հրապարակելու դեպքում ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության: «Կառավարական առանձնատների տնտեսությունը» նախկին «Կոնդի առանձնատների տնտեսությունն» է, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնատար 4-5 անձանց եւ այդ առանձնատներում բնակվող այլ անձանց կեցության եւ սննդի սպասարկմամբ: Այդ անձանց կենցաղային սպասարկման համար կատարվող ցանկացած գնում, ստացվում է, համարվում է պետական գաղտնիք:

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ Գնումների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ բացի ազգային անվտանգության ապահովման,  ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման գործընթացներից, պետական գաղտնիք պարունակող են նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց (նշված մասով այդ պաշտոնատար անձինք են ՀՀ Նախագահը, ՀՀ վարչապետը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահը) արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական ու ծրագրային, կապի ծառայությունների, անվտանգության սարքերի եւ սարքավորումների, ներառյալ դրանց սպասարկման, ռազմական տեխնիկայի ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման գործընթացները։ Նույն օրենքի տարբեր դրույթներ ապահովում են, որ այդպիսի գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակվի գնումների էլեկտրոնային տեղեկագրում:

Հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց՝ օրենքում նշված ծախսերի հետ կապված գնումները պետական գաղտնիք պարունակող գնումներ սահմանելու մեջ, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց․ «Գնումների փորձագետի տեսանկյունից, իհարկե, ռիսկեր կան։ Բայց որքանո՞վ է արդարացված դրանց  պետական գաղտնիք պարունակող լինելը, սա է խնդիրը։ Այդ հարցին ավելի ճիշտ կլինի, որ պատասխանեն ազգային անվտանգության ոլորտում աշխատած մասնագետները։ Նրանք միգուցե կբացատրեն, թե դա ինչքանով է արդարացված։ Ժամանակին այսպես էին հիմնավորում, ասում էին, փակ են պահում, որպեսզի թշնամի պետությունների հետախուզական ծառայությունները կապ չհաստատեն այդ ընկերությունների հետ։ Այսինքն՝ սա ազգային անվտանգության խնդիր է, որքանով է արդարացված այդ գնումները գաղտնի կամ մասամբ գաղտնի պահելը, դա պետք է ԱԱԾ ոլորտի մասնագետներն ասեն»։

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ մինչեւ  գնումների մասին ներկա օրենքի ուժի մեջ մտնելը (այն ընդունվեց 2016թ․ դեկտեմբերի 16-ին եւ ուժի մեջ մտավ 2017թ․ ապրիլի 25-ին) այդ գնումները չէին սահմանվում որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ։  Եվ չնայած դրան, գնումների տեղեկագրում դրանց վերաբերյալ տեղեկատվություն չէր  հրապարակվում։ Հետագայում, ներկա օրենքի ընդունումով, ուղղակի որոշեցին գաղտնի դարձնել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031