Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման, ինչպես նաև ստացվող ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ինչպես իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հարակից շենքերի բնակիչների, այնպես էլ պայթեցման աշխատանքներով զբաղվող ընկերության ներկայացուցչի հետ:
ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են հարցին առնչվող առկա փաստերը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ բնակիչները գործընթացի վերաբերյալ պատշաճ չեն իրազեկվել, ինչը համանման գործընթացների պարագայում հաճախակի հանդիպող պրակտիկա է և չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով բնակիչների մոտ առկա մտահոգությունները, ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ առկա միմյանց հակասող մեկնաբանություններն ու տարընթերցումները, պայթեցնելու հնարավոր հետևանքների լրջությունը, այդ թվում` մարդու իրավունքների տարբեր բնագավառների տեսանկյունից, ինչպես նաև ոլորտում պետության կոնկրետ պոզիտիվ պարտավորությունները՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունը պետք է ապահովի գործընթացի պատշաճ կազմակերպումը և բացառի մարդու իրավունքների հնարավոր խախտումները այդ համատեքստում:
Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորում է նաև ոլորտի իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու և գործող կարգավորումները կատարելագործելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այս պահին ևս քննարկումներ են ընթանում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ