Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակելով վերլուծել օրերս Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունների դրդապատճառները՝ նշեց, որ նա այդպես վարվում է, քանի որ Հայաստանից դրանց որեւէ պաշտոնական հակադարձում, անգամ արձագանք չկա:
«Ալիեւը Հայաստանը կոչում է արեւմտյան Ադրբեջան: Դա ցույց է տալիս, որ ինքը չի ճանաչում Հայաստանը կամ Հայաստանի որոշ հատվածներ՝ Պրահայի հայտարարությունից հետո: Նա ուզում է այս նարատիվն առաջ բրդել եւ խառնել Ղարաբաղի թեմայի հետ: Հայաստանի Հանրապետությունը պետք է ասի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այո, կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ հայերն այնտեղ մի քանի հազար տարի ապրել են, ծնվել, մեծացել, հայերեն լեզվով դաստիարակվել եւ ունեցել ապրելու իրենց կանոնները: Եվ այո, նրանք կարող են վերադառնալ, որովհետեւ նրանց համար այլ կարգավիճակ է եղել՝ ինքնավարություն:
Այստեղ շատ կարեւոր հանգամանք կա, որ Ալիեւն էլի ուզում է խառնել: Ադրբեջանցի ցանկացած մարդ, խումբ՝ 10, 20 ընտանիք, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունում, նրանք ինքնավարություն չեն ունեցել, կարգավիճակ չեն ունեցել: Իսկ Լեռնային Ղարաբաղում եղել է ինքնավարություն Խորհրդային Միության սահմանադրությունով: Հետեւաբար, այս հարցերը հնարավոր չէ խառնել: Ուրեմն, պետք է Ալիեւին եւ միջազգային հանրությանը պատասխանել՝ այսպես դետալավորված, այսպես բլոկ-բլոկ դասավորելով:
Կարդացեք նաև
Ադրբեջանից վտարված փախստականները, որ այսօր Հայաստանում են եւ այս 30 տարվա մեջ Հայաստանից դուրս են գնացել, դա խնդրի մի հատված է, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը՝ խնդրի այլ հատված: Բայց մենք Հայաստանից հիմա չունենք այս խնդրի որեւէ հատվածի հստակ պատասխան: Ընդամենը սոցիալական ցանցերում քննարկումներ են, թե ինչպես պատասխանենք: Ուղղակի այս փաստերը պետք է դրվեն Ալիեւի եւ միջազգային հանրության առջեւ:
Մյուս հանգամանքը, որն ուզում եմ ներկայացնել: Տեսեք Ալիեւն ինչ է ասում: «Արեւմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների եւ նրանց սերունդների թիվն այսօր միլիոնների է հասնում: Եթե դրան մոտենանք Ադրբեջանի շրջանների համատեքստից, ապա սա բնակչության թվով մեր երկրի ամենամեծ շրջանն է: Այսինքն, ասում է, որ Հայաստանը ադրբեջանցիների վերադարձի համար իրենց շրջաններից մեկն է: Եթե ասում են արեւմտյան Ադրբեջան, իրենք համարում են Ադրբեջանի շրջան, որտեղ կարող են վերադառնալ բոլոր նրանք, ովքեր գնացել են եւ նրանց սերունդները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մասին է խոսքը:
Այս հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում, բայց իր ճանաչումը ստացել է Հայաստանից: Եվ դրա արդյունքում հասել է նրան, որ այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա, որ նման իրավիճակ է Կիրանցում, որ ունենք ինքնիշխան Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներ:
Օրերս իմ հարցազրույցներից մեկում ասել էի, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին առաջարկել ստորագրել ինչ-որ սկզբունքների փաստաթուղթ, որը խաղաղության պայմանագիրը չէ: Այսինքն, որ այդ փաստաթղթի համաձայն չճանաչի Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը շրջափակումից դուրս չգա, ինքը օկուպացված տարածքներից դուրս չգա, ինքը մեր ռազմագերիներին ազատ չարձակի: Բայց ասում է՝ մինչեւ նոյեմբեր եկեք մի փաստաթուղթ ստորագրենք, որ մենք կունենանք դիվանագիտական հարաբերություններ: Այսինքն, հավատարմագրված դեսպաններ, որոնք կնստեն, օրինակ, Թբիլիսիում:
Այդ դեպքում Ալիեւը ամբողջ աշխարհին կասի, որ ինքը ոչ մի էթնիկ զտում չի արել, որովհետեւ եթե էթնիկ զտում արված լիներ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չէին ունենա, եթե էթնիկ զտում արած լիներ: Հետեւաբար, ոչ մի էթնիկ զտում չի եղել: Մարդիկ իրենց կամքով գնացել են:
Ես ձեզ ասում եմ այն, ինչ ասում են Ալիեւը, ադրբեջանցի դիվանագետները եւ ամեն օր բացատրում են իրենց գործընկերներին: Սա այն իրավիճակն է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում: Ադրբեջանի նկատմամբ որեւէ սանկցիա չկիրառվեց, որովհետեւ եթե Հայաստանն այդ բոլորի հետ օկ է, ուրեմն բոլորն էլ օկ են: Ո՞վ է գալու մեր փոխարեն մեր շահերը պաշտպանի:
Մեզ պետք է մեզ պաշտպանելու օրակարգ, որն այսօր չկա: Նայեք. մարդը Շուշիում խոսել է, այստեղից ձայն չկա: Ավելին ասեմ: Դեզինֆորմացիայի դեմ ֆորում է դիկտատորական երկրում, որտեղ մարդը նախագահ է ընտրվում հինգերորդ անգամ՝ 95 տոկոս ձայնով եւ որին շնորհավորում է Շարլ Միշելը: Այնտեղ Եվրամիությունից, Եվրոնյուզից լրագրող կար: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դեգրադացիայի է հասել Եվրոնյուզի այդ լրագրողը, բոլոր այն լրագրողները, որոնք գնացել էին այդ միջոցառմանը: Որեւէ մեկը չի հարցնում. լավ, Ալիեւ, Շուշիի ժողովուրդն ո՞ւր է, Ստեփանակերտի ժողովուրդն ո՞ւր է: Հայերն ինչի՞ են գնացել: Զեկույցներ կան, այս ի՞նչ ես արել, որ գնացել են:
Հայաստանն այսօր ամբողջ աշխարհին մի պրոդուկտ է ներկայացնում, թե մենք դեմոկրատիա ենք: Դրա հակապրոդուկտն էլ այն է, որ Ալիեւը դիկտատոր է: Դե ասեք, ներկայացրեք, դատապարտեք, որ ամոթ լինի գնալ Շուշի եւ Ալիեւի դեմը նստել հանգիստ դեմքով, ասես, մի տարի առաջ այստեղ ոչինչ չի եղել:
Կոնֆերանս է դեզինֆորմացիայի դեմ: Ալիեւը դեզինֆորմացիայի դե՞մ: Բոլոր ԶԼՄ-ները փակ են, լրագրողները՝ սպանված, գաղթած տարբեր երկրներ, բանտերում նստած: Իմ կարծիքով ժողովրդավարությունը անվտանգության կանխարգելիչ պրոդուկտ չի, բայց դա Հայաստանում վաճառվում է որպես այդպիսի պրոդուկտ: Լավ, օկ: Դե հիմա դա հակադրեք դիկտատուրայի հետ: ինչի՞ չեք հակադրում:
Հիմա էլ Հայաստանին հրավիրել են Բաքու՝ COP 29-ին, որը Հայաստանն է տվել Ադրբեջանին: Ու գնա մասնակցի՞ դրան: Դա կնշանակի, որ մենք մեր խղճի հետ էլ վեճ չունենք, որ էթնիկ զտում է եղել ու որեւէ բան չի կարգավորվել այդ մասով, որ մարդիկ Ադրբեջանի բանտերում նստած են: Ուզում եմ հասկանալ՝ մենք մեր խղճի հետ հանգի՞ստ ենք: Միջազգային ոչ մի գործընկեր մեզ չի հասկանում եւ չի էլ հասկանալու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ