Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ը, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ»-ի կողմից, ավելացնում է ներդրումները Հայաստանի վերականգվող էներգիայի ոլորտում

Հուլիս 23,2024 15:10
  • 23 միլիոն ԱՄՆ դոլարից ավել ներդրում արևային կայանների պորտֆելի մեջ
  • Ավելի քան 30 մՎտ հզորությամբ ընդհանուր արևային պորտֆել ՝ ՀՀ երեք մարզերում
  • Կայուն և բալանսավորված վերականգնվող էներգիայի ռազմավարության շրջանակում ձեռք են բերվում և վերազինվում նաև հիդրոէլեկտրակայաններ

2021 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզում գտնվող իր առաջին արևային կայանի գործարկումից մինչ օրս «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ը մեծացրել է իր արևային պորտֆելի հզորությունը ավելի քան յոթ անգամ՝ իրականացնելով նոր ներդրումներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

Ընդհանուր արևային պորտֆելի մեջ ներդրվող գումարը գերազանցում է 23 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ներառյալ հիմնադրամի սեփական կապիտալից 8 միլիոն ԱՄՆ դոլար։ Ներդրումների շնորհիվ արդեն այս տարի կայանները կհասնեն ավելի քան 30 մՎտ հզորության։ «Ամբեր Կապիտալ»-ի ներդրումային թիմն ակնկալում է, որ պորտֆելը տարեկան կարտադրի 50-55 գՎտ-ժամ «կանաչ» էլեկտրաէներգիա, որը համարժեք է շուրջ 13,000 հայկական տնային տնտեսության էլեկտրաէներգիայի տարեկան  սպառմանը։ Արտանետումների կրճատումը կազմելու է տարեկան մոտ 25,000 տոննա՝ օգնելով նվազեցնել երկրի էներգետիկ համակարգի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Բնապահպանական նկատառումներից բացի, սոցիալական և կառավարման ստանդարտները հանդիսանում են չափազանց կարևոր գործոն ներդրումային թիմի համար։ Արևային պորտֆելը կոնսոլիդացվում է մեկ հոլդինգային ընկերության մեջ, որտեղ ներդրվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձը։ Սա ներառում է արդյունավետ աշխատող տնօրենների խորհուրդ, թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ, տարեկան հաշվետվությունների աուդիտ՝ երրորդ անձանց կողմից, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են են ընկերության կայուն աճի և հավելյալ արժեք ստեղծելու համար։ Նման քայլեր վաղօրոք ձեռնարկելը կարող է ունենալ երկարաժամկետ արդյունք։ Արևային կայանների պորտֆելի շարունակական աճի շնորհիվ հոլդինգային ընկերությունը կարող է գործարքներ կատարել կապիտալի շուկաներում՝ որպես վերականգնվող էներգիայի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Ակնկալվում է, որ ընկերությունը կսկսի թողարկել պարտատոմսեր կամ կձեռնարկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO), դրանով նաև բարելավելով տեղական ֆոնդային բորսայի ցուցանիշները։ Ամեն դեպքում, ԲՍԿ ստանդարտները նախադրյալ են յուրաքանչյուր ընկերության հաջողության համար, և այդ պատճառով ներդրումային թիմը որոշում է կայացրել ներդնել դրանք ընկերության գործելաոճի մեջ հենց սկզբից՝ առանց սպասելու ապագա ցուցակման հեռանկարին։

Միայն արևային կայանները բավարար չեն վերականգնվող էներգիայի պորտֆելից բալանսավորված արտադրանք ստանալու համար, քանի որ դրանք կրում են սեզոնային բնույթ և չեն արտադրում էլեկտրականություն գիշերային ժամերին։ Այդ իսկ պատճառով 2024 թ․ Հիմնադրամը ներդրում կատարեց իր առաջին փոքր հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) մեջ՝ Լոռու մարզում։ Հայաստանում կան հարյուրից ավել նման ՀԷԿ-եր, որոնց բաժին է ընկնում երկրում արտադրված էլեկտրականության շուրջ 10%-ը։ Սակայն, այդ ՀԷԿ-երի մեծամասնությունը կառուցվել է մոտ 20 տարի առաջ՝ անհատների կողմից, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձրել հիդրոմեխանիկական սարքավորումների արդյունավետության կամ ՀԷԿ-ի՝ բնապահպանական ազդեցության վրա։ Հիմնադրամի ռազմավարությունը ներառում է հատընտիր ՀԷԿ-երի ձեռքբերում ու վերազինում, արտադրանքի ավելացում՝ ջրային ռեսուրսների կառավարման, ավտոմատացման և արևմտյան սարքավորումների ներդնման միջոցով։ Կապիտալ ներդրումների և գիտելիքի փոխանցման արդյունքում կբարձրանան ՀԷԿ-երի արտադրանքը, կբարելավվի շահութաբերությունը և կնվազի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, իսկ երկրի էներգետիկ համակարգը կստանա բալանսավորված և կայուն «կանաչ» էներգիայի հոսք։

«ԵՄ-ն հպարտությամբ է աջակցում «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի» կողմից վերականգնվող էներգիայի ոլորտում իրագործվող մեծածավալ ներդրումներին։ Այս նախաձեռնությունը միանգամայն համահունչ է ԵՄ-ի՝ Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հետ, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու և երկրի մաքուր էներգիայի ներուժին աջակցելու մեր հանձնառության հետ։ Արևային համակարգերը և հիդրոէներգիան կարևորագույն նշանակություն ունեն ոչ միայն ածխածնային արտանետումների կրճատման և էներգետիկ անկախության ու անվտանգության համար, այլ նաև Հայաստանի տնտեսության մեջ նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ Մենք վստահ ենք, որ այս ֆոնդը կենսական նշանակություն կունենա Հայաստանի ավելի մաքուր և կայուն էներգիայի ապագայի համար», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Վերականգնվող էներգիայի ոլորտում ծրագրերի խթանումը Հայաստանում ՎԶԵԲ-ի համար կարևոր առաջնահերթություններից մեկն է։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործընկեր «Ամբեր Կապիտալ»-ը շարունակական և հաջող աջակցություն է ցուցաբերում մասնավոր հատվածին այս ոլորտում։ Մաքուր էներգիայի զարգացումը կարևոր հանձնառություն է հասարակության և ապագա սերունդների համար», – նշել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

«Ամբեր Կապիտալ»-ի  գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ամփոփել է․ «Վերականգնվող էներգիան մնում է «Ամբեր Կապիտալ»-ի առաջնահերթություններից մեկը, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս ոլորտում՝ օգնելով Հայաստանին անցում կատարել դեպի ցածր ածխածնային տնտեսություն և նպաստելով երկրի էներգետիկ անկախությանը»։

«Ամբեր Կապիտալ»-ի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ը մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020 թ․-ի հունվարին Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և «Ամբեր Կապիտալ»-ի ներդրումային թիմի միջոցներով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ ներդրումներ է ներգրավել Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթից, Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր  կապիտալը հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031