Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի Արցախն ազատ չի՝ չեմ լռելու, քանի Հայաստանն ամեն օր շղթայվում է, ես չեմ լռելու»․ Գերասիմ Վարդանյան

Հուլիս 23,2024 17:19

«Անցել է երկու տարի, երբ ինձ բանտից բերում էին դատարան, հենց այս դահիճում, երբ ես ասացի՝ եթե գնանք այս ճանապարհով, մենք կորցնելու ենք Արցախը։ Ու հիմա Արցախը չկա։ Ու հիմա այս դատավարությունը նրա մասին է, որ ես ինչ-որ մի լրագրողի ասել եմ՝ ինչո՞ւ է ձեր կայքում Արցախը ցույց տալիս Ադրբեջանի կազմում։ Հիմա ես չգիտեմ, ևս երկու տարի հետո կամ մի փոքր կարճ ժամանակ հետո, Հայաստան լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Հիմա էլ այս դահլիճում ասում եմ՝ եթե մենք գնացինք այս ընթացքով, այս ճանապարհով, եթե այս ամեն ինչը շարունակվեց, Հայաստանը ևս չի լինելու։ Ես էլ չգիտեմ, մյուս իմ դատավարությունը, իմ բանտարկությունը Բաքվի՞ բանտում է լինելու, թե՞ որտեղ»,- այսօր դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով, որ 2020-ից հետո երեք անգամ ընդվզում է եղել Հայաստանում, երեք անգամն էլ ինքը հետապնդման է ենթարկվել։

«Ի վերջո, այս ամեն ինչն արվում է, որ ինձ լռեցնեն, հնազանդեցնեն․ ինձ լռեցնել ու հնազանդեցնել հնարավոր է միայն ու միայն Հայաստանի ու Արցախի ազատությամբ։ Քանի Արցախն ազատ չի՝ չեմ լռելու, քանի Հայաստանն ամեն օր շղթայվում է, ես չեմ լռելու, չեմ հնազանդվելու»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ եթե որեւէ մեկն իր աչքով անգամ կտեսնի, որ ինքը պարտվել է, թող դրան չհավատա, քանի որ պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ։

Քանի որ գործով նոր պաշտպաններ ներգրավվեցին, նիստը հետաձգվեց, որպեսզի հնարավորություն տրվի նրանց գործի նյութերին ծանոթանալու։

Հիշեցնենք, դատավարությունը հիմնական դատալսումների փուլում է, իսկ դատարանը վկաների հարցաքննության փուլում է։

Նիստի ավարտից հետո, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ «Իշխող ռեժիմը հասկանում է, որ միայն այս ձեւով է հնարավոր, որոշակի ժամանակահատվածում լռեցնել շարժումը, բայց դա անհույս է։ Այս գործը սին է»։

Անդրադառնալով Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվող կոշտ միջոցներին՝ կալանք, տեսակցությունների արգելում, Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա էլ միանգամայն հասկանալի է․ իշխանությունը փորձում է առավել ակտիվ մարդկանց նկատմամբ, առավել դաժան միջոցներով գործել, բայց չեն հասկանում, որ անգամ այդ մեթոդներով չեն կարող մարդկանց լռեցնել։ Ավելին, վաղ թե ուշ, ըստ Արծվիկ Մինասյանի, իշխանությունը ստիպված է լինելու իր հակաօրինական քայլերից ետ կանգնելո։

Նա տեղեկացրեց նաեւ, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցված մեկ այլ վարույթով, ապօրինի գաղտնալսման մասին հաղորդում են ներկայացրել, բայց դեռ արձագանք չկա․ «Ավելին, իշխանությունը կարծես չի էլ թաքցնում, որ իրենք գնում են նման քայլերի եւ քանի որ իրենց գործողություններն ապօրինի են, փորձում են ձգձգել գործը»։ Արծվիկ Մինասյանն ասաց նաեւ, որ չեն ընկճվելու եւ «նիկոլական դատախազությանը» ստիպելու են գալ «քրիստոնեական դաշտ»։

Գերասիմ Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սերգեյ Հարությունյանը ևս կարծում է, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական ենթատեքստ ունի, ինչպես նախկին երկու դեպքերով էր, բայց վստահ է, որ Գերասիմ Վարդանյանին դարձյալ չեն կարողանալու ընկճել։ Փաստաբանի դիտարկմամբ, թիրախավորված են եւ ՀՅԴ-ն, եւ Գերասիմ Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031