«Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը
Օկուպացված Արցախում ընթանում է «2nd Shusha Global Media Forum» կոչվող միջոցառումը, որին 2-րդ տարին է շարունակում են մասնակցել նաև Վրաստանից։ Ափսոսանքով պետք է նշել, որ այս տարի նույնպես նշված «ֆորում» կոչվածին մասնակցում են Վրաստանի հանրային հեռուստաալիքի (որը ֆինանսավորվում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` 180 000 հայերի վճարած հարկերով) գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավար Ռամիլա Ալիևան, որը հայտնի է իր բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշումներով:
Շատերը կհիշեն, երբ անցյալ տարի սեպտեմբերին հանրային հեռուստաալիքի շենքի դիմաց անցկացվեց 24-ժամյա նստացույց, որի ժամանակ նաև դատապարտեցինք ինչպես Թինաթին Բերձենիշվիլու այցը Շուշի, այնպես էլ հայկական բաժնի ղեկավարի պաշտոնում Ռամիլա Ալիևայի պաշտոնավարումը։
Այս ամենին զուգահեռ Ռամիլա Ալիևան իր անձնական էջով հայտարարություն տարածեց, որի տակ իրենց աջակցությունը հայտնեցին որոշ հայեր՝ «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ին և անձամբ ինձ մեղադրելով իր նկատմամբ «ազգային պատկանելիությունից ելնելով` ահաբեկչության ենթարկման մեջ»: Նույն հայտարարության մեջ կոչ է արվել Վրաստանի ՆԳՆ-ին, ՊԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը, որ մեր կազմակերպության և անձամբ իմ նկատմամբ հարուցեն քրեական գործ այն պատճառով, որ Ռ. Ալիևան հիմնավոր անհանգստություն ունի իր և իր աշխատակիցների անվտանգության վերաբերյալ։ Այդ հայտարարությունը անմիջապես հայտնվեց նաև Հանրային հեռուստաալիքի կայքէջում այն ժամանակ, երբ շրջափակված Արցախում գտնվող մարդկանց իրավիճակի մասին Հանրային հեռուստաալիքը գրեթե լուռ էր։
Կարդացեք նաև
Այս ամենին ավելացավ նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանության գրառումն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որտեղ դեսպանությունը բացահայտ աջակցություն հայտնեց Ռ. Ալիևային, ինչով ևս մեկ անգամ ապացուցեց և բացահայտեց իր դրածոներից մեկին, իսկ դեսպանատան առաջին քարտուղար Անար Ռասուլովի ջանքերով Ռամիլայի Ալիևայի հայտարարությունը մեծ տարածում գտավ Ադրբեջանում։
Անկախ նրանից, որ մի քանի տարի շարունակ մենք ահազանգում ենք Ռամիլա Ալիևայի` հայկական և ադրբեջանական բաժինների զուգահեռ ղեկավարության անթույլատրելիության մասին, ինձ համար անհասկանալի պատճառներով նա շարունակում է մնալ նույն պաշտոնում։