Միջազգային օլիմպիական կոմիտեի համաժողովը Բռնցքամարտի միջազգային միությունը (IBA) ճանաչված միջազգային ֆեդերացիաների ցուցակից հանելու որոշում է կայացրել, ինչի հետեւանքով Փարիզում օլիմպիական խաղեր 2024-ը կանցնի առանց այս կազմակերպության աշխատակիցների:
Բռնցքամարտի միջազգային միության (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը արձագանքելով ՄՕԿ-ի այս որոշմանը՝ հայտարարել է. «IBA-ն ոսկոր է ՄՕԿ-ի կոկորդում: Հիմա նրանք վնասում են մարզիկներին, քանի որ միայն IBA-ում առաջնությունների ժամանակ դրամական պարգեւատրումներ կան, միայն մեր կազմակերպությունում է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին թույլատրվում հանդես գալ իրենց երկրների դրոշով եւ օրհներգով: Մենք անկախ ու թափանցիկ կազմակերպություն ենք, որը խտրականություն թույլ չի տալիս: Իսկ ՄՕԿ-ի պաշտոնյաները իրենց պահում են ինչպես ֆաշիստ՝ ազգային խտրականությամբ կազմակերպելով մարզիկների ցեղասպանություն եւ քաղաքականացված որոշումներ կայացնելով: ՄՕԿ-ը քաղաքական մարմնավաճառ է, որը վախենում է սեփական ստվերից»,- հայտարարել է Կրեմլյովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ