Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ՝ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք. դեսպան Մկրտչյան

Հուլիս 23,2024 17:51

Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի վերջին դրվագում հաղորդումն անդրադառնում է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը։ Ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի վերաբերյալ մոտեցումները։

Հաղորդումը հայերեն և հունարեն ներկայացնում ենք ստորև.

Հաղորդավար

Հարավարևելյան Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանում իրավիճակը անկայուն է։ Ընդհանուր անկայունությունը անհանգստության հիմք է ստեղծում տարածաշրջանում նոր վայրիվերումների համար։ Մենք մի փոքր կընդլայնենք մեր ուշադրության կենտրոնը, կդիտարկենք զարգացումները Հարավային Կովկասում, քանի որ այնտեղ մոտ 10 ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական և արյունալի էջը։

Թեմայի շուրջ առիթ ունեցանք զրուցելու Հունաստանում Հայաստանի դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանի հետ։ Լսենք, թե նա ինչ է ասում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և նրանց երկարամյա վեճի ապագայի մասին։

Ռեպորտաժ

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի մեկօրյա խոշոր հարձակումը ինքնավար Լեռնային Ղարաբաղի դեմ, որտեղ գերակշռում է հայկական տարրը, բավական էր Բաքու-Երևան ավելի քան երեք տասնամյակ տևող հակամարտությունը դրամատիկ ավարտին հասցնելու համար՝ առնվազն ժամանակավորապես: Արցախի պաշտպանության բանակը, ինչպես կոչվում է Լեռնային Ղարաբաղի Զինված Ուժերը, հարկադրված է լուծարվել, իսկ հայկական ծագումով հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ բռնի տեղահանվում են։ 21-րդ դարի տեղահանման ամենաողբերգական պատմություններից մեկն է սա։

Դեսպան Մկրտչյան

Սա ժամանակակից պատմության ամենաողբերգական դրվագներից մեկն է, երբ 100,000-ից 120,000 մարդ ենթարկվել է էթնիկ զտումների: Հազարավոր տարիներ շարունակ հայերը ապրել են այս տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն եղել է մեր հայրենիքի մի մասը։ Եվ ընդամենը մի քանի օրում ամբողջ տարածաշրջանը զտվեց հայերից։ Հուսով եմ, որ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այս պահին միգուցե դա կարող է իրատեսական չթվալ, բայց արդարության վերականգնման հավատը մեր կյանքի շարժիչ ուժն է:

Ռեպորտաժ

Խոսելով սահմանների մասին, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դրական է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ընթացող խաղաղ բանակցություններին, սակայն չի թաքցնում իր մտահոգությունը։

Դեսպան Մկրտչյան

Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության և սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում, որի հիմքում ուժի կիրառումն է՝ իր նպատակներին հասնելու համար։

Ռեպորտաժ

Բաքուն, ի թիվս այլ բաների, պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի հանվի երկրի Անկախության Հռչակագրի մասին հիշատակումը, որը մեկնաբանում է, ինչպես ՀՀ դեսպանն է ասում, որպես իբրև իր /Բաքվի/ դեմ տարածքային պահանջների ակնարկ։ Նաև պահանջում է Երևանին ընդունել անվտանգության երաշխիք հանդիսացող ուժի տեղակայումը միջանցքում, որը կապահովի ադրբեջանցիների տեղափոխումը ադրբեջանական կողմից վերահսկվող Նախիջևանի ինքնավար հանրապետություն, տարածք, որը չունի Ադրբեջանի հետ ընդհանուր սահման և գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև:

Եվ մինչ երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիրը կարծես դեռ հեռու է ստորագրումից, Հայաստանը, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը։

Դեսպան Մկրտչյան

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, կարող եմ ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, և Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ այդ համագործակցությունը խորացնելու համար։ Եվրոպական կողմից կա փոխադարձ պատրաստակամություն, և մենք տեսնում ենք, որ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանը եվրոպական երկիր է։ Անշուշտ, իր արժեքներով, մարդու իրավունքների, խոսքի ազատության և բոլոր ժողովրդավարական հատկանիշներով Հայաստանն ավելի առաջ է, քան մեզ շրջապատող շատ երկրներ։ Ուստի երկրի համար եվրոպական հետագծի զարգացումն անխուսափելի է։

Ռեպորտաժ

Այնուամենայնիվ, Կովկասի այս անկայուն տարածաշրջանում սև ամպերը դեռ շարունակում են թանձրանալ, և ըստ վերլուծաբանների գնահատման՝ Ադրբեջանի բանակը, Հայաստանից շատ ավելի ուժեղ, դեռ մշակում է պատերազմի սցենարներ՝ դեպի Նախիջևան Ադրբեջանի անարգել մուտքն ապահովելու համար․ սցենար, որը կարող է հանգեցնել Հայաստանի մասնատմանն ու փախստականների զանգվածային նոր ալիքի։

Հունաստանում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031