Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը կարեւորել է լրագրողների այցը Հայաստան` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին` դրանց շարքում առանձնացնելով բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, հայկական կողմի ջանքերը: Հարավային Կովկասում հարատեւ խաղաղություն հաստատելու հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության դերակատարությունը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը` հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի` Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաեւ մեր երկրին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ կայացրած որոշումը:
Սարգիս Խանդանյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
ՀՀ Ազգային ժողով