Քանի որ BDO-ի Գործընկեր, հարկային, միջազգային առեւտրի եւ իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում ներդրումային ոլորտում կան պարզաբանման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր, որոնք անիրազեկության դեպքում կարող են դժվարություններ առաջացնել կարեւոր որոշումներ կայացնելիս, «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը:
«Լավատեսի ու վատատեսի հայտնի պատմությունն է. մասնագետը կարող է մի բան ասել, ոչ տեղյակ մարդն էլ ասել՝ ոչ մի հարց չկա: Իրականում սովորական գործընթաց է, իրավակիրառման պրակտիկա պետք է ձեւավորվի, որպեսզի հնարավոր խութերը երեւան: Կարճ պատասխան կլինի, եթե ասենք՝ դժվարություններ ու խնդիրներ իրականում կան, սակայն հարկավոր է դրանք ցուցակագրել եւ կարգավորել:
Իհարկե, նաեւ տեխնիկական որոշ հարցեր կան, որոնց այս պահին չպետք է հայտարարել որպես խնդիր, դրանք ուղղակի հարցեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն: Դրա համար, աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ցանցերից մեկի՝ BDO-ի անդամ BDO Armenia-ն եւ ստարտափների աճի ու փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ը հայտարարում են Հայաստանում Power Consulting Days ծրագրի մեկնարկի մասին: Վերջինս սեմինարների, գործնական մասնագիտական միջոցառումների շարք է, որի ընթացքում բիզնեսները կստանան բուն ներդրումների եւ հարակից այլ ուղղություններով անհրաժեշտ գիտելիք՝ հայաստանյան եւ համաշխարհային առաջատար մասնագետներից, կծանոթանան տվյալ պահին տնտեսության ընթացիկ վիճակին, ներդրումների հետ առնչվող ՀՀ օրենսդրական դաշտին եւ վերջին փոփոխություններին։
Միջոցառման առաքելությունն այն կլինի, որ մարդիկ գան, լսեն, հարցեր տան, ստանան դրա միջով անցած մարդկանցից պատասխաններ, բանավիճեն, համոզվեն, որ այդ ճանապարհով կարելի է գնալ, արդյունքում՝ հարցը կփոքրանա, ճանապարհը կլայնանա, իսկ իրենք կօգտվեն այդ միջավայրից»,-ասաց Չիլինգարյանը։
Կարդացեք նաև
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ այն թեմային, որ 2022 թ. կորպորատիվ վենչուրային կապիտալի ֆինանսավորումը հասել է 55,1 միլիարդ դոլարի, 2023-ին մասնավոր կապիտալի կողմից կառավարվող ակտիվներն ամբողջ աշխարհում հասել են շուրջ 4,7 տրիլիոն, իսկ վենչուրային կապիտալի կառավարվող ակտիվները՝ 1,2 տրիլիոն դոլարի։
Ահարոն Չիլինգարյանին խնդրեցինք օրենսդրական կարգավորումների վերաբերյալ որոշ կարեւոր շեշտադրումներ առանձնացնել:
«Մենք ունենք Ներդրումային ֆոնդերի մասին ՀՀ օրենք, որն ընդունվել է 2010 թվականին: Օրենքն ընդհանուր առմամբ «ամբողջական» է, բայց քանի որ հիմա աշխարհում նոր տեսակի ֆոնդեր կան, անհրաժեշտ է օրենքը եւս մեկ անգամ թարմացնել: Օրինակ, կրեդիտային ֆոնդեր ասվածը, որը Հայաստանում դեռ կիրառված չէ, ուստի պետք է հասկանալ՝ արդյոք այն տեղավորվո՞ւմ է եղած օրենսդրության մեջ»,-ասաց Չիլինգարյանը: Անդրադարձ եղավ նաեւ investment banking-ին եւ crowdfunding-ին, ինչպես նաեւ այլընտրանքային ներդրումներին:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, այլընտրանքային ներդրումները համեմատաբար նոր բան են Հայաստանի համար, որոնք մեր երկրի տնտեսական աճն ապահովելու եւ սնուցելու ներուժ ունեն: Նշեց, որ այլընտրանքային ներդրումների այլ աղբյուրներ, ինչպիսիք են վենչուրային կապիտալը, կորպորատիվ վենչուրային ֆոնդը եւ ուղղակի ներդրումները, կարող են կենսական նշանակություն ունենալ ֆինանսական էկոհամակարգի զարգացման դիվերսիֆիկացման եւ մեր երկրի հարստության վերափոխման գործում:
Նրա խոսքով, կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնց նպատակն է նոր ներդրումների հոսքի ապահովումը: Դրանք եւս կնպաստեն Հայաստանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսավորման ինստիտուտի ներդրմանը: Դա էլ իր հերթին կարեւոր գործոն կլինի կապիտալի շուկայի զարգացման համար:
Ահարոն Չիլինգարյանը խոսեց նաեւ հրեշտակ ներդրող եզրույթից. «Հրեշտակ ներդրողները մարդիկ են, որոնք սիրում են անձամբ ռիսկի դիմել, նայում են պրոյեկտները, սովորաբար մասնագիտանում են մի ուղղության մեջ, որտեղ փորձառություն եւ գիտելիք ունեն, ուղիղ են դա անում: Ինչ վերաբերում է վենչուրային ֆոնդերին, դրանց պարագայում կա «արկածախնդրության» տարրը, ռիսկերը բավականին բարձր են, մասնագիտական լուրջ գիտելիք պետք է ունենալ, պրոյեկտներն ավելի մեծ են, քան հրեշտակ ներդրողների պարագայում: Վենչուրայինի դեպքում ավելի պրոֆեսիոնալներ են, ֆոնդ է կազմակերպված, այստեղ կա գաղափար եւ պայմանական պիլոտային արտադրված նմուշ: Այդ մակարդակի վրա իրենք սկսում են հասկանալ դրա տեխնոլոգիական հեռանկարը, փորձագիտական խմբեր կան, որոնք դրա վրա աշխատում են, եթե հավանեցին՝ ռիսկի են դիմում:
Իսկ մասնավոր ներդրումային ֆոնդի պարագայում խոշոր գումարների ու կայացած աշխատող բիզնեսի մասին է խոսքը, որն ուզում է նոր բան անել, դիցուք, նոր արտադրամաս կառուցել: Հայաստանի ներկապնակը դիտարկելիս, տեսնում ենք, որ ավելի շատ վենչուրայիններ ունենք, քան մասնավոր ներդրումային ֆոնդերն են, բայց դաշտը զարգանում է:
Ի դեպ, քովիդի ժամանակ թվային գործիքներն ուժեղացան, մարդիկ սկսեցին համեմատել հայաստանյան հնարավորությունները դրսի հետ: Մեր երկիրն ավտոմատ սկսեց մրցել դրսի հետ, որոշ բաներ այստեղ են ավելի լավը, որոշ բաներ՝ դրսում: Պետք է Հայաստանում նոր տեխնոլոգիաներ ու գործիքներ կիրառել ու տեղյակ լինել աշխարհի անցուդարձից… Ընդ որում, եթե դրսի ֆոնդերում մեծանա հայկական ներդրումների տեսակարար կշիռը, դա բումերանգի նման հետ է գալու Հայաստան, բայց հարկավոր է, որ բումերանգն ընդունող լինի: Այս միջոցառումը հենց այդ դաշտի նախապատրաստման քայլերից մեկն է, մենք ցանկանում ենք 12 միջոցառումների շրջանակում, այդ հատվածում իրականացնել այդ լաբորատորիայի դերը»:
Մեր զրույցի ընթացքում, ի թիվս այլնի, արդրադարձ եղավ նաեւ միջազգային առեւտրի գծով խորհրդատվությանը, Ահարոն Չիլինգարյանը հիշեց, թե ինչպես էին համաժողովներից մեկի ժամանակ խոսում Իրանի հետ հարաբերություններն ակտիվացնելու մասին: Խոսք գնաց ԵԱՏՄ երկրների՝ Իրանի հետ ստորագրած ազատ առեւտրի համաձայնագրից: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ ներդրումներն ու առեւտուրը փոխկապակցված են. «Ներդրումները եւ առեւտուրն իրար հետ ապրող-գնացող բաներ են: Եթե որեւէ մեկը գա Հայաստանում ներդրում կատարի, որի արդյունքում այստեղ սկսեն, օրինակ, հատուկ ֆունկցիոնալ ռոբոտներ արտադրել, ապա ակնհայտ է, որ դրանք հնարավոր կլինի նաեւ արտահանել: Ներդրումից եւ բարձրորակ արտադրանք ստանալուց հետո հաջորդ քայլը, որի առումով պետք է իրենց օգնել, արտահանումը պետք է լինի: Հարկ կլինի պարզել, թե օրինակ, Չինաստանում, Սինգապուրում, Շվեդիայում կամ ասենք՝ Պակիստանում ինչ ռեժիմներ կան ապրանքների ներմուծման համար, կա՞, արդյոք, ոչ տարիֆային կարգավորում, մաքսային դրույքաչափեր, արտոնություններ, սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված ինչ պահանջներ կան… Հարցերի այդ ամբողջ շրջանակը մենք փորձում ենք պարզել եւ օգնել խորհրդատվությամբ: Վերջին երկու օրինակները վերաբերում են թռչնամիսը Հայաստանից՝ ԱՄՆ, եւ գինին՝ Եվրոպա արտահանելուն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2024