Բանաստեղծ Վահե Արմենը իրանահայ բացառիկ գրողներից է, որը հիմնականում գրում է պարսկերենով․ նա շնորհիվ իր նորարական ոճի ու հմուտ պարսկերենի՝ լայն ճանաչում է գտել Իրանի գրական շրջանակներում։
Վահե Արմեն Խաչատրյանը մինչ այժմ հրատարակել է բանաստեղծությունների ինը ժողովածու, որոնցից երկուսը հայերենով և յոթը պարսկերենով։ Հայերեն գործերն են «Դեպի սկիզբ» (Թեհրան-1992) և «Ճիչ» (Երևան-1999)։
Բանաստեղծի պարսկերենով գրված յոթ գործերը 2006-2022 թթ․ ընթացքում հրատարակվել են Թեհրանում․ դրանք են «Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ», «Կռունկների թռիչքից հեռու», «Երբ անձրևի, կգնանք», «Սիրում եմ երբեմն պոետ չլինել», «Ձիերը երազում ման են ածում բանաստեղծներին», «Հմայված հոգիները», «Դանուբի գույնը» և «Դատարկ ցուցափեղկեր»։
Կարդացեք նաև
Վահե Արմենի գործերի հայերեն թարգմանություններն ու նաև իր կողմից հայերենի թարգմանված իրանական պոեզիայի նմուշներ տպագրվել են «Գարուն», «Գրական թերթ», «Անդին» և «Գրանիշ» պարբերականներում ու նաև առանձին գրքույկով՝ «Մեր երազները ծերացան մեզ հետ» վերնագրով 2018 թ․ լույս է տեսել Երևանում։
Բանաստեղծի գործերը հիմնականում հայերենի է թարգմանել իրանական պոեզիայի լավագույն գիտակ և թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը․ երեկ Երևանում ընթերցողի դատին ներկայացվեց Հախվերդյանի կողմից հայերենի թարգմանված «Դանուբի գույնը» գրքույկը, որը հրատարակվել է այս տարի Երևանում․ գրքի խմբագիրն է բանաստեղծուհի Գեղեցիկ Մարգարյանը։
Վահե Արմենի բանաստեղծությունները թարգմանվել են նաև անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, քրդերենի ու թուրքերենի․ նրա գործերից առանձին գրքույկներով հրատարակվել են Գերմանիայում, Թուրքիայում և Իրաքի Ինքնավար Քուրդստանում։
Ժրաջան գրողը իրանական գրական հանդեսներում պարսկերեն լեզվով իրանցի գրասեր հասարակությանը գործեր է ներկայացրել հայ գրողներ Հ․ Գրիգորյանից, Հր․ Ալեքսանյանից, Հ․ Սարգսյանից․ Խ․ Մանուկյանից, Էդ․ Հախվերդյանից, Գ․ Թումանյանից, Վ․ Պապոյանից, Շ․ Մկրտչյանից, Ն․ Համբարձումյանից, Թ․ Տոնոյանից, Ս․ Վանից, Մ․ Պետրոսյանից, Ղ․ Սիրունյանից, Ֆ․ Կիրակոսյանից, Ս․ Բունիաթյանից, Ա․ Գաբրիելյանից, Ն․ Պողոսյանից, Վ․ Հակոբյանից և Գ․ Բարենցից։
Շնորհալի բանաստեղծ-թարգմանիչը մինչ այժմ արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակին և պատվոգրին (2010 թ․), Իրանի «Խաղաղության պոեզիայի» միջազգային մրցանակին (2007 թ․) և Իրանի մշակույթի նախարարության հատուկ մրցանակին և պատվոգրին (2009 թ․)։
Վահե Արմենի «Դանուբի գույնը» իրանական ժամանակակից պոեզիայի գիրքը 2020 թվականին արժանացել է իրանական երկու մրցանակի՝ Թեհրանի գրքի 37-րդ փառատոնի «Տարվա գիրք» մրցանակին և պոեզիայի «Ֆաջր» 14-րդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին։
***Վահե Արմենը երկու տարի է, որ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում․ նա ծնվել է 1960 թ․ Իրանի Մաշհադ քաղաքում․ բարձրագույն ուսում է ստացել Լոնդոնում։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ