Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել բռնի տեղահանված արցախահայերի համար սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով

Հուլիս 23,2024 17:35

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամներ Կիպրիան Իոն Լոնիտային և Ջորջ Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։

Տաթև Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ տեղեկացրեց, որ Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել բռնի տեղահանված արցախահայերի համար սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր գնահատանքը բերեց Ռումին Ուղղափառ Եկեղեցուն և Ռումինիայի իշխանություններին Հայասատնին ու արցախահայությանը ցուցաբերվող աջակցության համար։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, արցախահայերի սոցիալական, արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և գերիների վերադարձման խնդիրներին։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հյուրերին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից արցախահայերի սոցիալական, արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և գերիների վերադարձման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նորին Սրբությունը խոսեց նաև երկու երկրների սերտ հարաբերությունների մասին՝ գոհունակությամբ անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների միջև առկա դարավոր ջերմ կապերին, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներգրավվածությանը Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և երկրի զարգացման գործընթացին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ռումիանիայի իշխանություններին և Ռումին Ուղափառ Եկեղեցուն ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031