Ի տարբերություն արևմտյան երկրներում ապրող եզդի աղջիկների՝ Հայաստանում շատ քիչ եզդի աղջիկներ են կրթություն ստանում, չնայած այն հանգամանքին, որ բարձրագույն կրթություն ստանալու, մասնագիտությամբ աշխատելու ցանկությունը բավական մեծ է նրանց մոտ։ Այս մասին բարձրաձայնում է «Հայաստանի երիտասարդ եզդիներ» ՀԿ-ի նախագահ Սաիդ Ավդալյանն ու ընդգծում, որ Հայաստանում շատ հաճախ «ամուսնության նպատակով աղջիկ փախցնող» եզդի տղաները մնում են անպատիժ ՀՀ-ի իրավական համակարգի կողմից։
Սաիդ Ավդալյանն անդրադարձել է նաև եզդիների ավանդույթներին, բազմազավակության կարևորությանը, մի շարք երկրներում եզդիների նկատմամբ կրոնական-ազգային խտրականության դրսևորումներին և այլ հարցերի։
-Եզդիների պահպանողական ավանդույթներից է աղջիկների վաղ ամուսնությունը, ինչո՞վ է դա պայմանավորված և արդյոք այդ ավանդույթը փոփոխության ենթարկվելու միտում չունի, որպեսզի աղջիկ երեխաները կրթություն ստանան, աշխատեն ու հետո իրենց կամքով դիտարկեն ամուսնության հարցը։
-Նախ` սկսենք նրանից, որ վաղ ամուսնությունը եզդիների մոտ ավանդույթ չէ։ Այսօր համայնքում կան եզդիներ, ովքեր իրենց երեխաներին ամուսնացնում են վաղ տարիքից, ինչը ոչ միայն խրախուսելի չէ, այլ նաև դատապարտելի է։ Սխալված չեմ լինի, եթե հաստատակամորեն պնդեմ, որ եզդի համայնքի գրեթե բոլոր աղջիկները (եթե ոչ ամբողջությամբ) մեծ ցանկություն ունեն ստանալու բարձրագույն կրթություն, աշխատելու իրենց մասնագիտություններով։ Սակայն նրանց այդ երազանքի իրականացմանը խանգարում են մի շարք գործոններ։ Երբեմն եզդի ծնողները ցանկանում են իրենց աղջկան տալ բարձրագույն կրթության, սակայն վախենում են, որ ինչ-որ պահի իրենց աղջկան կարող են համալսարան գնալու ճանապարհին կամ պարզապես փողոցում քայլելուց փախցնել։ Այսինքն՝ մարդիկ գալիս են խնամախոսության, սակայն աղջկա ծնողները չեն համաձայնվում իրենց աղջկան ամուսնացնել, և ինչ-որ մի օր խնամախոսության եկած և մերժում ստացած տղան աղջկան փախցնում է՝ մոտ ապագայում ամուսնանալու նպատակով։ Շատ հաճախ «ամուսնության նպատակով աղջիկ փախցնող» եզդի տղաները մնում են անպատիժ ՀՀ-ի իրավական համակարգի կողմից։ Նշեմ նաև, որ «աղջիկ փախցնելու» տենդենցը մի քանի տարի առաջ շատ ավելի բարձր մակարդակի վրա էր, քան այսօր։ Պետությունը պետք է խիստ պատիժներ սահմանի այն մարդկանց հանդեպ, ովքեր կփորձեն աղջիկ փախցնել, խորտակել այդ աղջկա կյանքն ու ապագան։
Կարդացեք նաև
Այսօր եզդի համայնքում եզդիական հասարակական կազմակերպությունները լուրջ աշխատանքներ են իրականացնում այս հարցի շուրջ մարդկանց ինքնագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այստեղ անհրաժեշտ է նաև պետության միջամտությունը։ ԱԺ-ում օրինագիծ է դրվել շրջանառության՝ ամուսնության շեմը բարձրացնելու ուղղությամբ։ Սա նույնպես այդ աշխատանքների հերթական արդյունքներից մեկն է, որը, կարծում եմ, էական ազդեցություն կունենա։
Հետաքրքիրն այն է, որ արևմտյան երկրներում ապրող եզդի աղջիկների ճնշող մեծամասնությունը ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, ստանում բարձրագույն կրթություն, աշխատում են իրենց մասնագիտություններով։ Իսկ Հայաստանում, որտեղ եզդի աղջիկների ցանկությունը՝ ստանալու բարձրագույն կրթություն, աշխատել իրենց մասնագիտությունով, նույնպես բավականին մեծ է, շատ քիչ աղջիկներ են կրթություն ստանում։
Պետությունը պետք է խիստ միջոցներ ձեռնարկի այն ծնողների հանդեպ, ովքեր իրենց երեխաներին հանում են դպրոցից, չեն թույլատրում կրթություն ստանալ։ Պետությունը պետք է հետևողական լինի եզդի երեխաների դպրոցից դուրս մնալու պատճառները վերացնելու և նրանց դպրոց վերադարձնելու աշխատանքներին, ինչը, երբեմն, պետությունը շատ թերի է իրականացնում։
-Ի՞նչ սահմանափակումներ կան կանանց համար, ի՞նչ չեն կարող անել նրանք՝ ի տարբերություն հայ աղջիկների։ Եվ ի՞նչ սահմանափակումներ կան տղամարդկանց համար։
-Սահմանափակումներ, իհարկե, ցանկացած ազգում լինում են։ Օրինակ՝ եզդիներին արգելված է ամուսնանալ այլազգի և այլադավան մարդկանց հետ։ Սա շատ խիստ է դրված եզդի համայնքում, սակայն երբեմն լինում են այնպիսի դեպքեր, երբ եզդի աղջիկը կամ տղան ամուսնանում են ոչ եզդի ներկայացուցչի հետ։ Սա արժանանում է եզդի հասարակության կոշտ արձագանքի, քննադատության ու պարսավանքի։ Ինչո՞ւ։ Որովհետև եզդիական կրոնը հստակ նշում է, որ եզդի հորից ու եզդի մորից ծնված երեխան է համարվում իսկական եզդի։ Սա արվում է ազգի զտարյունությունը պահպանելու տեսանկյունից։ Արգելված է ամուսնությունը նաև եզդի աշխարհիկ ներկայացուցիչների ու հոգևորականների միջև։ Եզդի հոգևորականությունը փոխանցվում է ժառանգաբար։ Այսինքն՝ աշխարհիկ մարդը չի կարող համայնքում լինել հոգևորական, և, հակառակը։
Կան նաև այլ սահմանափակումներ ևս, այդ թվում բազմակնությունը, սննդային սահմանափակումներ (խոզի միս, կաղամբ) և այլն։
-Խոսվում է այն մասին, որ եզդի կանայք, ընտանիքում բռնության ենթարկվելիս չեն բարձրաձայնում այդ մասին։ Համայնքում շա՞տ են ամուսնալուծությունները, ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնալուծված եզդի կնոջը։
-Կանանց բռնության ենթարկող տղամարդը ազգություն չունի․ բոլոր ազգերի մեջ էլ կարող են լինել բռնարար ամուսիններ։ Եզդի համայնքում ևս կան ընտանիքներ, որտեղ ամուսինը կարող է բռնության ենթարկել իր կնոջը, ինչը ևս դատապարտելի է։ Լինում են ընտանիքներ, որտեղ կինը, ենթարկվելով բռնությունների, բարձրաձայնում է դրա մասին։
Ցավոք, եզդիական համայնքում ներկայումս ամուսնալուծությունների թիվը սկսել է ավելանալ, համեմատած նախորդ տասնամյակների։ Եզդի ազգը փոքրաքանակ ազգ է, և դրա հետ մեկտեղ պահպանողական։ Անցյալ տասնամյակներում, երբ եզդիները շատ կոմպակտ էին բնակվում, ավանդույթները շատ խիստ կարգով պահպանվում էին, ամուսնալուծությունները շատ քիչ էին լինում, իսկ լինելու դեպքում հաճախ արժանանում էին հասարակության պարսավանքի։ Մարդիկ ցանկանում էին խուսափել տարատեսակ խոսակցություններից ու բամբասանքներից իր հասցեի վերաբերյալ, և այդ պատճառով ցանկացած ձևով փորձում էին խուսափել ամուսնալուծություններից։ Իսկ այսօր, գլոբալիզացիոն աշխարհում, երբ ավանդույթները շատ դեպքերում իրենց տեղը զիջում են, հետին պլան են մղվում, ազգերը կորցնում են իրենց ազգային դիմագիծը, մարդկանց վերաբերմունքը շատ է փոխվել, և ամուսնալուծությունները շատ հաճախակի են լինում։ Դա հատկապես ակտուալ է արևմտյան երկրներում ապրող եզդիական համայնքներում։
Մարդկանց վերաբերմունքը ամուսնալուծված կնոջ նկատմամբ կախված է կոնկրետ իրավիճակից, այսինքն՝ թե ինչ պայմաններում է ամուսնալուծվել։ Եզդի հասարակությունը փորձում է ըմբռնումով մոտենալ այն իրավիճակներին, երբ կինը ամուսնալուծվում է անընդհատ բռնության և ստորացման ենթարկվելու պատճառով, այսինքն՝ նրա կյանքը դժոխային է դարձել, այս դեպքում հասարակությունը քիչ թե շատ ըմբռնումով է մոտենում իրավիճակին, չնայած կարող են լինել եզդիներ, ովքեր կպնդեն, որ պետք է ամեն գնով պահպանել ընտանիքը։
-Ի՞նչ խորհուրդ ունի եզդիների համար բազմազավակությունը։ Հիմնականում քանի՞ երեխա են նախընտրում ունենալ, և արդյոք երեխաների թիվը կապվա՞ծ է սոցիալական պայմանների հետ։
-Ցանկացած փոքրաթիվ ազգերի համար բավականին լուրջ խնդիր է դեմոգրաֆիական խնդիրը։ Նույնպես և եզդիների համար, լինելով բավականին փոքրաթիվ ազգ, նույնպես կարևոր է դեմոգրաֆիական աճը, հետևաբար համայնքի կողմից խրախուսվում է բազմազավակությունը։ Նախկինում եզդի ընտանիքներում ծնվում էին 7, 8 և ավելի երեխաներ, սակայն ներկայումս եզդի ընտանիքները նախընտրում են ունենալ 2 կամ 3, կամ ամենաշատը 4 երեխա։ Քիչ երեխա ունենալը երբեմն կապված է սոցիալական պայմանների հետ, երբեմն էլ այլ գործոններով է պայմանավորված։ Այսինքն՝ խրախուսվում է բազմազավակությունը, դեմոգրաֆիական աճը, սակայն եզդի ընտանիքը թե քանի երեխա կցանկանա ունենալ, դա արդեն նրանց ցանկությունն է։
Նախկինում եզդի ընտանիքների մեծ մասը նախընտրում էին տղա երեխա ունենալ, սակայն վերջին տարիներին եզդի զույգերի համար կապ չունի՝ երեխան տղա է, թե աղջիկ։ Սեռերի նկատմամբ մարդկանց մտածելակերպը փոխվել է։
-Եզդիների թիվը վերջին 10 տարիների համեմատ աճե՞լ է, թե՞ նվազել։
-Այսօր չունենք կոնկրետ վիճակագրություն, թե ընդհանուր առմամբ աշխարհում, իսկ ավելի կոնկրետ որ երկրում ինչքան եզդի ազգաբնակչություն է ապրում։ Ես ինքս անձամբ կխուսափեմ եզդիների կոնկրետ թվաքանակ նշել։ Շատ դեպքերում եզդիները չեն կարող ազատորեն իրենց ներկայացնել որպես եզդի, քանի որ այդ դեպքում նրանք ենթարկվում են բազմաթիվ բռնաճնշումների։ Այդպիսի իրավիճակ է հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես, Իրաքի հյուսիսային հատվածում՝ Քուրդիստանում, Իրաքի այլ հատվածներում ևս։ Այդ երկրներում ռադիկալ տրամադրված մուսուլման ազգերը շատ հաճախ բացասական վերաբերմունք ունեն եզդիների նկատմամբ՝ պարտադրելով նրանց լքել իրենց տները և բռնել արտագաղթի ճամփան։ Սակայն կարող ենք վստահաբար նշել, որ տասնամյակների ընթացքում եզդիների թիվը բավականին նվազել է, այդ թվում նաև Հայաստանում։
Եզդիները հիմնականում արտագաղթում են եվրոպական երկրներ և ՌԴ։ Հետխորհրդային երկրներում ապրող եզդիների արտագաղթը իրենց բնակության երկրներից պայմանավորված է սոցիալ-տնտեսական գործոններով, իսկ մերձավոր Արևելքի երկրներում ապրող եզդիների դեպքում սոցիալ-տնտեսական գործոններին ավելանում են նաև կրոնական-ազգային խտրականության դրսևորումները, նրանց կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիքները և այլ գործոններ։
Նարա Մարտիրոսյան
Լուսանկարը՝ Անի ՍԱՐԳՍՅԱՆԻ/«Հետք»