Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը «Հայելի» ակումբում խոսելով օր-օրի Ալիեւի հռետորաբանության խստացման եւ Հայաստանին ներկայացվող պահանջների շատանալու մասին՝ ասաց, որ Ադրբեջանում հասկացել են, որ Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը փոխվելու հնարավորություն միշտ էլ կա: Եվ քանի որ կա հնարավորություն, պետք է անել ամեն ինչ՝ զրկելու ինստիտուցիոնալ առումով Հայաստանի Հանրապետությանը մեջքը ուղղելու հնարավորությունից:
Ըստ նրա՝ ադրբեջանցիները շատ լավ հասկանում եւ ասում են, որ մի շարք փաստաթղթերում, որոնք ցույց են տալիս, թե մենք որպես պետություն որ ուղղությամբ պետք է շարժվենք, իրենք նույնիսկ այդ փաստաթղթերի ձեւավորման մեջ պետք է ներգրավվեն եւ համապատասխան փոփոխությունների հասնեն. «Հետեւաբար, նրանք պահանջում են փոխել սահմանադրությունը՝ հանել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հստակ ամրագրված է որպես պետություն Արցախի Հանրապետության հետ վերամիավորվելու մեր ձգտումը: Եվ երկրորդը. դատելով մեր իշխանությունների պարբերաբար շահարկումից՝ Ալիեւն էլ դեմ չէ, որ Հայաստանի նոր սահմանադրությամբ ֆիքսված լինի, որ մենք ապադաշինքային պետություն ենք: Դա էլ նշանակում է, որ մենք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք, Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակն իջեցնենք, ռուսական զորքերն այստեղ չպետք է լինեն: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք «էստի համեցեք» ենք ասելու ադրբեջանցիներին: Ադրբեջանի դեմ բացվելու է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ճանապարհը, ինչին Ալիեւը ձգտում է հասնել Հայաստանի ձեռքերով:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների «վերադարձին», մենք այստեղ պետք է հասկանանք մի քանի կարեւոր բան: Ալիեւն ասում է, որ Հայաստանի իշխանություններից որոշման տեսքով եւ քաղաքական կամքի դրսեւորման արձագանքի են սպասում: Հետեւաբար, այստեղից կարո՞ղ ենք ենթադրություն անել, որ, այնուամենայնիվ, բանակցությունների սեղանի շուրջ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը քննարկվել է:
Կախված նրանից, թե դեպքերն ինչպես կզարգանան, Ադրբեջանը հաջորդը դնելու է իր համայնքի անվտանգության ապահովման հարցը: Հիշենք, որ գրեթե նույնանման պատրվակով 50 տարի առաջ թուրքերը ներխուժեցին Կիպրոս, մի մասը գրավեցին: Եվ հիմա Կիպրոսում քննարկում են այն թեման, որ Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը, որն իբրեւ անկախ հանրապետություն է, ինքնավար հանրապետության կարգավիճակով միանա Թուրքիային: Նույն ճանապարհով ադրբեջանցիները կարող են գնալ:
Կարդացեք նաև
Հետեւաբար, երբ խոսում ենք ադրբեջանցիների «վերադարձի» պահանջների մասին, պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները Կիրանց չեն «վերադառնալու»: Իրենք «վերադառնալու են» Երեւան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ես, ցավոք, տեսնում եմ, որ մեր հասարակության զգալի հատվածը չի հասկանում, որ խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, բոլորին են վերաբերում: Այսինքն, այնպես չի, որ Կիրանցի դպրոցի երեխան 30 մետրի վրա ադրբեջանցի է տեսնելու, իսկ Երեւանում Սարյան փողոցի երեխաներն ադրբեջանցի չեն տեսնելու: Եվ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ալիեւի լավագույն գործընկերներն են Հայաստանում, զարմանալի չի լինի, որ Երեւանում էլ մարդը գնա դպրոց առ դպրոց եւ չի ասի, թե պետք է ադրբեջանցիներին ընդունենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի»,-ասաց քաղաքագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ