Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Գյումրիում նոր ինտրիգներ են հասունանում․ Ի՞նչ է սպասվում Վարդան Ղուկասյանին ու Սամվել Բալասանյանին

Հուլիս 23,2024 19:50

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնական երկու գրություն է հասցեագրել Գյումրու ավագանու բոլոր խմբակցություններին՝ առաջարկելով դիմել դատարան ու վիճարկել թե՛ Վարդան Ղուկասյանի և թե՛ Սամվել Բալասանյանի  պաշտոնավարման ժամանակ կատարված ապօրինի հողահատկացումներն ու համայնքային գույքի մասնավորեցումը։

Հայտնել ենք, որ  այդ գրությունների մեջ խոսք է գնում նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի և Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի մասնավորեցման մասին։

Դատախազի գրությունը, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, պատճառ էր հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հինգ անդամների՝ Հարություն Նիկողոսյանի, Նիկոլայ Ղազարյանի, Հասմիկ Ստեփանյանի, Երվանդ Խանամիրյանի ու Աղասի Մաթևոսյանի մանդատը վայր դնելուն։

Նրանք, ըստ մեր աղբյուրների, հրաժարվել են դեմ դուրս գալ թե՛ Վարդան Ղուկասյանին, թե ՛ Սամվել Բալասանյանին՝ պատճառաբանելով, որ փոքր քաղաքում չեն ուզում փչացնել հարաբերություններ։

Մեր տեղեկություններով, ավագանու որոշ խմբակցություններ արդեն իսկ պատասխանել են դատախազին՝ մերժելով նրա առաջարկը։ Նրանք պատճառաբանել են այս գործերի վաղեմության ժամկետի անցած լինելը։

Ինչևէ, հուլիսի 26-ին տեղի կունենան Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է ՔՊ-ն, այդ ժամանակ էլ այս հարցը կդրվի քննարկման։

Քիչ առաջ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը իր ՖԲ էջում մանրամասներ է ներկայացրել դատախազի գրությունից՝ ըստ էության  հաստատելով մեր տեղեկությունները։

Քնարիկ Հարությունյանը գրել է․ «Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, ավագանու արտահերթ նիստ կգումարվի։

ՀՀ դատախազության կողմից Գյումրի համայնքի ավագանուն ներկայացվել են առաջարկություններ՝ Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։

Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է հետևյալը (մեջբերեմ 2 օրինակ)․

ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ «Կումայրի» արգելոց-թանգարան»-ը՝ որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի համայնքին՝ որպես սեփականություն:

2001թ․-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին:

Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման:

ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը՝ «Սև Ղուլ» պատմական ամրոցն ու հողամասը, 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով «Սև Ղուլ» պատմական ամրոցն օտարվել է նախ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:

Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա չէին օտարման:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շահագրգիռ է համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան՝ վիճարկելու համայնքի ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույք՝ դրանք վերադարձնելով համայնքին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031